Երդում՝ առանց ընդդիմության և մեդիայի․ լրագրողական կազմակերպությունների կոչը նորընծա քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.10.2023 | 22:04Ավագանու 32 կողմ, 5 դեմ ձայներով քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությունն ընթացավ առանց լրագրողների ներկայության։ Հյուրերի մեծաթիվ քանակի պատճառաբանությամբ քաղաքապետարանն արգելել էր լրագրողների մուտքը և հորդորել օգտվել պաշտոնական հեռարձակումից։ Լրատվամիջոցներին ներկայացուցիչներին ոչ միայն քաղաքապետարան մտնել, այլև մուտքի մոտ կանգնել և հյուրերին հարցեր ուղղելն էր արգելված։
Ինչո՞ւ են նման կերպ սահմանափակում լրագրողների աշխատանքը՝ Factor TV-ն հարց ուղղեց կարմիր գորգի վրա հյուրերին սպասող Տիգրան Ավինյանին։
«12:00-ին կմտնեք»,- ասաց Ավինյանը՝ նկատի ունենալով այդ ժամին նախատեսված իր ճեպազրույցը։
Այդ ընթացքում պաշտոնյաներն ու մյուս հյուրերն արդեն քաղաքապետարանի շենքում էին․ գլխավոր հյուրը քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր, որը ժամանեց վերջում՝ կրկին անտեսելով լրագրողների հարցերը։ Փաշինյանի ժամանումից հետո սկսվեց երդման հանդիսավոր արարաողությունը․ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց՝ խոստանալով անել ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, խոստանալով ծառայել Երևանին ու երևանցուն։
Նորընծա քաղաքապետին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանում ավագանու ընտրություններին և արտահայտել դիրքորոշում: Վարչապետը ավագանի անցած ուժերից շնորհավորեց միայն «Հանրապետություն» կուսակցությանը, որի հետ, ի դեպ, ՔՊ-ն համագործակցության հուշագիր է կնքել։ Արարողությանը, վարչապետից բացի, ներկա էին հանրապետության ու Ազգային ժողովի նախագահները, նախարարներ, պաշտոնատար այլ անձինք։ Դահլիճը լեփ-լեցուն էր․ ազատ աթոռ չկար։
Արարողությունից հետո ճեպազրույցում Ավինյանն անդրադարձավ երդմնակալության ժամանակ լրագրողներին քաղաքապետարանի շենք չթողնելուն՝ կրկին շեշտելով միջոցառմանը մեծաթիվ հյուրերի ներկա լինելու փաստը։
«Հենց հիմա դուք գտնվում եք Երևանի քաղաքապետարանում և, այնուամենայնիվ, քաղաքապետարանը լրագրողների և այլ պաշտոնյաների միջև հանդիպման վայր չէ»,- շեշտեց նորընծա քաղաքապետը։
Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առնչությամբ հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները՝ պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից ներողամտություն հայցել լրագրողներից քամահրական վերաբերմունքի համար, հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն՝ լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։
Հայտարարությանը միացած Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ անընդունելի է նման մոտեցումը, և ամբողջ խնդիրն այն է, որ չեն ցանկացել՝ լրագրողները սուր հարցեր տան պաշտոնյաներին։ Հյուրերի առաջին շարքերում, ըստ Նավասարդյանի, հենց լրագրողները պիտի լինեին, և այս քայլը ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտում է։
Ավագանու հատուկ նիստին ներկա չէին նաև ընդդիմադիր խմբակցությունները։ Մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ի անդամ Գրիգոր Երիցյանն ասում է՝ երդման արարողությանը մասնակցության հրավեր չեն ստացել․ մամուլից են տեղեկացել այդ մասին։ Նա ասում է՝ միևնույն է՝ չէր մասնակցի երդմնակալությանը, քանի որ ինքն Ավինյանին լեգիտիմ քաղաքապետ չի համարում, և երկրում ստեղծված իրավիճակն էլ թույլ չէր տալիս։
Factor TV-ն քաղաքապետից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցություններին մասնակցության հրավեր չի ուղարկվել։
«Հատուկ հրավեր պետք չի, տանտիրոջը չեն հրավիրում տուն»,- ասաց քաղաքապետը։
Գրիգոր Երիցյանը հակադարձում է Ավինյանին․ «Տանտիրոջը պետք էր տեղեկացնել օրվա, ժամի, ընթացակարգի մասին, բայց մենք տեղյակ չէինք և, ինչպես տեսնում եք, դահլիճում անգամ ազատ աթոռներ չկային մեծաթիվ ընդդիմադիրների համար, մեր տեղերը զբաղեցրել էին կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուերր»։
Տիգրանն Ավինյանն էլ ընդգծում է՝ ավագանու անդամներին պիտի իրազեկեր խմբակցության ղեկավարը, ինչպես իրենց դեպքում է եղել։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամն էլ ասում է՝ դեռ չունեն խմբակցության ղեկավար, հստակ որոշում չեն կայացրել, թե ով կլինի։ 14 մանդատ ունեցող խմբակցությունը ներկա չէր նաև ավագանու առաջին նիստին, որի ժամանակ Ավինյանը քաղաքապետ ընտրվեց։ Իրենց խմբակցության անդամները չունեն անցագիր, որով պիտի մտնեն քաղաքապետարան, չեն տրամադրվել նաև էլփոստի հասցեները։
Ի դեպ, դեռևս 2018-ին «Իմ քայլը» դաշինքով քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանի երդմնակալության ժամանակ լրագրողների աշխատանքը չէր սահմանափակվել։ Արդեն ընդդիմադիր «Ազգային առաջընթաց»-ի առաջին համարը հայտարարել է, որ աշխատանքը շարունակելու են ավագանիում, թեև անդրանիկ նիստին ներկա չէին, իսկ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանից», որը ևս բոյկոտել էր ավագանու առաջին նիստը, այսօր հայտնեցին՝ հետագա անելիքների մասին կտեղեկացնեն։ «Հանրային ձայն» խմբակցությունն էլ, թեև ավագանու անդրանիկ նիստին ներկա էր և հենց այս կուսակցության ներկա գտնվելն օգնեց Ավինյանին ընտրվել քաղաքապետ, այսօր չէր մասնակցում երդմնակալության միջոցառմանը, բայց 7 հոգանոց խմբակցությունը մտադիր է մասնակցել ավագանու նիստերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան