Ոսկու կուրացնող փայլը․ ինչպես հեղափոխական իշխանությունը հաստատեց «կոռուպցիոն» կառավարության որոշումը. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

21.11.2024 | 17:30
Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ու Իսրայելի նախկին պաշտպանության նախարարին կալանավորելու օրդեր է տվել
21.11.2024 | 17:22
Քննարկվել են հայոց լեզվի զարգացման միտումները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում
21.11.2024 | 17:10
Վրաստանի նոր գումարման խորհրդարանը աշխատանքը կսկսի՝ չնայած Զուրաբիշվիլիի կողմից ՍԴ ներկայացված հայցին․ Պապուաշվիլի
21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
Բոլորը

«Գիլաս հյուրասիրվեք։ Էս տարի գիլաս ենք ուտում, մյուս տարի թույն ենք ուտելու, թույն»․ Ամուլսարի ստորոտին գտնվող Գնդեվազում ահով են սպասում ոսկու հանքի աշխատանքի մեկնարկին։

Ամուլսարը, որ ամուլ էր համարվում, արդեն տարիներ շարունակ մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։ Սար տանող բոլոր ճանապարհները փակ են։ «Լիդիան Արմենիա» ընկերության անցակետերը ճանապարհների սկզբնամասերում են և թույլ չեն տալիս դեպի հանք գնալ։ Այնտեղ նկարահանում կատարելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որն ընկերությունը մերժում է։

Ամուլսարի ընդերքում ոսկու մեծ պաշարներ են՝ առնվազն 70 տոննա ոսկի, որի արդյունահանման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պայքարում է ավելի քան 15 տարի։

Հանքի աշխատանքի դեմ տարիներ շարունակ դժգոհող հանրությունը, բնապահպանները խորը շունչ քաշեցին 2018-ին․ իշխանության փոփոխությունը նրանց մոտ հույս էր արթնացրել, որ ժողովրդավար պետությունում կմերժվի, իրենց բնորոշմամբ՝ նախկինների կոռուպցիոն որոշումը և հանքարդյունահանման թույլտվությունը կչեղարկվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին իշխանությունը ստանձնելուց հետո փնտրտուքի մեջ էր՝ Ամուլսարի հանքը կարո՞ղ է աշխատել, թե՞ չի կարող աշխատել, ինչպե՞ս աշխատի, որ չվնասի հեղափոխական կառավարության վարկանիշը։

Սակայն փաստերը քննվեցին, կրքերը թեժացան, հարցերը տվեցին, բացերը գտնվեցին, Ամուլսարի պահապանների հետ նույնիսկ պարեցին, բայց, ի վերջո, նախորդ՝ հեղափոխականների բնորոշմամբ՝ «հանցավոր ռեժիմի» որոշումը, որ Ամուլսարի հանքը պետք է աշխատի, թողնվեց անփոփոխ։

Ինչպես սկսվեց․ պատմական ակնարկ

«Լիդիան Արմենիան» (նախկինում՝ «Գեոթիմ») հիմնադրվել է 2005 թվականին։ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունը ստացել է 2016-ին և նույն տարում էլ ստացել հանքարդյունահանման վերջնական թույլտվությունը։

2018-ի ամռանը, երբ հանքավայրի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին էին մոտենում, հարակից համայնքների բնակիչներն ու բնապահպանները փակեցին հանք տանող ճանապարհները։

Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Գործը, սակայն, կարճվեց 2021 թվականի դեկտեմբերին: Անհետևանք մնաց նաև կառավարության պատվերով «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմի իրականացրած փորձաքննությունը, որի համար բյուջեից հատկացվել էր 400 հազար դոլար։ 2019-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ծախսը տեղին համարեց․  «Այդ 400 հազարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար։ Եվ ես չեմ համարում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»։

«Ճշմարտության» հանգրվանը

Իսկ ճշմարտությունն այն է, որ «Էլարդը» «Լիդիանի» ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը որակեց «թերի, ոչ ամբողջական ու անվստահելի»: Չնայած դրան՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023-ի փետրվարին 250 մլն դոլար արժողությամբ հուշագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ ու հայտարարեց՝ այլևս խոչընդոտներ չկան, հանքը շահագործվելու է։

«Կառավարությունը ստանալու է բաժնետոմսերի 12.5%-ը, և դրա դիմաց չի վճարելու որևէ բան։ Փոխարենն ապահովելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը»,- ասաց Քերոբյանը։

Թե ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը և ինչպե՞ս է իրականացվելու այդ «ապահովագրումը», Քերոբյանը շատ չի մանրամասնում։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարը նշել է․ ««Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5% բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը տրամադրման արդյունքում՝ կառավարությունը, չունենալով ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու մասով որևէ պարտավորություն, իր լիազորությունների սահմաններում և գործող օրենսդրության շրջանակներում կձեռնարկի միջոցներ՝ «Լիդիան» ընկերության կողմից ծրագրի անխափան իրականացումն ապահովելու համար, ինչպես նաև կաջակցի օրենսդրությամբ գործող կարգով, ծրագրի համար թույլտվությունների (լիցենզիաների) տրամադրման, երկարաձգման, վերսկսման հարցում»:

«Էլարդի» փորձաքննությունը, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցավ նաև Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշման վրա։

Նախարար Հակոբ Սիմիդյանը կարծում է, որ նոր փորձաքննական եզրակացության անհրաժեշտություն չկա։ Ի պատասխան մեր հարցման՝ նա հղում է արել իրավական կարգավորումներին՝ ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 22-ի N428-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետին և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածին և նշել․ «Իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ իրավական նորմերով նախատեսված հետևանքները վրա են հասնում օրենքի ուժով՝ այդ նորմով սահմանված վավերապայմանների առկայության դեպքում: Տվյալ դեպքում փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու՝ օրենքով սահմանված իրավական հիմքերը բացակայում են, ինչի արդյունքում բացակայում է նաև նոր փորձաքննական եզրակացության պահանջը»:

Ճշմարտությունը, սակայն, փոքր-ինչ այլ է։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածը թվարկում է փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը, որոնք «Լիդիան»-ին վերագրելի չեն, բայց նույն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, որին հղում է արվում նաև նախարարի մեջբերած կառավարության որոշմամբ, ասում է՝ «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Մինչդեռ, Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ փորձաքննությունն իրականացվել է մոտ 10 տարի առաջ։

Ի սկզբանե բանն էր՝ հանքարդյունահանումը

Անցած տարի Հայաստանի հեղափոխական իշխանությունը փոփոխեց գործող օրենսդրական դաշտը, ինչը շատ նպաստավոր դարձավ «Լիդիան Արմենիա» ընկերության համար։ Մասնավորապես, փոփոխվեց «Ընդերքի մասին» օրենսգիրքը, և ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն այսուհետ երկարաձգվում է անհաղթահարելի ուժի հիմքով․

«1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

2.Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում, այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով»:

«Այս փոփոխությունը հակասահմանադրական է, որովհետև մարդու իրավունքները և ազատությունններն են խախտվում, հատկապես՝ ջերմուկցիների, որովհետև լսում չի եղել։ Թույլտվություն ստանալու ժամանակ Ջերմուկն ընդհանրապես ազդակիր չի համարվել։ Դարձավ ազդակիր, երբ համայնքները խոշորացրեցին։ Խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպելը սահմանադրական իրավունք է։ 4 տարվա հետադարձության ուժ են տվել հատուկ այս ընկերության համար։ Սա Սահմանադրության 73 հոդվածի խախտում է»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանը։

«Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկարացրեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը՝ 2036թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2039-ի մարտի 25-ը:

Հանքն ու «Լիդիանը»

Եվ ահա, 5 տարվա դադարից հետո, «Լիդիան Արմենիա»-ն վերսկսել է գործունեությունը։ Շինարարական շրջանի վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերը: Առաջին ոսկին նույնպես ծրագրում են ստանալ հաջորդ տարի։ Հաստատված ծրագրի ժամկետը 11 տարի է, բայց երկրաբանական տեսանկյունից ընկերության ղեկավարները հույս ունեն առնվազն 25 տարի աշխատել։ Շինարարության ընթացքում ապահովվելու է 1000 աշխատատեղ, իսկ շահագործման ընթացքում՝ 950։

Մինչդեռ, ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հստակ չեն։ Բնապահպանների պնդմամբ՝ այդ ներդրումը փուչիկ է։ Ակնկալվում է, որ կառավարության հետ ստորագրված հուշագրով 250 մլն դոլարից 100 մլն դոլարը կներդնի Եվրասիական զարգացման բանկը, որը դեռևս ուսումնասիրում է հայտը։ «Լիդիան»-ը մտադիր է 50 մլն ներգրավել տեղական որևէ բանկից, որի անունն առայժմ չի հրապարակվել։ Մնացած 100 մլն դոլարի աղբյուրը նույնպես հայտնի չէ։

Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության չորրորդ ազգային զեկույցի համաձայն՝ 2020-2021 թվականներին համայնքային բյուջեների նկատմամբ հաշվարկած վճարումներով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն առաջատար ընկերություն է, որին բաժին է ընկնում 2020թ․ ընդերքօգտագործող ընկերությունների կողմից հաշվարկված վճարումների 44․0%-ը (495 մլն դրամ), 2021թ.՝ 33․6%-ը (412 մլն դրամ):

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «Լիդիան Արմենիա»-ն 2017-2019 թվականներին 1000 խոշոր հարկատուների ցանկում է եղել, բայց տարեցտարի զիջել է դիրքերը և 16-րդ հորիզոնականից հասել 444-րդ, իսկ վերջին 3 տարիներին՝ դուրս մնացել խոշոր հարկատուների ցուցակից․ 2017 թվականին ընկերությունը վճարել է 7․8 մլրդ դրամ հարկ, 2018-ին՝ 2․3 մլրդ դրամ, 2019-ին՝ 407 մլն դրամ։

Blue and White Arrow Chart Presentation by Factor tv

Ընկերությունը խոստանում է առաջիկա 1 տարում սոցիալական ծրագրերի համար 7 մլն դոլարի ներդրում կատարել հարակից խոշորացված համայնքներում՝ Ջերմուկում, Վայքում և Սիսիանում։ Հարկերի, տուրքերի և ռոյալթիների գծով «Լիդիան»-ը պետական բյուջե է վճարելու տարեկան 75-100 մլն դոլար։

Ոսկու կորզումը կատարվելու է անմիջապես հանքի տարածքում կառուցվելիք գործարանում։ Տարեկան արտադրությունը լինելու է 7 տոննա կամ 210 հազար ունցիա։ Հանքավայրում նախնական հաշվարկված է 5 մլն ունցիա ոսկի։

Ընկերության ծրագրի համաձայն՝ Ամուլսարում ոսկով հարուստ հանքաքարը մանրացվելուց հետո փոխակրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ: Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվելու է ցիանիդի նոսր լուծույթը, այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվելու է հատուկ ավազան, որտեղից էլ մղվելու է ոսկու կորզման գործարան: Ոսկին և արծաթը կորզվելուց հետո հեղուկին ավելացվելու է ցիանիդ, քանի որ արտադրական պրոցեսում անընդհատ ավելացվելու է նոր հանքաքար: «Լիդիան»-ի պնդմամբ՝ արտաքին միջավայր հեղուկ չի գնալու, լուծույթն ամբողջությամբ նորից մղվելու է արտադրական պրոցես:

Ցիանիդային հարթակը՝ թշնամու հավանական թիրա՞խ

«Լիդիան Արմենիա»-ի պատասխանատուները տարիներ շարունակ կրկնում են՝ ցիանիդի կիրառումն անվտանգ է, արտադրական ցիկլը փակ է լինելու, կույտային տարրալվացման հարթակն ունենալու է պաշտպանիչ մի քանի շերտ՝ արտահոսքը կանխելու նպատակով:

Ընկերության պաշտոնական կայքում գրված է․ «Չնայած ցիանիդը բարձր տոքսիկ է, սակայն այն վտանգավոր է միայն սխալ օգտագործման կամ կառավարման դեպքում, ինչպես էլեկտրականությունը, պայթուցիկ նյութերը, խիստ դյուրավառ նյութերը, կենցաղում օգտագործվող զանազան միացությունները: Ցիանիդը ո՛չ կանցերոգեն է, ո՛չ էլ կումուլատիվ թույն է, չունի երկարաժամկետ ազդեցություն, քանի որ արագ քայքայվում է (սովորաբար 24 ժամվա ընթացքում) և վտանգավոր է միայն առանց համապատասխան պաշտպանության, անմիջական շփման դեպքում»:

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են՝ զարգացած երկրները ցիանիդն արգելել են, աղետի դեպքում շրջակա միջավայրին հասցված վնասը 200-500 տարի չի վերականգնվի։

«Մեր կառավարությունը հասկանալո՞ւ է, թե ինչ ռիսկի առաջ են կանգնեցնում մեր երկիրը»,- ասում է Նազելի Վարդանյանը։

Աշխարհում ցիանիդային աղետները եզակի չեն օրինակ՝ 2000 թվականին Ռումինիայի Բայա Մարե քաղաքի մոտ հանքավայրի տարածքում վթարի պատճառով ջրամբարից ցիանիդով հագեցած ջուրը լցվել է Տիսա և Դանուբ գետեր, այնուհետև՝ Սև ծով։ Սա հանգեցրեց կենդանական օրգանիզմների և բույսերի զանգվածային ոչնչացման Ռումինիայում, Հունգարիայում և Սերբիայում: Բայա Մարեի շրջակա ջրամբարների ջուրը նույնիսկ այսօր՝ 23 տարի անց, պիտանի չէ խմելու համար։ Ռումինա-ավստրալական Aurul ընկերությունը, որը շահագործում էր հանքը, այն ժամանակ սնանկության հայց էր ներկայացրել, իսկ աղետից 4 ամիս անց նորից սկսեց ոսկու արդյունահանումը, բայց այլ անունով և այլ վայրում։

Նման օրինակները շատ են Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Չինաստանում։

Ի դեպ, ցիանիդը մեր երկրում տեղափոխվելու է երկաթուղով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ հայտնեցին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին տեղի է ունեցել երկաթուղային ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 2019-ին՝ 23, 2020-ին՝ 12, 2021-ին՝ 20, 2022-ին՝ 6, իսկ 2023-ի առաջին 6 ամիսներին՝ 5 պատահար։ Ընդ որում, ոչ վաղ անցյալում՝ 2019-ին, շարժակազմի կողաշրջման 1 դեպք է արձանագրվել։

Blue and White Arrow Chart Presentation (1920 × 1080px) by Factor tv

Այսինքն՝ չի բացառվում, որ ցիանիդի տեղափոխման ժամանակ նման «փոքր» դեպքեր տեղի ունենան։ Սակայն առավել մեծ ռիսկը ներկայում, թերևս, ադրբեջանական գործոնն է։ Անցած տարի՝ 2022-ի սեպտեմբերին, Բաքուն հրետակոծում էր Ջերմուկը։ Այս տարի հունիսին սկսեցին կրակել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, թեպետ դրա սեփականատերերը բազմիցս հայտարարել են, որ այն հայ-ամերիկյան նախաձեռնություն է և տարածքում էլ ծածանվում է ԱՄՆ դրոշը։

Ուրեմն, ինչպե՞ս է ապահովվելու Ամուլսարում հանքի անվտանգությունը։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այս տարի փետրվարին Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, թե իրենց ներկայությունը կուժեղացնի տարածաշրջանի անվտանգային բաղադրիչը․ «Մեր բաժնետերերն ամերիկյան և կանադական ընկերություններ են, որոնց ներկայությունն արդեն ենթադրում է ավտանգային կոմպոնենտ՝ և՛ Ջերմուկի, և՛ այդ կողմի սահմանի, նաև Ամուլսարի համար։ Որովհետև, անկախ ամեն ինչից, մեր հարևանները հաշվի են առնում, թե ներդրումներն ում կողմից են արվում, որ երկրներն են այդ ներդրումներն անում»։

Երասխի դեպքերից հետո Ալոյանն այլ կերպ է արտահայտվում։

«Եթե այդպես մտածենք, կարող ենք բոլոր ծրագրերի մասին այդպես մտածել։ Ադրբեջանը կարող է ռմբակոծել հանրապետության բոլոր ծրագրերը։ Ես կարծում եմ՝ դա արդեն իմ մեկնաբանելու բանը չէ։ Մենք ունենք ձեռնարկություն, մենք ունենք գործ, որը պետք է անենք, մնացած հարցերն արդեն պետության հարցն են, պետությունն իր ծրագրերն ինչպես պաշտպանել է, այնպես էլ կշարունակի պաշտպանել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Ի՞նչ են մտածում ազդակիր համայնքների բնակիչները

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները տարբեր դիրքորոշում ունեն հանքի աշխատանքի կապակցությամբ։ Ընդ որում՝ դրական դիրքորոշումը հաճախ պայմանավորված է «Լիդիան Արմենիա»-ում աշխատանք ունենալու հանգամանքով։

Factor TV-ի նկարահանող խումբը շրջել է համայնքներում և լսել բնակիչներին։

«Մենք հանքարդյունաբերող չենք, մենք առողջարանային քաղաք ենք, և մեզ միանշանակ հետաքրքիր չէ հանքարդյունաբերությունը, մեզ հետաքրքիր է առողջությունը։ Եթե դա որևէ կերպ կազդի իմ ընտանիքի վրա, կողմ չեմ»,- ասում է Ջերմուկի բնակիչ Գրիգոր Հակոբյանը։

Ջերմուկի բնակիչ Վահրամ Պողոսյանի կարծիքով էլ՝ եթե հանքն աշխատի, ավելի ապահով կլինի, շարժ կլինի քաղաքում, մարդիկ կլինեն․ «Դատարկություն է այսօր, ոչ մեկը չի մտածում Ջերմուկի մասին»։

Սարավանի բնակիչ Գուրգեն Կարապետյանը նշում է, որ երբ հանքը փակեցին, երիտասարդությունը, շատերը, որ աշխատում էին այնտեղ, բոլորը գնացին համայնքից․ «Գյուղում էլ մարդ չկա, մի քանի տնտեսություն է մնում։ Մեծ սրտով ես ցանկանում եմ, որ հանքն աշխատի։ Եթե սարն աշխատեր, թուրքերը չէին հարձակվի Ջերմուկի վրա»։

Սարավանի բնակիչ Ռուզան Ասատրյանը գոհ է, որ «Լիդիան Արմենիա»-ն օգնել է գյուղացիներին, առողջապահական ծրագրեր է իրականացրել, ջերմոցներ է տվել, աշխատատեղեր է ստեղծել, նաև հողերը վարձակալել են, բայց նաև մտավախություններ ունի «Մթնոլորտի աղտոտվածությունն է, որ ասում են՝ կարող է ուրան դուրս գա, թունաքիմիկատներ օգտագործեն»։

Սարավանի բնակիչ Հովհաննես Սաֆարյանը հանքի շահագործումը «դարի թալան» է անվանում «Երկու հոգի մարդ, մեկը այ էն տունն է ապրում, ասում եմ՝ հիմա ձեզ ձեռք ա տալիս երեխադ սոված լինի որոշ չափով, բայց առո՞ղջ, թե՞ հակառակը։ Ասում ա՝ թող երեխաս կուշտ լինի, թեկուզ հիվանդ լինի։ Ցիանիդային հարթակը 190 մ բարձրություն պետք ա ունենա, այդքան որ լցնեն, մի հատ ռմբակոծություն որ լինի, ի՞նչ կլինի։ Էդ էլ թող իրենք մտածեն»։

Հանքի աշխատել-չաշխատելու հարցը համայնքներում շատերին թշնամացրել էր։ Այս իրավիճակն առավել սուր էր հատկապես Գնդեվազում։ Այստեղ բնակիչներն ասում են, որ քույր ու եղբայր, հայր ու որդի իրար դեմ էին դուրս եկել։

«Ամուլսարի աշխատել-չաշխատելը կախված է կառավարության որոշումից։ Եթե կառավարությունը որոշել է, որ պետք է հանքն աշխատի, ուրեմն կաշխատի։ Հիմա ժողովրդի կարծիքը շատ քիչ են հաշվի առնում»,- մեզ հետ զրույցում նշեց Գնդեվազի բնակիչ Ոսկան Մարգարյանը։

Նրա հարևան Գագիկ Գրիգորյանը, որը դեմ է հանքի աշխատանքին, վստահ է, որ դրա աշխատելու դեպքում այն թիրախ կդառնա ադրբեջանցիների համար։ Նա հարցադրում է անում․ «Հարցումներ արե՞լ են Ջերմուկ համայնքին։ Առանց հարցումների, Ջերմուկ համայնքին հակառակ պիտի Ամուլսարն աշխատի՞։ Մենք 3000 ստորագրություն ենք հավաքել, որ դեմ է Ջերմուկ համայնքը։ Առանց հարցում անելու ո՞նց են աշխատելու։ Թուրքերը լավ գիտեն՝ ինչով են մշակելու։ Ցիանիդով, չէ՞։ Մի հատ պայթյուն եղավ, ցիանիդը տարածվեց ամբողջ երկրով մեկ, վե՛րջ։ Կապան, Գորիս, Սիսիան, Վայոց ձոր՝ լրիվ կվերանա»։

