Նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով:
Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության եւ գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին:
Շրջայցից հետո Հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները:
Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտական հաստատությունների միջեւ երկխոսությունը եւ առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձեւավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձեւավորմանը: «Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,-նշել է Հանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը: