Պաշտոնական Բաքուն հայտնել է Իսրայելում Ադրբեջանի քաղաքացու կորստի մասին
Քաղաքականություն
11.10.2023 | 22:11Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով Ադրբեջանի մեկ քաղաքացի է զոհվել։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա նաև հայտնել է, որ հրեական ծագման ևս չորս անձ է զոհվել, որոնք Ադրբեջանից են Իսրայել տեղափոխվել․ Շամիլ Աբբասովը, Էմին Ախունդովը, Ռոման Գանդելն Իսրայելի քաղաքացիներ են եղել, իսկ Էլկին Նազարովը՝ երկքաղաքացի։
Հաջիզադեի խոսքով՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը շարունակում է աշխատանքը՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ մարտերում հոկտեմբերի 9-ին զոհվել է Բիրշեբա քաղաքի ոստիկան Էմին Ախունդովը։ Նա ադրբեջանցի է Սումգայիթ քաղաքից։ Իսրայել տեղափոխվելուց հետո կրթություն է ստացել և աշխատանքի ընդունվել ոստիկանությունում։
Էմմա Չոբանյան