Բուենոս Այրեսից հատուկ չվերթով Երևան է ուղարկվել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը
Հասարակություն
22.10.2023 | 12:00Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը հումանիտար օգնություն է տեղափոխում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Թռիչքը կազմակերպել էին Արգենտինայի արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:
Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, ովքեր իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,- նշված է հաղորդագրությունում: