Թուրքիայի շահերը հավասարակշռելիս Էրդողանը լարի վրայով քայլում է Արևմուտքի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ վտանգներ ստեղծելով․ Al Monitor-ի անդրադարձը
Քաղաքականություն
18.12.2023 | 23:30Մինչ Գազայում հակամարտությունն արդեն երրորդ ամիսն է՝ ձգվում է, ճնշում է գործադրվում Անկարայի վրա՝ վերանայելու հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ, քանի որ Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկում՝ սահմանափակելու խմբավորման ֆինանսական միջոցները, իսկ Իսրայելը ծրագրում է հետապնդել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին օտար երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Այս մասին գրում է Al Monitor-ի սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինը։
Ըստ նրա՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, տեսան, որ իրենց հաշվարկները խափանվեցին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, և Իսրայելը պատասխանեց Գազայի հատվածում դաժան պատերազմով: Հակամարտությունը խաթարել է Իսրայելի հետ կապեր հաստատելու՝ Սաուդյան Արաբիայի ջանքերը, այն նաև կանգնեցրել է Իսրայելի հետ Թուրքիայի վերջերս կարգավորվող հարաբերությունների թափը: Քանի որ Գազայում կորուստները հասել են աղետալի չափերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է ի սկզբանե որդեգրած զգուշավոր մոտեցումից։ Բայց, չնայած Իսրայելի դեմ իր զայրույթին, նա չի խզել դիվանագիտական և առևտրային կապերն այդ երկրի հետ:
Մինչ Էրդողանի պնդումը, թե «ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատագրական խմբավորում», հայտնվել էր միջազգայնորեն լուրերի գլխագրերում, Թուրքիայի ներքին բանավեճը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչու չեն խզվում առևտրային և դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: ՀԱՄԱՍ-ի պաշտպանության և Իսրայելին թուրքական ապրանքների շարունակական մատակարարման միջև հակասությունը բարդ դրության մեջ է դրել Էրդողանին՝ սոցիալական ցանցերում հաճախակի կրկնվող հեգնանքի տեղիք տալով, որ Թուրքիան «աղոթքներ է ուղարկում Պաղեստին և նավեր՝ Իսրայելին»:
Ըստ հոդվածագրի՝ այս հակասությունը շաղկապվում է Էրդողանի պրագմատիզմի հետ և նրան տալիս է երկկողմանի խաղ վարելու հնարավորություն: Բոլորը, կարծես, արդեն հասկացել են, որ Էրդողանը չի ցանկանում օգտագործել իր տրամադրության տակ եղած քաղաքական, տնտեսական և դիվանագիտական միջոցներն այնպես, որ կարողանա իսկապես վնասել Իսրայելին։
Հոդվածագիրը նշում է, որ եթե նույնիսկ Էրդողանի բանավոր աջակցությունը ՀԱՄԱՍ-ին չի վերածվել իրական օգնության, Անկարան վերջերս ենթարկվում է երկու կողմերի ճնշմանը՝ ՀԱՄԱՍ-ի դրամահավաքը զսպելու՝ ԱՄՆ-ի ջանքերին և Պաղեստինից դուրս բնակվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու՝ Իսրայելի ենթադրյալ ծրագրերին: ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան «հայտնի վայր» է ՀԱՄԱՍ-ի դրամահավաքի սխեմաներում։
Պատասխանելով Վաշինգտոնի մտահոգությունների մասին հարցին՝ Էրդողանն ասել է, որ «երբեք չի կարող ՀԱՄԱՍ-ին ընդունել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ անկախ նրանից, թե ինչ են ասում այլոք»: Սա նշանակում է, որ Անկարան որևէ միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չի զգում, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի դիտարկում որպես ահաբեկչական խմբավորում։ Նշվում է, որ քիչ հավանական է, որ Անկարան ՀԱՄԱՍ-ը դասակարգի որպես ահաբեկչական խմբավորում որևէ այլ կառավարության դեպքում: Դա, սակայն, չի նշանակում, թե խմբի նկատմամբ զրոյական միջոցներ են ձեռնարկվելու։
Անցյալ շաբաթ Էրդողանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «շատ ծանր» և «անվերականգնելի» գին կվճարի, եթե թուրքական տարածքում թիրախավորի ՀԱՄԱՍ-ի անդամներին: Դեռևս հուլիսին Թուրքիայի հետախուզական ծառայությունը, ըստ տեղեկությունների, հայտնաբերել էր Մոսադի հետ կապված բջիջ, որը բաղկացած է երկու թուրք և հինգ արաբ անձանցից: MIT-ի մեկ այլ օպերացիա էլ չեզոքացրել էր Իրանի դեմ Մոսադի գործունեության հետ կապված բջիջը։
Լրատվամիջոցը նշում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Էրդողանը փորձել է փոխհատուցել այն վրդովմունքը, որը Թուրքիան պատճառել է պաղեստինյան կողմին՝ խնդրելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին և նրա շրջապատին հեռանալ Թուրքիայից հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելական քաղաքները գրոհելուց անմիջապես հետո:
Պաղեստինյան աղբյուրները լրատվամիջոցին ասել են, որ ՀԱՄԱՍ-ի անդամները զայրացած են, թեև նրանք ձեռնպահ են մնացել Թուրքիային քննադատելուց: ՀԱՄԱՍ-ը գնահատում է Էրդողանի ջանքերը, երբ նա անցյալ ամիս ազատ արձակեց թաիլանդցի պատանդներին։
Թվում է, թե Էրդողանն ավելի զգուշավոր է դառնում ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների նկատմամբ՝ չցանկանալով է՛լ ավելի լարել հարաբերություններն Արևմուտքի և այրել կամուրջները Իսրայելի հետ: Անկարան ձգտում է գնել ամերիկյան F-16 կործանիչներ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման դիմաց։
Ստամբուլում գտնվող ՀԱՄԱՍ-ի հետ կապված պաղեստինյան աղբյուրն ասել է, որ խմբավորման ներկայությունը Թուրքիայում մինչև հոկտեմբերի 7-ն արդեն դարձել է Թուրքիայի և Իսրայելի միջև քննարկման թեմա հարաբերությունների կարգավորման գործընթացում: Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ հարաբերություններն այժմ դառնում են խնդրահարույց, որը պահանջում է զգուշություն, ներառյալ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամների՝ Թուրքիայում ստվերում մնալու անհրաժեշտությունը։ Աղբյուրն ասել է, որ չնայած նախնական որոշ տատանումներին՝ ուշադրություն չգրավելու սկզբունքը պահպանվել է հոկտեմբերի 7-ից հետո, և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները շարունակել են մնալ Դոհայում Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։ Նրա կարծիքով՝ նոյեմբերի վերջին Իրանի նախագահի՝ Թուրքիա այցի չեղարկումը պայմանավորված էր Էրդողանի՝ «դիմադրության առանցքի» հետ կողք կողքի գործելու և Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Իրանի ճնշման դեմ գործելու դժկամությամբ։
«Կա կոշտ խոսող Էրդողան, բայց երբ մենք նայում ենք, թե ինչ է նա անում, նա չի կարողացել անել այնքան, որքան լատինաամերիկյան մի երկիր: Մեզ համար սա կատարյալ կեղծավորություն է»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ նավթ, վառոդ և պողպատ են տեղափոխում Թուրքիայից Իսրայել, իսկ Էրդողանը փորձում է ամպագոռգոռ խոսքերով փրկել դեմքը։ Ըստ նրա՝ Թուրքիան այսօր Իսրայելին բոլոր տեսակի ապրանքների ամենաարագ մատակարարն է։
«Գազայի հատվածում նրանց ձեռքերն արյունոտ են»,- ասել է աղբյուրը։
Ըստ Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Ահմեդ Դավութօղլուի՝ հոկտեմբերի 7-ից ավելի քան 350 բեռնատար նավ է Թուրքիայից մեկնել Իսրայել, որոնց մեծ մասը ղեկավարվում են գործարարներով, որոնք ուղիղ կապ ունեն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։
Ի պատասխան քննադատության՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի հետ «երբեք չեն եղել պաղեստինյան արդար դատի դեմ»։
Պաղեստինյան աղբյուրն ակնկալում է, որ Էրդողանը չի ցանկանա պահել Իսրայելի կողմից հետապնդվող ՀԱՄԱՍ-ի անդամներին՝ խուսափելու քաղաքական խայտառակությունից։ Դրամական հոսքերի առումով էլ նա դժվար թե դադարեցնի ՀԱՄԱՍ-ի գործունեությունը, սակայն զգույշ կլինի՝ խուսափելու ԱՄՆ-ի պատժամիջոցներից։
Էմմա Չոբանյան