«Լիդիանի»՝ դեռ չկատարված խոստումն ու կառավարության շահը

2023-ի հուլիսի 28-ին հրապարակվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրական շահառուների հայտարարագիրը։ ՀՀ կառավարությունն այդ շահառուների մեջ դեռ չկա։

Ընկերության ղեկավարն ասում է՝ խոսքի տերն են լինելու․ «Մենք պայմանավորվել ենք, հաշվեք՝ տված է։ Իհարկե, միանշանակ, եթե ընկերությունն ասել է, որ ծրագրի 12․5%-ը փոխանցում է կառավարությանը, ուրեմն տրված է։ Մենք աշխատում ենք թղթի վրա։ Թղթաբանության հարց է, ուրիշ ոչ մի բան»։

«Լիդիան Արմենիա»-ի 100% բաժնետերը ներկայում կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն է (2900-200 Bay Street Toronto, ON, M5J 2J1 Canada), որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: Դրանցում որևէ ֆիզիական անձ չունի 10% և ավելի բաժնեմաս և, որպես իրական շահառուներ, պետական ռեգիստրում ներկայացվել են ընկերության ընթացիկ ղեկավարումն իրականացնող անձինք: Ըստ այդմ՝ գործադիր մարմնի ղեկավարը Հայկ Ալոյանն է, մյուս 3 անձինք խորհրդի անդամներ են և իրական շահառու են դարձել 2020 թ հունվարին՝ Կանադայի քաղաքացի Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սփենսերը (Michael David Saynor Spenser՝ աշխատում է օֆշորային Բերմունդյան կղզիներում գրանցված Osisko Bermuda Limited ընկերությունում, որը փոխկապակցված է Osisko Gold Royalties-ին), Միացյալ Թագավորության քաղաքացի Ջեֆրի Էդմունդ Քոուչը (Jeffrey Edmund Couch՝ աշխատում է բրիտանական Orion risors partners ընկերությունում, որը փոխկապակցված է ամերիկյան Orion Mine Finance-ին) և ԱՄՆ քաղաքացի Վիկտոր Ֆլորեսը (Victor Flores՝ աշխատում է Orion Mine Finance ընկերությունում):

Beige Minimalist Collage Instagram Post by Factor tv

Հետաքրքիր է, որ երբ Հայաստանի կառավարությունը ստանա «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5% բաժնետոմսերը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ մասնակցելու է ընկերության շահույթի բաշխմանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ շահաբաժնի չափը կախված է հաշվետու ժամանակաշրջանում ընկերության շահույթի չափից:

Ու թեև կառավարությունը հավակնելու է «Լիդիան»-ի շահույթին, բայց ընկերության ունեցած ֆինանսական որևէ պարտավորություն չի ստանձնելու:

Մինչ կառավարությունը հաշվում է Ամուլսարի հանքավայրի շահագործումից սպասվող տնտեսական օգուտները, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է շինարարական աշխատանքներին, դատական ատյանները շարունակում են քննել ՀՀ քաղաքացիների ու բնապահպանների հայցերը։

«Հիմա դատական 3 գործ կա՝ ընդդեմ ՏԿԵՆ-ի, «Լիդիան»-ի, Շրջակա միջավայրի նախարարի։ Մտածում ենք, որ նոր հայցեր կլինեն։ Ջերմուկցիները չեն հաշտվելու դրա հետ, պայքարը լինելու է։ Գրեթե բոլոր կոնվենցիաները ոտնահարվել, խախտվել են»,- ասում է Նազելի Վարդանյանը։

Բնապահպանները մտադիր չեն դիրքերը զիջել և Ամուլսարը սար մնալու համար պայքարը չեն դադարեցնելու։ Թե ինչ քայլերի կդիմի կառավարությունը` «Լիդիան»-ին տված իր երաշխիքներն ապահովելու համար, հայտնի չէ. պաշտոնյաներն այդ մասին առայժմ գերադասում են լռել։ Հանքում աշխատանքներն արդեն սկսվել են։ Ոսկին կհանեն, կտանեն, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, ցույց կտա ժամանակը։

Գայանե Խաչատրյան