Ռազմական ներուժը կամրապնդի հայկական կողմի դիրքերը բանակցային սեղանի շուրջ․ Բաքվում անհանգստացած են Բորելի ուղերձից
Քաղաքականություն
15.11.2023 | 22:00Բաքվում ակտիվորեն քննարկում են ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հայտարարությունները։ Հիշեցնենք՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո Բորելը նախազգուշացնող մեսիջներ էր ուղղել Բաքվին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից պարզ է դառնում, որ Բաքուն անհանգստացած է հատկապես Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հայտարարությունից։ Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե «Հայաստանի պաշտպանունակության և ռազմական ներուժի ամրապնդումը, անկասկած, կամրապնդի հայկական կողմի դիրքերը բանակցային սեղանի շուրջ և դրանով իսկ կծառայի Երևանի համար լրացուցիչ պայմաններ առաջ քաշելուն, ինչը միանշանակ կդանդաղեցնի խաղաղության պայմանագրի ձեռքբերումը»։
Նշվում է, որ Հայաստանի ուժեղացմամբ անմիջականորեն զբաղվում է Ֆրանսիան, և որ արդեն ֆրանսիական զրահատեխնիկայի խմբաքանակը հասել է Փոթի։ Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրը չէ, որը ջանքեր է գործադրում՝ վերականգնելու Հայաստանի ռազմական ներուժը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ԵՄ այլ երկրներ նույնպես քննարկում են Երևանին զենք մատակարարելու հարցը։
Քաղաքական մեկնաբան Սուջայաթ Ահմեդզադեն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի վրա ադրբեջանական հնարավոր հարձակման մասին տեղեկատվությունը վերջերս դարձել է խոսակցության առարկա տարբեր հարթակներում։
«Թե որքանով է սա արդարացված, այլ հարց է։ Բայց Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացման մեջ այս տեղեկատվությունը նշվում է որպես առանցքային գործոն։ Մասնավորապես, Երևանը, ընդգծելով, որ կանգնած է իրական սպառնալիքի առջև, ակտիվորեն հայտարարում է Եվրամիության կողմից աջակցության անհրաժեշտության մասին։ Եվ, ըստ երևույթին, ԵՄ անդամ երկրների որոշակի հատված նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ»,- ասել է նա։
Ահմեդզադեն նշել է, թե ներկայում Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մեջ ավելի առաջնահերթ է դառնում Հայաստան-Վրաստան գիծը։
«Նախատեսվում է ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը, դիտարկվում է խաղաղության նախաձեռնության շրջանակում օգնությունը, նկատվում է նաև մարդասիրական օգնության աճ։ Վերոնշյալը Բրյուսելի և Երևանի միջև մերձեցման ցուցիչ է, որի հիման վրա Բորելը նման հայտարարություն է արել»,- ասել է նա։
Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմլին էլ ասել է, թե Բորելի հայտարարությունն անհիմն չէ։
«Փաստն այն է, որ արևմտյան հետախուզությունն աշխատում է, և նրանք լիովին տեղյակ են Բաքու-Մոսկվա կապերի և համատեղ ծրագրերի մշակման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ղարաբաղում ռազմաքաղաքական գործընթացները տեղի են ունեցել ոչ միայն Իլհամ Ալիևի անձնական կամքի արդյունքում։ Ռուսաստանը կանաչ լույս է վառել ու ինչ-որ բան ստացել Ադրբեջանից։ Մենք հիմա չգիտենք՝ կոնկրետ ինչ։ Հնարավորություններից մեկն էլ Ադրբեջանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելն է։ Իսկ սրա համար կրկին հնարավոր է պատերազմ։ Հավանաբար, ԵՄ պաշտոնյաները Բորելի գլխավորությամբ տեղյակ են իրավիճակին, սակայն վերջին կետը դեռ դրված չէ»,- ասել է նա։
Ըստ Ազեր Գասիմլիի՝ Ռուսաստանն առանց պատճառի աչք չէր փակի այն փաստի վրա, որ Ադրբեջանը ռազմական շքերթ է անցկացրել Ստեփանակերտում։
«Նրանք ինչ-որ բան են ուզել դրա դիմաց: Բնականաբար, ոչ ոք չի կարող վիճարկել, որ Ստեփանակերտն Ադրբեջանի տարածքն է։ Բայց հետաքրքիր է՝ մեզանից ի՞նչ են ուզել դրա դիմաց։ Ի վերջո, անվճար պանիրը միայն մկան թակարդում է»,-ընդգծել է քաղաքագետը։
Հիշեցնենք՝ Ժոզեպ Բորելը խոսել էր Հայաստանում ԵՄ առաքելության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից այլ աջակցության մասին։
«Մենք որոշել ենք ամրապնդել առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով ծառայողների և պարեկների թիվը ամենախոցելի սահմանային շրջաններում։ Եվ մենք կդիտարկենք Հայաստանին հնարավոր աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը։ Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա անհրաժեշտ է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը»,- ասել էր Ժոզեպ Բորելը։
Արձագանքելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Բորելի հայտարարությունները՝ նշելով, թե «նա միտումնավոր խեղաթյուրում է տարածաշրջանում իրողությունները, որոնք անադեկվատ են և անընդունելի»։
Էմմա Չոբանյան