Թմրաշրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.02.2024 | 12:41Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները: Արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, ավելի օպերատիվ կդառնա կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող համագործակցության համակարգումը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ «Հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ։ Այս համատեքստում Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով։ Նախորդ տարի նախարարությունը միացել է սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային, որը նոր շունչ կհաղորդի և կնպաստի երկրների միջև համագործակցության խորացմանը, տվյալների, փորձառության փոխանակմանը»,-ասել է ՆԳ նախարարը։
Ըստ Վահե Ղազարյանի՝ ոստիկանության բարեփոխման շրջանակում փոփոխություններ են տեղի ունենում նաև քրեական ոստիկանությունում, որը թույլ կտա էլ ավելի հզորացնել կարողություններն այս ոլորտում. «Ինչպես տեղյակ եք, անցած տարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի՝գրանցելով նկատելի արդյունքներ, սակայն շրջանառության ծավալները դեռևս զգալի են, ուստի այսօր առավել, քան երբևէ, ոչ միայն միջազգային, այլև ներպետական մակարդակում կարևոր է ապահովել միջգերատեսչական սերտ և արդյունավետ համագործակցությունը»:
ՆԳ նախարարը նշել է նաև, որ այս ոլորտում իրավական առումով 2003 թ. նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորել դրա պրակտիկ, ինչպես նաև կայուն գործունեությունը, ինչն ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը։ «Հաշվի առնելով նշվածը և ի կատարումը վարչապետի հանձնարարականի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային լիովին նոր հանձնաժողով: Կարևոր է նաև այն, հանձնաժողովը ոչ միայն կենտրոնանալու է հանրային անվտանգության հարցերի, ընդհանուր շրջանառության պատկերի, ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների վրա, այլ նաև թիրախում է պահելու հանրային առողջապահության հետ փոխկապակցված հարցերը»,-ասել է Վահե Ղազարյանը:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում տարբեր մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են: Ըստ վարչապետի՝ խնդիրն այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ավելի համակարգված և միջգերատեսչական մակարդում պայքար ծավալելն է: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները: Վարչապետը նշել է նաև, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին: «Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործությունները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նաև շնագիտական ծառայությունների զարգացման, միջգերատեսչական համագործակցության կարևորությունը. «Այս առումով պետք է շատ ուշադիր լինենք և հետևողական պայքար մղենք սրա դեմ: Պրոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են: Մենք արդեն քանի՞ դեպք ունենք, որ տոննայով կամ հարյուրավոր կիլոգրամներով դեպքեր ենք բացահայտում: Սա ազդակ է, որ պետք է փոխենք մեր մեթոդները, հին մեթոդներով կարող է մեր կողքով անցնեն, մենք գլխի չընկնենք, թե ինչ է կատարվում»:
Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքից: Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է թմրաշրջանառության դեմ պայքարի՝ 2022-2023 թթ. վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան:
«Մենք առանձին վիճակագրության ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով: 106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան: Ես նաև ուզում եմ առանձնահատուկ նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը վերջին շրջանում բավականին բարդացել է՝ հաշվի առնելով, որ մեխանիզմները սկսել են փոխվել: Իրավապահ համակարգին քաջ հայտնի նախկին մեխանիզմները, ավելի պատկերավոր ասեմ՝ փողը տվեցին, թմրանյութը վերցրեցին, և օպերատիվ մարմինը գնաց բռնեց՝ այլևս գրեթե գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առքուվաճառքը: Եվ իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ, մեր գնահատմամբ այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է, նոր մեթոդիկայի մշակման փուլում»,-ասել է Արգիշտի Քյարամյանը:
ՔԿ նախագահը նշել է, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել. «Մենք անցած տարվա ընթացքում 150-ից ավելի թելեգրամյան հարթակներ ենք բացահայտել, մեր գործընկերների հետ համատեղ 8 սենյակ-լաբորատորիաներ բացահայտել։ Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան։ Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել՝ քննչական ճանապարհով անցած տարի 30 թելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»:
Արձագանքելով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը. «2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք: Դա բավականին մեծ արդյունք է և համեմատած 2022- հետ՝ բավականին լավ ցուցանիշներ ենք ապահովել»:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ: