Հավերժ հետախուզվողները․ ՌԴ փախածներին Փաշինյանը չի կարողանում հետ բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2024 | 16:23
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 15:41
Ալիևը հուսադրող է համարել սահմանազատման գործընթացի սկիզբը
19.05.2024 | 14:49
ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի մուտքը փակելու մասին
19.05.2024 | 14:45
Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 13:47
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան
19.05.2024 | 13:28
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
19.05.2024 | 12:42
ԳՇ պետը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
19.05.2024 | 12:10
Ալիևն ու Ռաիսին մասնակցել են Գիզ-Գալասի ամբարտակի բացմանը
19.05.2024 | 11:19
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2024 | 10:52
Դեսպան Աֆյանը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումում ներկայացրել է ՀՀ գործարար հնարավորությունները
19.05.2024 | 10:22
Սիսիան-Գորայք ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
19.05.2024 | 10:01
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
Բոլորը

Համալրվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված հետախուզվողների ցուցակը։ Հայաստանի դատախազությունից Factor TV-ին հայտնել են՝ դիմել են Ռուսաստանի դատախազությանը Կարեն Վանեցյանին Երևանին հանձնելու միջնորդությամբ։ Կարեն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին մեկ տարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանի եղբայրն է։ Ըստ ՌԲԿ-ի՝ նա նավթարդյունահանող ռուսական խոշոր ընկերության սեփականատեր է։ Հայաստանում մեղադրվում է փողերի լվացման համար։ Կաերեն Վանեցյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը, որոնք, ըստ իրավապահների, փաստացի պատկանել են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Հետախուզվողների ցանկը Նիկոլ Փաշինյանի իշխանության 6-րդ տարում այդպես էլ չի նոսրանում։ Կարճ ժամանակ անց Փաշինյանը Հայաստանի ընտրողից պետք է չորրորդ անգամ վարչապետ դառնալու քվե խնդրի, բայց դեռ առաջին ընտրության ժամանակ տված խոստումները կյանքի չեն կոչվել։

Անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր կաշառքի դեպքի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ տարուց ավելի․ խոսքը 14 մլն դոլար կաշառք տալու մասին է, որը, ըստ իրավապահների, վերցրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքաշինության և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։ Նշենք, որ Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանից և նրա ընտանիքից բռնագանձել շուրջ 20 գույք։

Պատգամավորն այդպես էլ չկալանավորվեց։ Լքեց հայրենիքը և, որ ուշագրավ է, Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին արված այս հայտարարությունից շուրջ մեկ տարի անց։ Այսպիսի օրինակների պակաս չկա։ Factor TV-ին առանձնացրել է ենթադրյալ կոռուպցոն ճանապարհներով հարստացած և Հայաստանից փախած ազդեցիկ անձանց ցանկը՝ պարզելու, թե նրանք Փաշինյանի՝ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու խոստումներից հետո ինչ ճակատագրի են արժանացել։

Չնայած Արամ Հարությունյանը շարունակում է մնալ երրորդ հանրապետության ամենամեծ՝ 14 մլն դոլար ենթադրյալ կաշառք ստացած և երկրից անարգել հեռացած անձը, այնուամենայնիվ, իրավապահների քթի տակից անհետանալու հարցում դեռ ռեկորդակիր է համարվում Գուրգեն Խաչատրյանը։ Ֆինանսների նախկին սուպերնախարար, մի քանի դրվագով դատվող Գագիկ Խաչատրյանի որդուն ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորելու որոշում կայացվեց մայիսի 3-ին, իսկ արդեն մայիսի 4-ին ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց Գուրգեն Խաչատրյանին գտնելու համար։ Թե ինչպես մի քանի ժամում Խաչատրյանը կարողացավ ԱԱԾ-ի տեսադաշտից անհետանալ, մնում է առեղծված։

Խաչատրյանները մեղադրվում են փողերի լվացման, անօրինական հարստանալու մի քանի դրվագներով։ Դատախազությունը Գագիկ Խաչատրյանից և նրա մերձավորներից պահանջում է բռնագանձել 250-ից ավելի անշարժ, շարժական գույք, բաժնեմասեր և 40 մլրդ դրամ, բռնագանձման ենթակա է նաև ԱՄՆ-ում ձեռք բերված այս շքեղ առանձնատունը։ Ի դեպ, «Յուքոմ» ընկերությունը, որի ղեկավար կազմում է Գուրգեն Խաչատրյանը, 2023 թվականի մայիսին հաղորդագրություն էր տարածել, որ նա օնլայն մասնակցել է ընկերության ժողովին։

Եթե հետախուզվող Գուրգեն Խաչատրյանն իր թիմի հետ է օնլայն ժողով անցկացնում, ապա ԴԱՀԿ նախկին պետ, փախուստի մեջ գտնվող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հաղորդակցվում է ոչ ավել-ոչ պակաս՝ ԱԱԾ տնօրենի հետ։

Սա, թերևս, չլսված ու չտեսնված է, երբ ԱԱԾ-ն չի կարողանում գտնել կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող Պողոսյանին, բայց ենթադրյալ հանցագործը հատուկ ծառայության ղեկավարին զանգահարելու և ուղղություն տալու հնարավորություն ունի։ Միհրան Պողոսյանը հետախուզվում է 2019 թվականից։ Դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության տարիներից կոռուպցիոն սկանդալում հայտնված Պողոսյանի «Մրգենի» ընկերությունը, ինչպես 2023 թվականին հայտնեց ԱԱԾ-ն, ներգրավված է կոկայինի ներկրման գործընթացներում։

Մինչ իրավապահները փնտրում են Միհրան Պողոսյանին, նա Ռուսաստանում ապրում է ակտիվ կյանքով, հարցազրույց է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին։ Դատախազությունն անօրինական է համարում Միհրան Պողոսյանի մեկ տասնյակից ավելի շարժական և անշարժ գույքերն ու 10 մլրդ դրամից ավելի գումարը։

Ի դեպ՝ Հայաստանում արդարադատությունից խուսափողների մի մեծ բանակ ապաստան է գտել հենց Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ մամուլում հրապարակված վերջին տեղեկությունների՝ նրանց  թվում է նաև Սերժ Սարգսյանի փեսա, աներոջ նախագահության տարիներին Սուրբ Աթոռում դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանը։

Նիկոլ Փաշինյանի այս խոստումը ևս չկատարվածներից է։ 2020 թվականին Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, նա մեղադրվում է ապօրինի հարստանալու և փողերի լվացման համար։ Մինասյանին պատկանող ընկերությունը, ըստ իրավապահների, ՊՆ-ին պատկանող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ն էժան գնով ձեռք բերելով՝ պետությանը պատճառվել է մեկ մլրդ դրամի վնաս։ 2022 թվականին հայտնի դարձավ, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Ուշագրավ է, որ Հայաստանի դատախազությունն այդ մասին տեղեկացավ լրագրողների հարցադրումներից։

Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն, ՀՀ ում շարունակվում է։

Իր տեսակով հպարտացող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այժմ թաքնվում է Ռուսաստանում։ Սերժ Սարգսյանի թիմակցից Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Հարսնաքար» ռեստորանը, նրա շքեղ առանձնատունը, ընդհանուր յոթ անշարժ գույք, ինչպես նաև 16 մլրդ դրամ։ Հայրապետյանը մեղադրվում է նաև իր նախկին աշխատակիցներից մեկին առևանգելու և ֆիզիկական բռնությունների ենթարկելու համար։

Ռուսաստանում է ապաստանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նա հրապարակավ հայտնել էր, որ դասավանդում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության համալսարանում՝ այդպիսով ընդգծելով, որ չի թաքնվում, եթե հայ իրավապահները կարող են, թող գնան իր հետևից։ Մինչ օրս, սակայն, իրավապահները դա չեն արել։

Ռուսաստանում ապահով հանգրվան գտածներից են նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը, պարզվեց, ՌԴ քաղաքացի է, և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն էլ, նույն ինքը՝ Դոն Պիպոն, մեղադրվում է սպանություն նախապատրաստելու համար։ Նա ևս այժմ ՌԴ-ում է։

Հայաստանի իրավապահ համակարգից թաքնվող և Ռուսաստանում պատսպարված շուրջ մեկ տասնյակի հասնող, նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած հետախուզվողների ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը միասին պայքարում են կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարին ընդունել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու վերահաստատել այս և այլ հանցավորությունների դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցումներին ի պատասխան՝ երբևէ ուղիղ չեն պատասխանել՝ այս անձանց Հայաստանին արտահանձնելու հարցով քննարկումներ կա՞ն ռուսական կողմի հետ, թե՞ ոչ։

Եթե վերոնշյալ անձինք գտնվում են Հայաստանից դուրս և նրանց պատասխանատվության ենթարկելը խոչընդոտվում է այդ հանգամանքով, ապա քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչու է ազատության մեջ երեխաներից, ըստ Դատախազության, մանկապարտեզները խլած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Բեգլարյանին հաճախակի կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններում։ Նա Հայաստան մուտք գործելիս ձերբակալվեց ընդամենը մի քանի ժամով, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց։

Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցերրորդ տարում արված այս արձանագրումները, թերևս, մեկ բանի մասին են վկայում՝ Փաշինյանը ձախողել է նաև թալանվածը հետ բերելու իր խոստումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան