111 տարի անց բրիտանական BP-ն հեռանում է Թուրքիայից
Քաղաքականություն
17.11.2023 | 22:39Բրիտանական BP նավթագազային ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Vitol’s Petrol Ofisi ընկերությունը համաձայնել է գնել BP Plc-ի բենզալցակայանները Թուրքիայում։
Vitol-ի դուստր ձեռնարկությունը կընդլայնի իր թուրքական մանրածախ ցանցը 770 կայանով՝ հասցնելով ավելի քան 2,700-ի: Գործարքը, որի հաստատումը ընկերություններն ակնկալում են կարգավորող մարմնի կողմից ստանալ 2024 թվականին, ներառում է նաև BP-ի մասնաբաժինը ATAS Anadolu Tasfiyehanesi նավթային տերմինալում: Ձեռքբերման պայմանները չեն բացահայտվել:
ATAS տերմինալի մասնաբաժինը նաև լրացուցիչ կշիռ է տալիս նավթի տարածաշրջանային շուկաներում։ Vitol-ը հումքի զգալի գնորդ է, որը հասնում է Սև ծով CPC խողովակաշարով:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ BP-ն բաժնետոմսեր ունի նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։
BP-ն Թուրքիայում գործում է 1912 թվականից։ Նշվում է, որ BP-ի՝ Թուրքիայից դուրս գալու մասին լուրերը նախկինում տարածվել էին 2015 և 2020 թվականներին, սակայն ընկերությունը հերքում էր այդ պնդումները։
Էմմա Չոբանյան