Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխին կախված Դամոկլյան սուրը

Լուրեր

11.01.2025 | 22:52
Վարչապետը առաջնահերթ է համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 20:13
Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
11.01.2025 | 20:08
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
11.01.2025 | 19:09
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս
11.01.2025 | 19:00
Բառի բուն իմաստով մնացել ենք դրսում`լինելով միջազգային ճանաչման երգչախումբ, անթույլատրելի է. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 18:00
Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխին կախված Դամոկլյան սուրը
11.01.2025 | 17:18
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
11.01.2025 | 16:59
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.01.2025 | 16:27
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.01.2025 | 15:55
Նավթի գներն աճել են
11.01.2025 | 15:46
Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 15:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.01.2025 | 15:00
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներ է բաշխել հայկական ակումբների միջև․ հայտնի է որքան են վաստակել ակումբները
11.01.2025 | 14:41
Տրանսպորտից օգտվելու տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում․ մանրամասնում է Երևանի քաղաքապետարանը
11.01.2025 | 14:16
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանը չունի սեփական գազ ու նավթ։ Էներգակիրների ներմուծման հարցում էլ չունի ընտրության մեծ հնարավորություն։ Ամեն դեպքում, թվում է, թե այս ամենը չպետք է կրիտիկական լինի մի երկրի համար, որ ունի ատոմային էլեկտրակայան, իսկ տարվա ընթացքում արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Բայց, արի ու տես, որ Հայաստանը ինքնուրույնաբար կարող է բավարարել սեփական էներգետիկ պահանջարկի միայն 27%-ը, իսկ արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե կեսը գեներացվում է բնական գազի հաշվին, որի 76%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Վերջինս նաև Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի՝ ուրանի ներմուծողն է։

Կառավարությունը փորձում է ավելացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասնաժինը երկրի էներգահաշվեկշռում, ՌԴ-ից զատ՝ այլ գործընկերների հետ քննարկվում են նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը։ Սակայն, էներգետիկ կախվածությունը ռուսական շուկայից ոչ միայն չի նվազում, այլ վերջին տարիներին աճ է գրանցում։

Բոլոր ճանապարհները տանում են․․․ Մոսկվա 

Հայաստանում էներգիայի զուտ ներմուծման ընդհանուր ծավալը 2022թ-ին 2010թ-ի համեմատ աճել է շուրջ 1․8 անգամ։ Սեփական էներգետիկ կարիքների բավարարման հարցում ՀՀ-ն զգալի կախվածություն ունի օտարերկրյա աղբյուրներից, ընդ որում՝ վերջին տարիներին այդ կախվածությունն աճել է․ 2010-2022թթ․ ընթացքում էներգակիրների ընդհանուր մատակարարման մեջ զուտ ներմուծվող էներգիայի մասնաբաժինը աճել է 7.2 տոկոսային կետով` կազմելով մատակարարման շուրջ 77%-ը։

Էներգիայի ընդհանուր ներքին արտադրությունը և զուտ ներմուծումը, 2010-2022 թվականներին

Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը` ավելի քան 42%-ը արտադրվում է բնական գազի հաշվին, և եթե 2010-2022թթ․ ընթացքում ջրային ու միջուկային ռեսուրսների մասնաբաժինները էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների կառուցվածքում նվազել են, ապա բնական գազինը զգալիորեն աճել է։ 2022թ-ին էներգիայի մատակարարման մեծ մասի աղբյուր է հանդիսացել գազը՝ ապահովելով ընդհանուր ծավալի 61%-ը, ընդ որում՝ 2010թ-ից սկսած այդ մասնաբաժինը աճել է 8․6 տոկոսային կետով։

Ընդհանուր առմամբ, գազը ապահովում է Հայաստանի էներգակիրների ներմուծման 76%-ը, ընդ որում՝ 2010-2022 թթ․ ընթացքում ներմուծման ծավալները գրեթե կրկնակի աճել են։ Ներմուծման առումով ամենից խոշոր գործընկերը Ռուսաստանն է, ով 2022 թ-ին էներգիայի ընդհանուր ներմուծման կառուցվածքում ունեցել է ավելի քան 77% մասնաբաժին, հաջորդում է Իրանը՝ 13․8% մասնաբաժնով։

Էներգիայի ներմուծումը ըստ գործընկեր երկրի, 2010-2022 թվականներին

2022թ-ին ՀՀ մյուս գործընկերների՝ օրինակ, Բուլղարիայի և Ռումինիայի տեսակարար կշիռը Հայաստանի էներգակիրների ներմուծման մեջ գրեթե զրոյական է եղել, 2010թ-ի համապատասխանաբար 13․6% և 11․2%-ի համեմատ։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանը նվազեցրեց էներգակիրների գները ՀՀ-ի համար, իսկ 2015թ-ին չեղարկվեցին մաքսատուրքերը, դրան հաջորդեցին այլ արտոնություններ։ Բնականաբար, սա պարարտ հող ստեցծեց Հայաստանի էներգետիկ կառուցվածքում ռուսական էներգակիրների ներմուծման մասնաբաժնի ավելացման համար․ այն 2010-2022թթ․ ընթացքում աճել է գրեթե 30 տոկոսային կետով՝ ՀՀ-ն ավելի խոցելի դարձնելով քաղաքական հարցերով, բնական աղետներով կամ այլ չնախատեսված իրադարձություններով պայմանավորված մատակարարման խափանումների դեմ։

Մի գազատարի պատմություն

Իրանից Հայաստան եկող գազատարի թողունակությունը տարեկան կտրվածքով կարող է հասնել 2․3 մլրդ խորանարդ մետրի, ինչը տեսականորեն կարող էր բավարարել Հայաստանի գազի ներմուծման ներկայիս պահանջարկի մեծ մասը։ Ընդ որում, սկզբնապես գազատարի տրամագիծը նախատեսվել էր 1,500 մմ, սակայն, ՀՀ կառավարությունը համաձայնել է այն նվազեցնել մինչև 710 մմ, ըստ որոշ տեղեկությունների, ռուսական կողմի ճնշման ազդեցությամբ, որը վախենում էր կորցնել տարածաշրջանում հիմնական գազամատակարարի իր կարգավիճակը: Այս գազատարը ներկայումս օգտագործվում է բացառապես սպասարկելու Հայաստանի և Իրանի միջև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման համաձայնագիրը։ 2009 թ-ից գործող այս համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ն ԻԻՀ-ից  ներմուծում է բնական գազ, տեղական ՋԵԿ-ում այն վերածում էլեկտրաէներգիայի և վերադարձնում Իրանին (1 խմ գազի դիմաց 3 կՎտժ էլեկտրաէներգիա)։ Ծրագրի ժամկետները պարբերաբար երկարեցվում են։ Հատկանշանական է, որ դեռևս 2016թ-ին Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԻԻՀ-ն պատրաստ է եռապատկել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, ինչպես նաև ՀՀ տարածքով գազ արտահանել դեպի այլ երկրներ։

Դեպի ՌԴ, թե՝ ԱՄՆ․ ո՞վ կլինի Հայաստանի էներգետիկ գործընկերը

Միջուկային էներգիան կարևոր դեր ունի ՀՀ էներգետիկ անկախության ապահովման համար։ 2022 թ-ին միջուկային էներգիայի մասնաբաժինը էներգիայի տեղական արտադրության մեջ կազմել է 68.6%-ը։

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկու էներգաբլոկներից մեկը գտնվում է երկարատև կանգի ռեժիմում, իսկ գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը 2021թ-ին երկարացվել է մինչև 2026թ․՝ հետագայում այն ևս 10 տարով երկարաձգելու հեռանկարով, ընդ որում՝ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներն իրականացվում է ռուսական կողմի ֆինանսավորմամբ (270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ) և տեխնիկատնտեսական աջակցությամբ, ինչը մեծացնում է ռուսական ազդեցությունը և, հետևաբար՝ ռիսկերը ՀՀ էներգետիկ անկախության տեսանկյունից։

Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները մտադիր են ատոմակայանի «կյանքը» երկարեցնել մինչև 2036թ-ը, դրանից հետո նոր ատոմակայան կամ եղած ատոմակայանի տեղում նոր բլոկ կառուցել։ Նոր ատոմակայանի կառուցման շուրջ Երևանը բանակցում է մի շարք միջազգային գործընկերների հետ, այդ թվում ՌԴ-ի և ԱՄՆ-ի։ Դեռևս անցյալ տարվա մայիսին ԱՄՆ կառավարության Եվրոպային և Եվրասիային աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը՝ ձգտելով ամրապնդել նրա էներգետիկ անկախությունը։ ՀՀ կառավարության կողմից այս պահին քննարկվող նախագծերից մեկը վերաբերում է 100-150 մեգավատ հզորությամբ փոքր մոդուլային ատոմակայանի կառուցմանը (ԱՄՆ առաջարկը): Երկրորդ նախագիծը մշակվել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից և նախատեսում է 1000-1200 ՄՎտ հզորությամբ խոշոր բլոկի կառուցում։ Մամուլում շրջանառվում են նաև տեղեկություններ ֆրանսիական և հարավկորեական տեխնոլոգիաներով աշխատող էներգաբլոկների մասին։

Տարբեր գնահատականներով՝ նոր ատոմակայան կամ ատոմակայանի նոր բլոկ կառուցելը տևում է 6-10 տարի։ Այսինքն՝ 2036թ-ին ատոմակայան ունենալու համար աշխատանքները հարկավոր է սկսել արդեն 2025-2026թթ․։ Սակայն մինչ օրս հստակեցված չէ, թե նոր ատոմակայանն ինչ հզորության է լինելու, հետևապես՝ ով կամ ինչ գումարներով է այն կառուցելու։

Ապագա կա՝ ինքնաբավ էներգետիկ համակարգի տեսլականով

Այնուամենայնիվ, Հայաստանն ունի էներգետիկ կախվածությունը մեղմելու, գուցե նաև անկախություն ապահովելու որոշակի այլընտրանքային հնարավորություններ։Այդպիսի ուղիների մշակմանն է ուղղված 2021թ-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանում է մինչև 2040թ-ն ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները՝ հատկապես կարևորելով վերականգնվող էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործումը, էներգախնայողության բարձրացումը և էլեկտրաէներգիայի ներքին շուկայի աստիճանական ազատականացումը: Մասնավորապես, ռազմավարությունը անդրադառնում է նաև նոր ատոմակայանի կառուցման և Հայաստանի ու նրա հարևանների, մասնավորապես՝ Վրաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման կապերի ընդլայնման հարցերին: Օրինակ՝ կառավարությունը նպատակ ունի Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել 1200 ՄՎտ-ի, իսկ Վրաստանի հետ զուգահեռ շահագործման հաղորդունակությունը՝ առկա 200 ՄՎտ-ից 350 ՄՎտ-ի։ Նպատակադրում կա նաև մինչև 2030 թ-ն արևային էներգիայի արտադրության ընդհանուր ծավալը հասցնել 12 մլրդ կՎտ/ժ-ի, իսկ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի։

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ էներգետիկ համակարգում կախվածության կետերն ավելի շատ են, սակայն մեծ մարտահրավերները անլուծելի չեն։ Փոքրաթիվ հենման կետերն էլ կարող են բավարար լինել ամուր կանգնելու համար, եթե սեղանին դրվեն ավելի մեծ չափաբաժնով աշխատանք, ժամանակ և քաղաքական կամք։