Ֆրանսիան զինում է Հայաստանին և նոր պատերազմի նախապատրաստում․ Ալիև
Քաղաքականություն
21.11.2023 | 12:17Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, թե Փարիզը «խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին»։
«Ֆրանսիան վարում է ռազմականացման քաղաքականություն։ Զինելով Հայաստանին՝ խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում՝ հող նախապատրաստելով մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»,- ասվում է ուղերձում։
Ալիևը կրկին մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակը չարաշահելու և կողմնակալ քաղաքականություն վարելու համար։ Ըստ նրա՝ Փարիզը «աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները որպես ճնշման միջոց այլ պետությունների դեմ»։