Ինչ փուլում է «Վեհարանն ազատելու համար համակարգող խմբի ստեղծումը»․ Փաշինյանը 42 օր է՝ չի պատասխանում Factor TV-ի հարցմանը
Քաղաքականություն
22.08.2025 | 16:06
«Այս պահին ո՞ր փուլում են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծված/ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները»,- Factor TV-ի այս հակիրճ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում արդեն 42 օր։
Դեռևս հուլիսի 10-ին համակարգող խմբի ստեղծման մասով գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետին։ Factor TV-ի հարցման 5-րդ օրն աշխատակազմը 30-օրյա լրացուցիչ ժամանակ էր խնդրել, որպեսզի տեղեկացնի, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հայտ է ստացվել, արդյո՞ք դրանք բավարար են խմբի ստեղծման համար, սահմանվա՞ծ է դիմելու վերջնաժամկետ և այլն։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ մասով սահմանվում է՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Ստացվում է, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ավելի քան 12 օր է խախտում է օրենքը՝ չպատասխանելով ընդամենը 4 հարցից բաղկացած գրավոր հարցմանը։ Factor TV-ն այսօր կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ փորձելով հասկանալ, ի վերջո, երբ կստանանք հարցման պատասխանը։ Խաչատրյանը նշեց, որ այս պահին արձակուրդում է՝ խնդրելով զանգահարել երկուշաբթի։ Դիտարկմանը, որ հարցումն ավելի քան 40 օր է, դեռ պատասխան չունի, Խաչատրյանն ասաց, որ այս ընթացքում վարչապետը ևս արձակուրդում է եղել։
Այսպիսով, մենք այս պահին չունենք հարցի պատասխանը՝ Փաշինյանի գրառումից ավելի քան երկու ամիս անց համակարգող խմբի աշխատանքների մասին տեղեկությունը դեռևս հավաքված չէ՞, թե՞ այլ պատճառով է վարչապետը ձգձգում հարցի հանրայնացումը։
Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն էր կատարել, առաջարկելով «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել․
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․
Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․
ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;
բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;
գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;
դ) ամեն օր աղոթում են;
ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։
Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։
Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության և/կամ զբաղմունքի մասին։
Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։
Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»,- գրել էր Փաշինյանը։
Ռոզա Վարդանյան