Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.11.2026 | 15:25«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկման ընթացքում ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, TRIPP նախագծին և Ադրբեջանի հետ հարաբերությունների ապագային:
Խոսելով տարածաշրջանային տեղաշարժերի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն այն է եղել, որ երկիրն իրեն դուրս է դրել տարածաշրջանային գործընթացներից: Նրա գնահատմամբ՝ անընդունելի է այն մոտեցումը, թե հայկական կողմը պետք է հնարավորություն ունենա տեղաշարժվելու, իսկ հարևան երկրի քաղաքացիները՝ ոչ:
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղաշարժվել, իսկ մեր հարևան երկիրը պետք է չկարողանա այդտեղ տեղափոխության հնարավորություն ունենալ, էլ ավելին՝ վճարի դրա համար», – ընդգծել է Սիմոնյանը՝ հավելելով, որ չպետք է ստեղծվի իրավիճակ, որտեղ Հայաստանն ընկալվի որպես օտար տարր սեփական տարածաշրջանում:
Սիմոնյանի ընկալմամբ՝ խաղաղության ամենագործնական արտահայտումներից մեկը փոխադարձ առևտուրն ու համատեղ տնտեսական շահեր ունենալն է:
Նա նշել է, որ Հայաստանը, օրինակ, Վրաստանի հետ նույնպես չունի ստորագրված խաղաղության պայմանագիր, ինչը չի խանգարում բնականոն հարաբերություններին, թեև դա չի նշանակում, թե Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հանված է օրակարգից:
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ նա հիշեցրել է, որ արտատարածքային և Հայաստանի ինքնիշխանությունից դուրս միջանցք տրամադրելը սկզբունքային «կարմիր գիծ» է եղել իշխանությունների համար:
Սիմոնյանը շեշտել է, որ TRIPP-ը միաժամանակ տնտեսական, դիվանագիտական և անվտանգային կարևոր գործիք է, որի դերը տարածաշրջանում չպետք է թերագնահատել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամրազյան

