Թուրքական Կիպրոսում Էրդողանի կոռուպցիոն գործարքները, փողերի լվացման ցանցը բացահայտած տղամարդը Նիդերլանդներում սպանվել է
Քաղաքականություն
02.05.2025 | 17:30
Նիդերլանդների Հաագա քաղաքում հինգշաբթի երեկոյան մի տղամարդ է սպանվել մի շարք հարցազրույցներից հետո, որոնցում նա մեղադրանքներ է ներկայացրել Հյուսիսային Կիպրոսում փողերի լվացման և մաքսանենգության լայնածավալ ցանցի մասին, որում ներգրավված են Թուրքիայի ամենաազդեցիկ անձինք, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Cyprus Mail-ը։
Նիդերլանդների ոստիկանությունը հաստատել է, որ 41-ամյա թուրք քաղաքացի է սպանվել Հաագայի Ռեյսվեյկ արվարձանի հյուրանոցի մոտ, «ըստ տեղեկությունների՝ մոտ հեռավորությունից»։ Նշվել է, սակայն, որ չեն կարող պաշտոնապես հաստատել զոհի ինքնությունը։ Չնայած դրան՝ թե՛ Նիդերլանդների, թե՛ Կիպրոսի լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհը Ջեմիլ Օնալն է՝ թուրք կիպրոսցի գործարար Հալիլ Ֆալյալի նախկին ֆինանսական խորհրդատուն։ Ինքը՝ Ֆալյալը, սպանվել էր 2022 թվականի փետրվարին Կիրենիայի մոտակայքում։

Տեղական Omroep West-ի հաղորդմամբ՝ հյուրանոցի սեփականատերն ասել է, որ տեսել է «մարդու, որը մոտենում է առանց դեմքը ծածկելու, ապա կրակել է զոհի վրա ու փախուստի դիմել»։ Ականատեսը պատմել է, որ «լսել է երեք պայթյուն, ապա տեսել է, թե ինչպես է մեկը վազում»։
«Տղամարդու գոտուց կախված էր ատրճանակ, և նա ցույց տվեց այն ինձ։ Ապա վազեց իմ կողքով դեպի անտառ»,- ասել է նա։
Օնալը 2023 թվականին ձերբակալվել էր Նիդերլանդներում՝ Ֆալյալիի սպանության հետ կապված, սակայն հաջողությամբ պայքարել էր Թուրքիա արտահանձնման դեմ՝ ասելով, որ վտանգի տակ կլինի, եթե նրան վերադարձնեն երկիր։ Օնալի սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա մի շարք հարցազրույցներ է տվել կիպրոսյան Bugun Kipris լրատվական կայքին՝ Ֆալյալիի՝ Թուրքիայի կառավարության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ամենաբարձր մակարդակների հետ կապերի վերաբերյալ։
Օնալը հղում է արել «կեղտոտ փողերի լվացմանը», կաշառքներին, «կեղտոտ ցանցին» և, ըստ լրատվամիջոցի, փաստաթղթեր փոխանցել ամերիկյան և հոլանդական հետախուզությանը։ Նրա մեղադրանքների հիմքում ընկած են 45 կամ 46 ձայնագրություններ, որոնք Ֆալյալին պահել էր և մտադիր էր օգտագործել անհրաժեշտության դեպքում՝ ազդեցիկ մարդկանց շանտաժի ենթարկելու համար։
Ենթադրյալ ֆայլերից մեկը հրապարակվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Ֆալյալիի ձերբակալությունից մեկ օր անց՝ աշխատակցի վրա հարձակվելու կասկածանքով։ Այն տեսագրություն է, որտեղ այն ժամանակվա հյուսիսային Կիպրոսի «վարչապետ» Էրսան Սաներն անպարկեշտ գործողություններ էր կատարում տեսախցիկի առջև։ Այն լրատվամիջոցներին էր փոխանցվել թուրքական մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի կողմից։
Փեքերի խորհրդական Էմրե Օլուրը պնդել էր, որ տեսագրությունը ձեռք է բերել Ֆալյալիից, մինչդեռ Փեքերն ինքը պնդել էր, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդի Էրքամ Յըլդըրըմի մասնակցությամբ թմրանյութերի ցանցը փող էր լվանում Ֆալյալիի միջոցով։ Ըստ Օնալի՝ Էրդողանը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը նույնպես, ենթադրաբար, ներգրավված է անօրինական բիզնեսում, Էրդողանի վաղեմի դաշնակցի և նրա հայեցողական միջոցների նախկին վերահսկիչ Մաքսութ Սերիմի որդուն նշանակել են Թուրքիայի դեսպան Հյուսիսային Կիպրոսում՝ ձայնագրությունները վերադարձնելու նպատակով։
Յասին Էքրեմ Սերիմը նշանակվել է դեսպան անցյալ ամռանը և, ըստ Օնալի, նրան ասել են. «Բերեք այդ ձայնագրությունները և կբարձրանաք երկրում»։
Այնուամենայնիվ, հաղորդվել է, որ մինչ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտնաբերել է, որ կա, ընդհանուր առմամբ, 45 կամ 46 նման ձայնագրություն, Սերիմը վերականգնել է միայն 40-ը, իսկ մնացած հինգը պահել է իր համար։ Այնուհետև Հաքան Ֆիդանը, ըստ տեղեկությունների, ձայնագրությունները փոխանցել է հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընին, որն էլ իրավիճակի մասին տեղեկացրել է Էրդողանին: Կորած ձայնագրությունների բովանդակությունը հայտնի չէ, բայց պնդումներ կան, որ դրանցում հիշատակվում են Էրքամ Յըլդըրըմը և Հալիթ Ֆիդանը։
Օնալը պատմել է, որ Էրդողանը Յասին Էքրեմ Սերիմին կանչել է Անկարա՝ անհետացած ձայնագրությունների մասին հարցնելու, իսկ Մաքսութ Սերիմը միջամտել է՝ որդուն պաշտպանելու համար։ Ըստ լուրերի՝ Էրդողանը Մաքսութ Սերիմին ասել է, որ «լիովին կհետաքննի» մնացած ձայնագրությունների գոյությունը, իսկ մինչ այդ նրա որդուն՝ Էքրեմ Սերիմին, հետ է կանչել դեսպանի պաշտոնից։
Սերիմի պաշտոնանկության մասին լուրերը տարածվել էին փետրվարի 4-ին, սակայն նա պաշտոնապես ազատվել էր պաշտոնից երեքուկես շաբաթ անց՝ փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը նախ հայտարարել էր, որ Սերիմի ընտանիքը, Ֆալյալի ընտանիքն ու Էրդողանը գործում են միմյանց հետ համագործակցաբար և, հնարավոր է, ներգրավված են հանցավոր գործունեության մեջ։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը քննադատել էր այս մեղադրանքները՝ դրանք որակելով «հորինված» և «անհիմն», մինչդեռ երկրի արտաքին գործերի նախարարությունը խոստացել էր իրավական գործողություններ ձեռնարկել այս հարցի վերաբերյալ՝ մեղադրանքները որակելով «անհիմն» և «որևէ կոնկրետ ապացույցի վրա չհիմնված»։
Օնալի հետ հարցազրույց վարած լրագրող Այսեմդեն Աքինը հայտնել է, որ հարցազրույցների պատճառով մահվան սպառնալիք է ստացել։ Նա ասել է, որ թուրքական համարից հեռախոսազանգ է ստացել, մի կին ասել է՝ «Ես ուզում եմ պաշտպանել քեզ», նաև հավելել, որ եթե անմիջապես չդադարեցնի Օնալի հետ հարցազրույցների հրապարակումը, իրեն կսպանեն։
Աքինն ասել է, որ հեռախոսազրույցը տևել է 27 րոպե, որ ինքը ձայնագրել է այն ամբողջությամբ և ուղարկել թուրքական Կիպրոսի ոստիկանությանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի