«Անդրեասյանը կասկածի տակ է դրել ողջ Խորհրդի անաչա­ռութ­յունը»․ Արշակ Վարդանյանի հատուկ կարծիքը՝ ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու գործով

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական վարույթով դադարեցրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները։ 1996 թվականից դատավոր աշխատած Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարման ավարտին մնացել էր 4 տարի, իսկ 1999 թվականից դատավոր աշխատած Արտակ Բարսեղյանի և Աստղիկ Խառատյանի պաշտոնավարմանը՝ 7 տարի։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել 14 տարի առաջ կայացրած դատական ակտի համար։ Լիազորությունները դադարեցնելու որոշումը ստորագրել է 7 դատավոր, իսկ մեկ դատավոր՝ Արշակ Վարդանյանը, դատական ակտի եզրափակիչ մասի առնչութ­յամբ  հատուկ կարծիք է հայտնել՝ պնդելով, որ որպես դատարան հան­դես եկող Բարձրագույն դատական խորհուրդը չի երաշխավորել դատավորների՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի արդարացի դատաքննության իրավունքն, ինչպես նաև  անձնական կյանքը հար­գելու իրավունքը՝ լիազորությունները դա­դա­րեց­նելու անհրա­ժեշ­տության և համաչափութ­յան տեսանկյունից։

Արդար դատական քննության իրավունքի վերաբերյալ դատավորի պնդումները

 

Գործի քննության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին պատասխանող կողմն ինքնաբացարկի միջնորդություններ է  ներկայացրել հետևյալ հիմքերով՝

Ա. Նախագահ Կ.Անդրեասյանը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ անձամբ և նրա մերձավոր ազգականը (Կարեն Անդրեասյանի կինը) տնտեսական շահ ունի՝  կապված կողմերից մեկի՝ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարի կամ որ նույնն է՝ լիազոր մարմնի հետ.

Բ. Նախագահ Կ.Անդրեասյանը կանխակալ վերաբերմունք ունի սույն վարույթի ընթացքում որպես կողմ հանդես եկող անձի՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի (ընկերոջ) նկատմամբ.

Գ. Խորհրդի նախագահը դատական նիստից դուրս միակողմանի (ex parte) շփումներ է ունե­ցել սույն վարույթի շրջանակներում կողմ հանդիսացող Լիազոր մարմնի՝ Արդարադատության նախա­րար Գ.Մինաս­յանի հետ.

Դ. Մեկ այլ դատավորի (Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյան) վերաբերյալ վա­րույ­թի ընթացքում, որպես Խորհրդի նախագահ, Կ․Անդրեասյանը արտահայտել է Վճռաբեկ դատա­րանի դատավորների և նրանց կայացրած որոշումների վերաբերյալ քննադատական խոսք, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում նույն ատյանի դատարանի դատավորներ Տիգրան Պետրոս­յանի և Արտակ Բարսեղյանի վերաբերյալ սույն վա­րույթ­ով իր անկախությունը և անաչառութ­յունը, անկողմ­նակալ դիտորդի մոտ առնվազն ստեղ­ծում է այդպիսի տպավորություն:  Խորհուրդը միջնորդությունները մերժել է։

Արշակ Վարդանյանը հատուկ կարծիքում դիրքորոշում է հայտնել, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նկատմամբ խորհրդի նա­խագահի նախապատվության և կողմնակալության (անաչառ չլինելու) վերաբերյալ կասկածները  չեն փա­րատվել։

Դատավորն ընդգծել է նաև, որ մերժման պատճառները կող­մերին նիստում գոնե հա­կիրճ չեն ներկա­յացվել՝ անհրաժեշտության դեպքում եզրափակիչ ակտում շա­րադրվելու հիմ­նա­վորմամբ:

Խորհրդի անդամը, հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, ՄԻԵԴ պրակտիկային, միջազգային փաստաթղթերին, նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝  Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական գործերը քննելիս հանդես է գալիս որպես դատարան։ Դատավորի ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ  վերջինս  կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայա­ցուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մեր­ձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ։ Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը են­թակա է ար­ձանագրման:

ՄԻԵԴ դիրքորշման համաձայն անաչառություն սովո­րաբար նշանակում է կանխակալության կամ կողմ­նակալության բացակայութ­յուն, իսկ դրա  առկայութ­յունը կարելի է ստուգել տարբեր եղանակներով: Դատարանը տարանջատում է կողմնակալության սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատումը։

Սուբյեկտիվ գնահատման տակ հասկացվում է, որ դատավորի անձնական անկողմնա­կալութ­յունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր։ Օբյեկտիվ գնահատմամբ պետք է որոշվի, թե արդյո՞ք, անկախ դատա­վորի վարքագծից, կան հավաստի փաստեր, որոնք կարող են նրա անկողմնակալության վե­րաբերյալ կասկածներ առաջացնել, ընդ որում՝ այս դեպքում տվյալ անձի տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչ է այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն հիմնավորված։

ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել նաև, որ որոշ դեպքերում կարող է դժվար լինել ապա­ցույցներ ձեռք բերել, որոնցով կհերքվի դատավորի սուբյեկտիվ անկողմնակալության կան­խավար­կածը, «արդարադատությունը պետք է ոչ միայն կատարվի, այլ այն պետք է նաև երևա»: Կարևոր հարցը վստահությունն է, որը ներպետական դատարանները պետք է ապահովեն ժողովրդավարական հասա­րակությունում։

Դատավոր Վարդանյանը, մեջբերելով «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը, նշել է, որ այս գործով դիմումատուն հայտնվել է մի իրավիճակում, որտեղ այն իրավաբանական ընկե­րությունը, որը ներկայացրել է հակառակ կողմին,  հիմնադրվել և կառավարվում էր դա­տավոր Ա.Մ.-ի քրոջ և փեսայի կողմից, իսկ նրա երկվորյակ եղբայրը՝ Ար.Մ.-ն, աշխատում էր այն­տեղ որպես ավագ մասնագետ: Հայտնի չէ, թե արդյոք քույրը և փեսան ակտիվորեն ներգրավված եղել են գործում և արդյոք նրանք ունեցել են ֆինանսական շահ գործի արդյունքի հետ կապված, թե՞ ոչ, սակայն պարզ է, որ Ար.Մ.-ն ակտիվորեն ներգրավված է եղել գործի նախապատրաստման գործ­ընթացում: Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ: Վերը նշված նկատառումները ՄԻԵԴ-ը  բավարար է գնահատել՝ եզրակացնելու համար, որ դատավոր Ա.Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել:

Դատավորը նշել է, որ վարույթի նյութերի հետազոտմամբ, ինչպես նաև կողմին ուղղված հարցերի պատաս­խան­­­­ներով հաստատվել է, որ թեև կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնոր­դութ­յամբ խորհուրդ է դիմել այդ օրը նախարարին փոխարինող փոխնախարար Լևոն Բալյանը, սա­կայն դատավորներ Ս.Թադևոսյանի, Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի և Ա.Բարսեղյանի նկատ­մամբ կարգա­պահական վա­րույթ հարուցելու մասին որոշումը 2023 թվականի մարտի 27-ին կայացրել էր Արդա­րադատության նա­խարար Գրիգոր Մինասյանը, որը խորհրդում տվյալ վարույթը քննվելու առա­ջին իսկ պահից մինչև վարույթի ավարտը շարունակում էր իրականացնել Լիազոր մարմնի պար­տակա­նութ­յունները, թեև նիստին մասնակցում էր ներկա­յա­ցուցիչների, այդ թվում՝ փոխնա­խարար Լ․Բալյանի միջոցով:  Ըստ Արշակ Վարդանյանի՝ Դատական օրենսգրքում օգտագործվող Լիազոր մարմին եզրույթը օրենսդիրը նույնացնում է հատկապես Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կամ վերջինիս կողմից իր լիազորությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքերում՝ նրան փոխարինող տեղակալի, այլ ոչ թե Արդարա­դա­տության նախա­րարության հետ:

Ընդ որում, «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ արտա­հայ­տած դիր­քորոշումն այս  գործով հաստատված փաստական հանգամանքների վրա տարածելով՝ դատավորն անձանագրել է, որ գործի նա­խապատրաստման գործ­ընթացում ակտի­վորեն ներգրավված լինելը, մասնավորապես՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կա­յացնելը, ինքնին բավարար է՝ արձանագրելու, որ նախարար Գ.Մինասյանն այս  կարգապահական վա­րույթի շրջա­նակ­ներում դատարանում հանդես է եկել որպես «մեղադրանքի» կողմ:

 

Կողմի հետ տնտեսական շահերի առկայությունը՝ որպես դատավորին բացարկելու  հիմք

Խորհրդին ներկայացված կարգապահական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի հետա­զոտ­ման արդյունքներով, ինչպես նաև ընդհանուր հասանելի հրապարակային աղբյուրից (պաշ­տո­նատար և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրեի ռեեստր) ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նա­խարար Գրիգոր Մինասյանը և Բարձ­րագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կինը՝ Ե.Ա-ն, հանդիսանում են միևնույն առևտրային կազմակերպության՝ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի համապատաս­խա­նաբար՝ 60 %-ի և 40 %-ի բաժնետերեր: Ընդ որում, տվյալ ընկե­րության բաժ­նեմասը Ե.Ա-ն ձեռք է բերել դեռևս 2012 թվականի մայիսի 21-ին, նվիրատ­վության կարգով, նվիրատու Գրիգոր Արայի Մինասյանից։

Այլ կերպ՝ ԲԴԽ նախագահի մերձավոր ազգականը՝ կինը, և  Բարձ­րագույն դատական խորհրդում որպես կողմ հանդես եկող լիազոր մարմնի՝ Արդարա­դա­տության նախարար Գրիգոր Մինասյանը  ունեն ընդ­հա­նուր տնտեսական շահ,  որի մասին Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը գիտի, քանի որ այն հայ­տարարագրել է իր՝ 2022 թվականի տարեկան հայ­տա­րարագրի համապատասխան տո­ղում: Ընդ որում՝ բաժնեմասի չափը և դրա առկա­յությունը ենթադրում է շահաբաժնի առկայություն, որը, յուրաքանչյուրի բաժնե­մասին համապատաս­խան, պետք է բաշխվի և բաշխվել է ինչպես Խորհրդի նախագահի կնոջ, այն­պես էլ ողջամտորեն՝ նախարարի միջև:

Հղում կատարելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածին՝ դատավորը դատական ակտում նշել է, որ ամուսնության ըն­թացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նա­խատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով, ամուսիններից մեկի պար­տավո­րութ­յունների համար կարող է բռնագանձում տարածվել նաև ամուսինների ընդհանուր գույ­քում նրա բաժնի վրա:

Այլ կերպ՝ քննարկվող բաժնեմասից շահաբաժին (տնտեսական շահ) ստա­նալու իրավունք­ների նկատմամբ Խորհրդի նախա­գահ Կարեն Անդրեաս­յանի կապն ամենևին էլ սահ­մանա­փակված չէ կնոջ՝ Ե.Ա-ի տվյալ ընկերության բաժնեմասի սեփականատեր հան­դիսանալու և շահա­բաժին ստա­­նալու հան­­գա­մանքով, նախարար Գրիգոր Մինասյանի, այսինքն՝ դատավարության կողմի  հետ Խորհրդի նախագահի (դա­տա­վորի) ընդհանուր տնտեսական շահը նաև անմիջական է, քանի որ կնոջ շահաբաժնի 50 %-ն ուղղակի Կարեն Անդրեասյանի սեփականությունն է (կնոջ շահաբաժնի այդ մասի նկատ­մամբ նա առնվազն ունի սեփակա­նության իրավունք):

Վարդանյանը նշել է, որ Գրիգոր Մինասյանն իրեն պատկանող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելով՝ ապահովել է միայն նախարարի պաշտոնը զբաղեցնելու հետ անհամատեղելի գործունեությամբ չզբաղ­վելու օրենսդրական պահանջի կատարումը, սակայն վերջինս  որ­պես քննարկ­վող իրավաբանական անձի բաժնեմասի 60 %-ի սե­փականատեր, ստացել  և ստանալու է շահա­բաժին՝ նույնիսկ իր բաժնեմասը հավատար­մագրա­յին կառավարման հանձնելու իրավի­ճակում, որից կա­րելի է եզրա­կացնել, որ առկա է դա­տավորի և մեղադրող կողմի փոխադարձ կապվա­ծություն՝ տնտե­սական շահով, որի պայ­ման­ներում այս  վարույթով նախագահող Կարեն Անդրեաս­յանի կողմից դա­տավորի գործառույթ իրա­­կանացնելն, ըստ  Վարդանյանի,  ան­թույլատ­րելի էր:

Կարեն Անդրեասյանը  գործի քննության ընթացքում, անդրադառնալով կողմի հետ ընդհանուր տնտեսական շահ ունենալու հանգամանքով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, հայտնել է, որ իր կինը, որը հանդիսանում է քննարկվող ՍՊ ընկերության բաժնետերերից մեկը, կարգապահական վարույթի շրջանակներում կողմ չի հանդիսանում, վեճի ելքով շահ, առավել ևս՝ նյութական շահ չունի։

Արշակ Վարդանյանը, մեջբերելով  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, նշել է, որ այս դրույթի համաձայն՝ դատավորը պար­տավոր է ինքնաբացարկ հայտնել (բացարկն ընդունել), երբ գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

«Ներպե­տական օրենսդրությամբ՝ կողմերից մեկի, տվյալ դեպքում՝ Արդարադա­տութ­յան նախարարի հետ դատավորի և վերջինիս կին Ե.Ա-ի ընդհանուր տնտեսական շահերի առկա­յությունն ինքնին ինքնաբացարկի, ավելին՝ օրենքում ուղղակիորեն ամրագրված ինքնա­բա­ցար­կի հիմք է, ընդ որում՝ վեճի էութ­յունն ու բնույթը դատավորին բացարկելու տեսանկյունից որոշիչ նշա­նակություն չունեն, քանի որ ընդհանուր տնտեսական շահով կողմի հետ դատավորի փոխկա­պակցվածությունն ինքնին բա­վարար է տվյալ դատավորին բացարկելու համար (օրենսդիրը վերոնշյալ նորմը սահմանելիս՝ կիրա­ռել է «կամ» շաղկապը»,- գրել է Արշակ Վարդանյանը։

Կողմի հետ ընկերական հարաբերությունները՝ որպես դատավորին բացարկելու հիմք

Դատավոր Վարդանյանը հատուկ կարծիքում գրել է, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ բաժնեմասի 40%-ը շուրջ 10 տարի առաջ նվի­րատ­վության կարգով Կարեն Անդրեաս­յանի կնոջն ի սեփականություն փոխանցելու փաստը վկայում է Խորհրդի նախագահի և ներկայիս Արդարա­դա­տութ­յան նախարար Գրիգոր Մի­նասյանի միջև սերտ կա­պերի առկա­յության մասին, որոնք ոչ միայն ընկերական և գործընկերային են, այլև արտաքին դի­տորդի մոտ ողջամտորեն կարող են ընկալվել նաև որպես միջընտա­նեկան:

Կարգապահական վարույթի շրջանակներում ներկայիս Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև առկա ընկերական կապի առկայությունը Խորհրդի նախագահ Կարեն Անդրեաս­յանն ընդունել է, ավելին՝ այն հաստատվել է նաև ապացույցով (դատավոր Տիգրան Պետրոսյանի կողմից Խորհրդին է ներկա­յացվել Կարեն Անդրեասյանի համա­պատաս­խան ճեպազրույցի վերծանումը։ Այդ ապա­ցույցի համաձայն՝ Կարեն Անդրեասյանը, որպես ՀՀ արդա­րադատության նախա­րար պաշ­տո­­նա­վարելիս, դեռևս 2022 թվականի հունվարի 27-ին ճեպազրույցի ընթացքում, մեկնա­բա­նելով Գրիգոր Մինասյանին իր տեղակալի պաշտոնում նշանակվելու հանգամանքը, հայտնել է հետևյա­լը. «Գրի­գոր Մինասյանը իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ, և քանի որ Արդարա­դատության նախարարի տեղակալը, ինչպես մնացած բոլոր նախարարների տեղա­կալը, քաղաքա­կան պաշտոն է, դա վկայում է այն մասին, և դա է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև վստահելի մասնագետի, որը քո հետ կիսում է քո գաղափարները»:

Արշակ Վարդանյանը նշել է, որ թեև իր համոզմամբ՝ դատավորի և վարույթի կողմի միջև ընկերական հարաբերություն­ների առկա­յությունն ինքնին ինքնաբացարկ հայտնելու կամ դատավորին բացարկելու բավա­րար հիմք չէ, հատ­կապես, երբ խոսքը վերաբերում է իրավապահ մարմիններում տևական ժամանակ աշխա­տած, այնուհետև դատական իշխանություն տեղափոխված, այդ թվում՝ տար­բեր ատյան­ներում դատավորի պաշտոն զբաղեցնող գործ­ընկեր­­ներին, բայց այս վարույթին զուգահեռ քննված մեկ այլ գործով՝  Դավիթ Հարութ­յուն­յանին կարգա­պահական պա­տասխա­նատ­վության ենթարկելու Արդա­րա­դա­տության նախա­րարի միջնորդության քննության ժամանակ,  Խորհուրդն արդեն իսկ  ձևավորել է նման պրակտիկա և բավարարել իր դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը՝ Հարությունյանի հետ ընկերական հարաբերություն ունենալու հիմքով, ուստի  Կարեն Անդրեասյանը, որը Գրիգոր Մինասյանի ընկերն է,  սույն վարույթով ևս ենթակա էր բա­ցարկման։

«Քննարկվող հիմքով իմ նկատմամբ Լիազոր մարմնի ներկայացրած բացարկի միջնոր­դութ­յունը Խորհրդի անդամների որոշմամբ բավարարվել է, սակայն սույն դեպքում, ընդամենը ժամեր անց՝ Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի դեմ դատավորների ներ­կայացրած միջնորդութ­յուն­ները, որոնց դեմ Լիազոր մարմնի ներկայացուցիչները նիստում առարկեցին, մերժվել են, ընդ որում՝ թե´ իմ նկատմամբ ներկայացված բացարկի միջնորդությունը բավարարելու, թե՛ Խորհրդի նախա­գահի դեմ ներկայացված բացարկի միջնոր­դութ­յունները մերժելու (տարբե­րակ­ված մոտեցում ցուցա­բերելու) պատճառները և հիմնավորումները նիստերի դահլիճում չեն հրապա­րակվել (Կողմերի և բացարկված դատավորիս համար չեն բա­ցա­հայտվել): Դրանք չեն բացահայտվել սույն վարույթով Խորհրդի կայացրած եզրափակիչ որոշման մեջ, ավելին՝ իսկ նույն փաստական և իրավական հիմքով իմ դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը բավարարելու հիմնավորումները չեն ներկայացվել Դ.Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ»,- գրել է Արշակ Վարդանյանը։

Դատավորների վերաբերյալ գործի քննության ընթացում Կարեն Անդրեասյանը տեսա­կետ է հայտնել, որ  բացարկման հարցը լուծելիս որո­շիչ է այն, թե դատա­վորի հետ ընկերական փոխհարա­բերութ­յունների մեջ գտնվող անձը վարույթի հատ­կապես որ կողմում է հանդես գալիս, մաս­նավո­րապես՝ պատաս­խանատվության ենթարկվող դա­տավորն է, թե՞ վարույթ հարուցած, սակայն նիստերի դահլիճից բացակայող Արդա­րա­դա­­տության նա­­խարարը:

«Կարծում եմ, որ դատարանի անաչառության հարցը լուծելիս կողմերի նման տարան­ջատումը զուրկ է օբյեկտիվ որևէ հիմնա­վորումից, իսկ օրենքի վե­րոնշյալ մեկնա­բանությունը, որն, ըստ էության, ընդունելի է համարվել Խորհրդի անդամների մեծա­մասնության համար և դրվել իրա­րամերժ երկու որոշումների կայացման հիմքում, հակասում է ինչ­պես ներ­պետական, այնպես էլ կոն­վենցիոն նոր­մերի էությանը, հենված չէ նաև դրա վերաբերյալ ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի ձևա­վոր­ած կայուն նախա­դե­պա­յին պրակտիկայի վրա»,- գրել է Արշակ Վարդանյանը։

Կողմի հետ դատավորի (ex parte) շփումները՝ որպես նրա կողմնակալության փաս­տարկ

Այն օրերին, երբ քննվում էր  դատավորների վերաբերյալ կարգապահական գործը, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը միասին հանդիպում են սրճարանում, ապա առանձին-առանձին դուրս գալիս։ Տեսանյութը Facebook սոցիալական կայքի էջով տարածել էր «Մոնտե Քրիստո» անունով օգտատերը, որի ինքնությունը պարզ չէ։

Լիազոր մարմնի (կողմի) հետ Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ընդդիմազերծ շփմանն անդրադառնալով՝ Խորհուրդը դա պայմանա­վորել է Խորհրդի  նախագահի՝ Բարձրա­գույն դատական խորհուրդն այլ մարմինների և պաշտո­նատար անձանց հետ փոխահարա­բե­րություն­ներում ի պաշ­տոնե ներկա­յացնելու լիազո­րությունն իրացնելու,  դատա­­րան­ների բնականոն գործունեության հարցերը  քննարկելու և լուծելու անհրաժեշ­տութ­յամբ, որը, Խորհրդի եզրափակիչ որոշման համաձայն, օրենքով թույլատրելի է: Ավելին՝ ըստ եզրափակիչ որոշ­ման՝ Բարձ­րագույն դատական խորհրդի ստեղծման առաջին իսկ օրվանից նման շփումները կրում են պար­բերական բնույթ և այդ պրակ­տիկան պահ­պանվում է Խորհրդում նաև Կարեն Անդրեաս­յանի նախագահության օրոք:

«Գտնում եմ, որ վերոնշյալ (վարչարարական) լիազորության առկայությունը չի թույլատրում Խորհրդի նախա­գահին Խորհուրդ մուտքագրված կարգապահական որևէ վարույթի, այդ թվում՝ սույն վա­րույթի ողջ ժամա­նակա­հատվածում միակողմանի (հատկապես ոչ հրապարակային) շփում­ներ ունե­նալ վարույթի որևէ մասնակցի և/կամ նրա ներկայացուցչի, այդ թվում՝ Լիազոր մարմնի հետ՝ ի դեմս Արդարա­դատության նախարար Գ.Մինասյանի, եթե նույնիսկ այդ հանդիպումը կայա­ցել է Խորհրդի վարչական շենքին շատ մոտ գտնվող սննդի կետում և դրանում արծարծվել է վա­րույթին ոչ վերաբերելի, օրինակ՝ դա­տական իշխանության և դատավորների հա­մար խիստ ար­դիա­կան թեմա։ Ընդ որում, նման շփումները, որոնք իրա­վա­չա­փորեն բո­վանդակում են վարույթին մաս­­նակցող կողմերի հավասարության սկզբուն­քը խախ­տ­ելու ռիսկեր, արգելված են, եթե անգամ գործ­նականում հնարավոր լիներ հաստատել, որ շփման ընթացքում վարույթի հետ կապ­ված որևէ քննար­կում տեղի չի ունեցել:

Ավելին, նման շփումներն անձամբ չնախաձեռնելու հետ մեկտեղ Խորհրդի նախագահը պար­տավոր է կարգապահական վարույթների ժամանակահատվածում ձեռնպահ մնալ այդպիսի շփումներից, եթե անգամ դրանք նախաձեռնել էին կողմերը կամ նրանց ներկայացուցիչները, իսկ եթե նման շփումը, այնուամենայնիվ, պատահա­կանորեն տեղի է ունեցել, Խորհրդի նախագահը (անդամը) պարտավոր էր հերթական դա­տական նիստի ժամանակ կողմերին տեղեկացնել այդ շփման մասին և նշել, որ ի վիճակի է օբյեկտիվորեն՝ անաչառ և արդար կերպով շարունակել վեճի քննությունը, անշուշտ, եթե նրա մոտ առկա է նման համոզ­վածություն»,- հատուկ կարծիքում գրել է Արշակ Վարդանյանը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով միջազգային փաստաթղթերով ու ՄԻԵԴ-ի հայտնած դիրքորոշումներով, ՀՀ օրենսդրությանը հղումներով։

Դատավորը  նշել է, որ միակողմանի շփումները տվյալ դեպքում վտանգավոր էին նաև այն առումով, որ Լիազոր մարմնի հետ Խորհրդի նախագահի առանձին շփման մասին տեղեկացած, այդ հաղորդակցութ­յանը չմաս­նակցած պատասխանող կողմի մոտ անխուսափելիորեն կարծիք է ձևա­վորվել առ այն, որ կարգապահական վարույթ հարուցած կողմն իրենց նկատ­մամբ դա­տա­­րանում առա­վելություն է ստացել: Նման դեպքերում, անկախ այն հանգա­մանքից՝ իրականում շփման արդյունքում Խորհրդի նախագահի մոտ կողմնակալություն առաջացել է, թե՝ ոչ, նրա անաչառությունը լուրջ կասկածի տակ է, նա ենթակա է բացարկման (չպետք է մասնակցի վարույթին), հակառակ պարագայում ողջամտորեն ձևավորվում է՝ վարույթի անար­դա­րացի լինելու վերաբերյալ ընկալում և կոլեգիալ կազմով  Խորհրդի  կողմից կայաց­վող միջանկյալ և եզրափակիչ դատական ակտերի նկատ­մամբ անվստահություն:

Անդրեասյանի կողմից իր՝  որպես դատավորի անկախությունը և անաչառությունը կաս­կածի տակ դնող քննա­դատական խոսք

Վճռաբեկ դատարանի` կարգապահական պատասխանատվության ենթարկված և լիազո­րութ­յունները դա­դա­րեց­ված մեկ այլ դատավորի՝ Սուրեն Անտոնյանի  վերաբերյալ վարույթով դռնբաց դա­տական նիստի ըն­թացքում, որպես նախա­գահող դատավոր, Կարեն Անդրեասյանը հրապա­րա­կայ­նո­րեն քննադատական արտահայտություններ է հնչեցրել 2007-2013 թթ. ընթացքում Վճռաբեկ դատա­րանում պաշ­տոնավարող դատավորների նկատմամբ,  քննադատել նմանատիպ գոր­ծերով մի դեպ­քում վճռաբեկ բողոքը վա­րույթ ընդունելու, մյուս դեպքում չընդունելու վերաբերյալ նրանց կայաց­րած որոշումները, այն պայմանավորել դատա­վոր­ների անձ­նա­կան (գործադիր իշխանության ներկա­յացուցիչների կողմից զանգեր ստանալու) կամ այսպես կոչված «տնտե­սական շահերի» առկա­յության կամ բացակա­յութ­յան հան­գա­ման­քով:

Վճռա­բեկ դատա­րանում Կարեն Անդրեասյանի նշած ժամանակահատվածում պաշտոնավարել են նաև դատավորներ Տիգրան Պետրոս­յանը և Արտակ Բարսեղյանը, ովքեր 2009 թվականի հունվարի 15-ից նշանակվել և մինչ սույն վա­րույթով նրանց լիազորությունների դադարեցումը զբա­ղեցրել են ՀՀ վճռա­բեկ դա­տա­­րանի դատա­վորի պաշտոններ:

Այս հիմքով ևս դատավորները Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի նկատմամբ բացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է։ Հղում կատարելով ԲԴԽ-ի մեկ այլ՝ դատավոր Դավիթ  Հարությունյանի գործով  կայացրած որոշմանը՝ Արշակ Վարդանյան մեջբերել է․

«Դա­տավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումները կասկածի տակ դնելուց: Ավելին, Դատավորի արտահայտությունները­, որոնք հրա­պարակայնորեն կասկածի տակ են առնում իբրև դատարան հանդես եկած Բարձրագույն դա­տական խորհրդի գործողութ­յունները, դատական ակ­տերը, հանդիսանում են դատական իշխա­նությունը վարկաբեկող, ինչպես նաև դատա­կան իշխա­­նության անկախության և անա­չառության վերաբերյալ հանրության վստահությունը նվա­զեց­նող վարքագծի դրսևորումներ։ Սույն վա­րույթի շրջանակներում Խոր­հուրդը կարևոր է հա­մա­­րում արձանագրել, որ այն իրավիճակ­ներում, երբ դատավորները դատական համա­կարգի անկախության և հանրային վստահության բարձրացման նպատակով իրենց խոսքի ազա­­տության իրավունքի շրջա­նակներում հանդես են գալիս հրապարակային քննադա­տությամբ կամ որևէ այլ կերպ ներկա­յացնում են առանցքային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցում­ները, ապա նրանք նախևառաջ պարտավոր են հաշվի առնել, որ իրենց հայ­տարա­րությունների թիրախը չի սահմանափակվում իրա­վաբանական հանրույ­թով, այլ նե­րառում է հասա­րակության բոլոր շերտերը, և նրանք պար­տավոր են ցանկացած հարցի վերաբերյալ ներ­կայաց­նել համա­պար­փակ և մանրամասն բա­ցատ­րություններ: Այսինքն, դատա­վորները պար­տավոր են բոլոր տեսակի քննա­դատութ­յունները կամ դիրքորոշումները ներկա­յացնել մատչելի լեզ­վով, առավե­լագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տես­անկյունից հնարա­վորինս պահ­պանել անաչառությունը»:

(…)

«Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հան­րութ­յանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավո­րումները: Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսա­փեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդա­րացի և բազ­մակող­մանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը»:

Վարդանյանը նշել է, որ տվյալ դեպքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, մեկ այլ վարույթի շրջանակներում նախագահած դատական նիստում, հանդես գալով Վճռաբեկ դատարանի դա­տավորների և նրանց կայացրած, իր մեկնաբանմամբ՝ տարբերակված որոշումների հրապա­րակային քննադա­տությամբ, դրանց պատ­ճառների իր մեկնաբանություններով և այդկերպ ներկայաց­նելով առանցքային այդ հարցերի վերաբերյալ իր մոտեցում­ները, պարտավոր էր խոսքի ազա­տության իր իրավունքի շրջա­նակ­­ներում ներ­կայաց­նել բարձրացրած վերոնշյալ հարցերի վերաբերյալ համա­պար­փակ և մանրամասն բացատ­րություններ, ինչը չի կատարել:

Ըստ Վարդանյանի՝  Վճռաբեկ դատարանի դատավորներին քննադատելու ենթատեքստը, որն առանց անհրաժեշտության հնչեցվել է այլ վարույթով դա­տա­կան նիստի ընթացքում, չի եղել հիմ­նավորված, մանրամասն և համապարփակ, որպիսի բացերը ողջամտորեն չեն լրացվել նաև նիստով Խորհրդի նախագահ Անդրեասյանի ներկայացրած բա­ցատրութ­յուն­ներով:

«Անկողմնակալ դիտորդի տեսանկյունից Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի անա­չառութ­յունը կասկածի տակ գտնող տվյալ իրավիճակում, քննարկվող հարցի վերաբերյալ նրան ուղղված հարցադրմանն ի պա­տասխան՝ Խորհրդի նա­խագահ Կ.Անդրեասյանը թեև նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատա­վոր­ներին ու նրանց կայացրած դատական ակտերին ուղղված իր վերոնշյալ քննադատական խոսքը սույն վարույթով անցնող դատավորներ Տ.Պետ­րոսյանին և Ա.Բարսեղյանին չի վե­րա­բերել, սակայն սույն վարույթով նրանց ևս վերագրվում էր Վճռաբեկ դատա­րանի համապա­տասխան պալատի դատա­վոր­ի պաշտոնը զբաղեցնելու՝ Կ.Անդրեասյանի հիշատակած ժամանա­կա­հատվածում վճռա­բեկ բո­ղո­քը ենթադ­րաբար ան­հիմն կերպով վերա­դարձ­նելու (ըստ էության քննության չառնելու) որոշ­ման կայացում, ավելին՝ նրանց լիազորութ­յունները սույն վարույթի արդ­յունքներով՝ էական կար­գապա­հական խախտում կատարելու պատճառաբանությամբ ևս դադարեց­վեցին»,- գրել է Վարդանյանը։

Դատարանի կողմնակալաության հարցը որոշելիս դատական կազմում ներգրավված դատա­վոր­ների թիվը և բացարկվող դատավորի դերն այդ կազմում

Դատավորի կողմնակալության հարցի առնչությամբ Պատասխանող կողմը Խորհրդին է ներկայացրել մի շարք գործերով ՄԻԵԴ արտահայտած դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ դատարանի կողմնակալության հանգամանքը ստու­գելիս և արձա­նագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում՝ դատական կազմում ներգրավված դատա­վոր­ների թիվը և բացարկվող դատավորի դերն այդ կազմում: օրինակ՝ «Ֆազլի Ասլաններն ընդդեմ Թուրքիայի» գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ միայն երեք դատավորների մասնակցությունը (որոնց անաչառությունը կասկածի տակ էր դրվել) 31 անդամ­ներից կազմված ընդհանուր ժողովին, բավարար էր վտանգի ենթարկելու ամբողջ տրիբունալի անաչա­ռութ­յունը ոչ միայն ներգրավված դատավորների համամասնության պատճառով (ինչն ինք­նին բավա­րար չէր), բայց նաև գործի մեջ նրանց ունեցած դերի շնորհիվ։ Մասնավորապես, նույն որոշման 41-րդ կետում ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բացարկված երեք դատավորներից մեկը, որպես Գերագույն վարչական դատարանի փոխնախագահ, նախագահում էր Գլխավոր ասամբլեան և հետևաբար՝ նա վարում էր քննարկումները դատավարության ընթացքում, ինչն անկողմանակալության դրսևորման հետ ան­համատեղելի լրացուցիչ հանգամանք է։

«Ստոյմենովիչ Միլոշևիչն ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի» գործով ՄԻԵԴ-ն արձա­նագրել է, որ Գերագույն դատարանի դատավորը, որի օբյեկտիվ անկողմանկալության բացա­կա­յությունը հաստատված էր՝ գործը քննող Գերագույն դատարանի դատավորներից միայն մեկն էր, բավարար է եզրակացնելու, որ ամբողջ Գերագույն դատարանի անա­չառությունը կաս­կածի տակ է։

«Կարրարն ընդդեմ Բելգիայի» գործով ՄԻԵԴ-ը հաստատված է հա­մարել այն, որ դատա­րանի նախագահի անաչառության բացակայությունը բավարար է արձա­նագրելու համար, որ կասկածի տակ է ամբողջ դատարանի անաչառությունը։

«Սույն դեպքում բացարկման ենթակա անձը սահմանադրական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի նա­խագահն է, որը գործող իրավակարգավորումների համաձայն՝ օժտված է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապա­հովմանն ուղղված գործա­ռույթներով: Մասնավո­րապես, նա է հրավիրում և վարում Բարձրագույն դատական խորհրդի (այդ թվում՝ սույն կարգա­պահական վարույթի շրջանակներում հրավիրված) բոլոր նիստերը, նիստի սկզբում պարզում է նիստի իրավա­զորությունը, հայտարարում է ելույթների և հարցերի համար հեր­­թագրումը, հանդես է գալիս արտահերթ ելույթներով և հարցերով, ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար, հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն Խորհրդի նիստում քննարկվող հարցերի էությանը: Տվյալ հարցի պարզման համատեքստում պակաս կարևոր չէ նաև այն հան­գամանքը, որ Խորհրդի նախագահի նախագահությամբ հրավիրվող և իրականացվող նիստերում Խորհրդի կող­մից կա­յացվող բոլոր որոշումները, այդ թվում՝ եզրափակիչ որոշումը, գործող իրավակարգա­վո­րում­ների համա­ձայն, վերջնական են և բողոքարկման ենթա­կա չեն, այլ կերպ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տվյալ հարցը քննարկվելիս և լուծելիս պետք է հաշվի առնվի իրավունքի խախ­տում թույլ տալու պարագայում դրա շտկման իրավական անհնարինությունը (անվերականգնելի բնույթը):

Ավելին,  Բարձրագույն խորհրդի անդամների և Խորհրդի նախագահի փոխհարաբե­րութ­յուն­ների որակական կողմի, սույն դատական կազմում Խորհրդի նախագահ և միաժամանակ բոլոր նիստերը նախագահող Կ․Անդրեասյանի ազդեցիկ դերի և անվերապահ հեղինակության մասին է վկայում այն փաստը, որ վերջինս Ազգային ժողովի կողմից 05.10.2022 թվականին ընտրվելով ԲԴԽ անդամ, անմիջապես հա­ջորդ օրը՝ 06.10.2022 թվականին, արդեն Բարձրագույն դատական խորհրդի ան­դամների կողմից (որոնցից 5-ը մաս­նակցել են նաև սույն կարգապահական վա­րույ­թին) ընտրվել է Խորհրդի նախագահ՝ թեև այդ պահին նույն Խորհրդի կազմում կային այդ մարմ­նում բազմամյա փորձառություն ունեցող այլ թեկնա­­ծուներ (ոչ դա­տավոր անդամներ):

Ընդ որում, Խորհրդի նախագահի պաշտոնում Կ.Անդրեաս­­յանի ընտրութ­յանը մաս­նակցած Խորհրդի անդամներից 4-ի և Կ.Անդրեասյանի ձայները բավարար էին՝ սույն կարգապահական վարույթի շրջա­նակ­ներում կայացվելիք միջ­անկյալ որո­շումների և վերջնա­կան (երեք դատա­վոր­ների լիազո­րություն­ները դադարեցնելու մասին) որոշման ելքերը կանխորոշելու հա­մար, քանի որ սույն վարույթին մաս­նակցում էին Խորհրդի 10 անդամներից միայն 8-ը»,- գրել է Արշակ Վարդանյանը և եզրակացրել  որ  չի ապահովվել պատասխանող կողմի անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի դատաքննության իրա­վունքը, վեր­ջինները զրկվել են նաև արդյունա­վետ դա­տական պաշտպանության իրա­վունքից:

Այսպիսով՝ Արշակ Վարդանյանը եզրահանգել է, որ Խորհրդի նախագահ Կարեն Անդրեաս­յանը չի տրամադրել բավարար երաշ­խիքներ՝ բացառելու սույն վարույթով իր կողմնակա­լ չլինելու վե­րա­բերյալ ներկա­յացված և օբյեկտիվորեն հաստատված փաստերը, դրանց հիման վրա ծագած իրա­վաչափ կասկած­ները։ Ավելին,  վարույթի ըն­թացքում նախա­գահելով Խորհրդում և Խորհրդի կազմում մասնակցելով նիստերի վարման և որոշումների կայաց­ման գործընթացին՝ Անդրեասյանը դրանով իսկ կասկածի տակ է դրել ողջ Խորհրդի անաչա­ռութ­յունը և նվազեցրել այդ մարմնի անունից կայացված եզրափակիչ ակտի նկատմամբ վստահությունը:

Դա­տավորի վար­քագծի կանոնների խախտման հիմքով դատավորին պաշտոնից ազատելը՝ մի­ջամտություն նրա «անձ­նական կյանքի» նկատմամբ հարգանքի իրավունքին

Արշակ Վարդանյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներով դիրքորոշում է հայտնել, որ  մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հարցում կիրառվող սահ­մանափակումները միջամտություն են «անձնական կյանքի» նկատմամբ։

«Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի» գործով դատարանն արձանագրել է, որ դա­տավորի վար­քագծի կանոնների խախտման հիմքով դատավորին պաշտոնից ազատելը հան­­­դիսացել է մի­ջամտություն նրա «անձ­նական կյանքի» նկատմամբ հարգանքի իրավունքին։

Դիմողին դատավորի պաշտոնից ազատելն ազդել է այլ մարդկանց հետ նրա հարաբե­րությունների լայն շրջանակի վրա, այդ թվում` մասնագիտական բնույթի հարաբերությունների վրա: Նմանապես, այն ազդեցություն է ունեցել նրա մերձավորների վրա, քանի որ աշխատանքի կորուստը պետք է շոշափելի հետևանքներ ունեցած լիներ դիմողի և նրա ընտանիքի նյութական դրության վրա: Ավելին, դիմողի ազատման պատճառը, մասնավորապես` դատական երդման խախտումը, ենթադրում է, որ շոշափել է նրա մասնագիտական հեղինակությունը:

Արշակ Վարդանյանը նշել է, որ Խորհրդի եզրափակիչ որոշման մեջ բացակայում են դա­տավա­րական իրավունքի նորմերի խախտումները որպես էական կարգա­պա­հական խախտում գնահա­տե­լու բավարար հիմնավորումներն ու փաստար­կումները, դրա մասին Խորհրդի եզրահանգումը գլխա­վո­րապես կա­ռուցված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ՀՕ-333-Ն օրենքի 3-րդ հոդ­վածի 2-րդ մասով լրացված իրավակարգավորման ստանդարտ (շաբլոնային) ձևակեր­պումների վրա, որի պայմաններում այն կարելի է կիրառել տվյալ առիթով և հիմքով հարուցված անխտիր բոլոր կարգա­պահական վարույթներով անցնող դատա­վորների նկատմամբ, այդուհանդերձ, Խորհուրդը միջամտության ծայրահեղ միջոցը՝ դատավորի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժն է  կիրառել նրանց նկատմամբ։

Սույն դեպքում դատավորներ Ա.Խառատյանին, Տ.Պետրոսյանին և Ա.Բարսեղյանին վե­րագրված կար­գա­պահական խախտումները  կատարվել են մեղքի նվազ «վտան­գավոր» ձևով՝ կոպիտ անփութությամբ, վերջիններս նախկինում կարգապահական պա­տասխա­նատ­­վության չեն ենթարկվել, տույժի էին ենթարկվում առաջին անգամ, նույնիսկ մարված տույժեր չունեին։

Արշակ Վարդանյանը նշել է, որ  Խորհուրդը որպես  դատավորների անձը բացասաբար բնու­թագրող տվյալ է դիտարկվել դատարանի մատ­չելիութ­յան իրավունքը սահմանափակող որոշումներ կայացնելիս «ոչ պատշաճ արհեստա­վարժություն ու մասնագի­տական պատրաստվա­ծություն ցուցաբերելը», «իրավական նորմի գործո­ղութ­յան շրջանակներից դուրս գալը», իսկ որպես դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի և միաժամանակ էական կար­գապահական խախտում՝ «դատավորների կողմից իրենց սահմա­նադրաիրավական լիազո­րությունների վերազանցելը», «դատական իշխանության նկատմամբ հան­րության վստահությունը էապես նվազեցնելը և դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալ­մանը վնասելը»։ Վարդանյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օբյեկտիվ կողմից դատավոր­ներին վերագրվել է նրանց լիազո­րությունների սահմաններում կատարված արարք՝ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները որոշակի պատ­ճառա­բանությամբ առանց քննության թողնելու կամ վերադարձնելու վերաբերյալ որոշումների կայացում, որն անխուսափելիորեն հիմն­ված է նյութական և դատա­վարական որոշակի նորմերի մեկ­նաբան­ման կամ կիրառման արդյունք­ների վրա՝ նույնիսկ եթե այդ նորմերը դատավորները սխալ են մեկնաբանել կամ կիրառել։

Վարդանյանը նշել է, որ դատավորին վերագրված՝ իրավունքի նորմի որևէ խախտում որպես էական կար­գապա­հական խախտ­ում գնահատելը գտնվում է վարույթ հարուցած և իրականացնող Լիազոր մարմին հայեցողա­կան լիազորության տիրույթում, որից նա կարող է օգտվել կարգապահական վարույթի ընթացքում, սակայն մինչ դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձ­րագույն դատական խորհրդին դիմելը։ Վարդանյանի պնդմամբ՝ խնդրա­հարույց է Լիազոր մարմնի կողմից դատարանում և հատկա­պես դատա­րանի կողմից սեփական նա­խա­­ձեռ­նութ­յամբ՝ վերագրված կարգապահական խախտման վերաորակմամբ հանդես գալու և այդ կերպ կարգապա­հական պատասխանատվության ենթակա դատա­վոր­ի, տվյալ դեպքում՝ դատա­վորներ Ա.Խա­ռատ­յանի, Տ.Պետրոսյանի և Ա.Բարսեղյանի իրա­վական վիճակը դատարանում վատ­թարացնելու պրակտիկան։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերին վերաբերող «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի համակարգային վերլու­ծության արդյունքներով Վարդանյանը եզրահանգել է, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի (մեղավորությամբ կատարված) խախտումը էական կարգապա­հական խախտում կարող է դիտարկվել, եթե այն հանգեցրել է որոշակի հետևանքների, ինչպես նաև երբ առկա  է  պատճառահետևանքային կապ  արարքի և հետևանքի միջև։ Ըստ Վարդանյանի՝ հետևանքը  պետք է ուղղակի նշված լինի կար­­գա­պահական վարույթ հարուցած մարմնի միջնորդության մեջ, որպեսզի դատավորը հնարավո­րություն ունե­նա պաշտ­­պանվելու Խորհրդում  ապացուցման ենթակա նաև այդ հանգաման­քից: Հակա­ռակ մոտեցման պարա­գայում անխուսափելիորեն խախտվում է կարգա­պա­հական վա­րույ­թով անցնող դա­տա­­­վորի ար­դար դատաքննության իրավուն­քը, մասնավորապես՝ այդ իրավունքի բաղադրիչ հանդի­սա­ցող պաշտ­պանության իրա­վունքը: Տվյալ վարույթով, սակայն, ըստ դատավոր Վարդանյանի, Խորհուրդը հայտնվել է դատարանի սահմանադրական առաքելությանն անհա­րիր իրավիճակում և լիազոր մարմնի պասիվ կեց­վածքի պայման­ներում, խախտման հետևանքի մասով ինքնուրույնաբար լրացրել է կարգա­պահական խախտման փաս­տա­­­կազմը, ապա  դա­տաքննության արդյունքներով այն ապացուցված է համարել, ապա՝ եզրափակիչ որոշմամբ վերաորակել է դատա­վորներին վերագրված «սովորական» կարգապահական խախտումն՝ էականով:

«Որպես դատարան հանդես եկած Խորհուրդը նման գործելաոճով, փաստացի, իրականացրել է վա­րույթի կողմի, տվյալ դեպքում՝ կարգապահական վարույթ հարուցած (Լիազոր) մարմնի գործա­ռույթ և ստանձնել է պատասխանող կողմի դատավարական հակառա­կորդի դեր, որով խորացրել է որպես դատարան ան­կողմ­նակալ չլինելու և չերևելու վերաբերյալ ծագած և սույն վարույթով հաստատված կաս­կածները, ինչը Խորհրդի նախագահի և նրա ղեկա­վարությամբ ( նա­խա­գահությամբ) վարույթին մասնակցած Խորհրդի անդամների կողմնակալութ­յան մեջ հավաստիա­նալու լրա­ցուցիչ գործոն է»,- նշել է Վարդանյանը՝ կարծիք հայտնելով, որ  Խորհուրդը խախտվել է մրցակցային դատավարությանը բնորոշ նորմեր  ու սկզբունքներ։

Խորհրդի եզրափակիչ որոշումից, ըստ Արշակ Վարդանյանի, հնարավոր չէ եզրակացնել, թե ինչու  դատավորների նկատ­մամբ կիրառելի չէին «ՀՀ դատա­կան օրենսգիրք» սահմա­նադրա­­կան օրենքով նախատեսված տույժի նվազ միջամտող, այլընտ­րան­քային տեսակները, և կիրառելի էր միջամտության միայն ծայրահեղ, առավել ինտենսիվ միջոցը՝ լիազորությունների դադարեցումը։

«Սույն դեպքում՝ ըստ էության «ծայրահեղ սոցիալական կարի­քի» բացակայության պայման­ներում, կարգա­պա­հական վարույ­թով անցնող երեք դատավորների նկատմամբ կիրառվել է նրանց անձ­նական կյան­քը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտության ծայրահեղ միջոցը՝ լիազո­րություն­ները դադարեցումը, որի հետևանքով նրանց կարիերան թե´ դատական իշխանությունում, և թե´դրան օժանդակող իրա­վապահ մարմիններում ավարտվել է, նրանք զրկվել են ՀՀ սահմա­նադրութ­յամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով երաշխավորված՝ մինչև 65 տարեկանը պաշ­տոնա­վարելու, դատավորի աշխա­տավարձ և այլ սոցիալական երաշխիքներ, դատավորի կենսա­թոշակ ստա­նալու լեգիտիմ ակնկալիք­ներից: Վնաս է պատճառվել նաև դատավորների մասնագի­տական հեղինա­կութ­յանը, քանի որ հան­դիսա­նալով բարձր ատյաններում պաշտոնա­վարող և բազ­մամյա փոր­ձա­ռություն ունեցող դա­տա­վորներ՝ նրանց լիազորությունները դադարեցվել են գործ­նական աշխա­տանքում գրեթե ամենօրյա ռեժիմով կիրա­ռելի դատավարական իրավունքի նորմերի խախտման համար»,- գրել է դատավորը։

ՄԻԵԴ Վճռի հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքի հետադարձության խնդիրը

Կարգապահական վարույթի ընթացքում քննարկվել և խորհրդակցական սենյա­կում ձայ­ների մեծամասնությամբ մերժվել է դատավորներ Տ.Պետրոսյանի և Ա.Բարսեղյանի համատեղ միջ­նոր­դությունը,  որով նրանք, ի թիվս այլ հարցերի, Խորհրդին խնդրել էին կասեցնել վարույթը և դիմել Սահմա­նադրական դատարան՝ գործով կիրառվող օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար։

Արշակ Վարդանյանը, համաձայն չլինելով խորհրդի հայտնած  դիրքորոշման հետ, Հատուկ կարծիքում գրել է, որ դատավորներին վերագրվող արարքը կատարելու պահին գործող Դատական օրենսգրքի գործողության ողջ ժամանակահատվածում կարգապա­հա­կան վարույթ հարուցելու առիթ, ինչպես նաև հիմք է հանդիսացել դատավորի կողմից նյութական կամ դատա­վարական նորմի խախտում թույլ տալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապա­տասխան միջազգային պայմա­նագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախ­տումն արձանագրած ՄԻԵԴ ակտի կայացվելը, ընդ որում՝ երկու դեպքում էլ վարույթի հարուցման առավելագույն ժամկետը ենթադրյալ խախտումը կատարելուց հետո ընդա­մենը 1 տարի եղել։

Հին, այսինքն՝ խախտումը թույլ տալու պահին գործող  օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ կարգապահական տույժերի թվում առկա էր նաև դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախա­գահին դիմելը, որը բո­վան­դակային առումով համապատասխանում է գործող իրավակարգավորման՝ Խորհրդի կող­մից դատավորների լիազորությունները դադարեցնելու տույժի տեսակին: Տույժի այդ տեսակը ենթակա էր կի­րառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պար­բերական խախտման հետևանքով այն այլևս անհամատեղելի էր դատավորի պաշտոնի հետ, ընդ որում, դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիության էությունը հին օրենսգրքով բացա­հայտ­­ված չէր:

Տվյալ դեպքում, ըստ Վարդանյանի, դատավորներին վերագրվող իրավախախտման հա­մար վարույթ հարուցելու առիթը և հիմքը ծագել են 2019 թվականի հունվարի 24-ին՝ ՄԻԵԴ-ի կող­մից համապատասխան ակտը կայացնելու և այն ուժի մեջ մտնելու օրը, սակայն տվյալ ակտը կայաց­նելու օրվա դրությամբ՝

ա) Հին օրենսգիրքը ուժը կորցրել էր,

բ) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմա­նադրական օրենքը թեև գործում էր, սակայն դրանում դեռևս բացակայում էր ՄԻԵԴ-ի կողմից ար­ձա­­նագրված խախտման փաստով վարույթ հարուցելու առիթը և դատավորին պատասխա­նատ­վութ­յան ենթարկելու հիմքը։ Այսինքն՝ նոր Դատական օրենսգիրքն ընդունելիս օրենս­դիրն ի սկզբանե հրաժարվել էր ՄԻԵԴ արձանագրած խախտումները որպես նյու­թական և դա­տա­­վարական իրավունքի խախտման առանձին դրսևորում դիտարկելու կարգավո­րումից։ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են արվել 2020 թվականին և 2022-ին, որոնց համաձայն՝ կրկին նախատեսվել է ՄԻԵԴ-ի  ար­ձա­­նագրված խախտման փաստով վարույթ հարուցելու առիթը և դատավորին պատասխա­նատ­վութ­յան ենթարկելու հիմքը։

2020-ի փոփոխության համաձայն՝ եթե արդարադատություն կամ որպես դատա­րան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դա­տավարական իրավունքի նորմի (…) խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավո­րութ­յուն­նե­րի խախտում արձա­նագրող` ՄԻԵԴ ակտի ուսում­նասիրության արդյունքով, այդ խախտ­ման հիմ­քով կար­գապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 8 տարի։ 2022-ի փոփոխության համաձայն՝ 8 տարին դարձվել է 15 տարի, բացի այդ՝  նա­խատեսվել է նշված կարգավորմանը հետադարձություն տալու հնարա­վորութ­յուն, այն է՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ ՄԻԵԴ ակտերի ուսում­նասի­րության արդյունքով հայտնա­բերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վա­րույ­թով էական կարգա­պահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապա­հական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանութ­յան ան­կախության և անաչա­ռության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պա­հե­լու, դա­տական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրութ­յան վստա­­հության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Արշակ Վարդանյանը նշել է, որ, փաստացի, ՄԻԵԴ-ը քննության առարկա դարձած գործով ակտը կայացրել է 2019 թվականի հունվարի 24-ին, իսկ օրենքում առաջին անգամ փոփոխություն և լրացում է կատարվել 2020-ին, ինչն, ըստ Արշակ Վարդանյանի, առերևույթ բա­ցառում է  դատավոր Ա.Խառատյանի,  Բարսեղյանին և Տ.Պետ­րոսյանի նկատմամբ կարգա­պա­­­հական վարույթ հա­րու­ցելու, առավել ևս՝ նրանց պատաս­խա­նատվության ենթարկելու իրավաչափ հնարավորությունը:

Այսպիսով, սույն կարգապահական վարույթի ընթացքում և արդյունքներով վարույթ հարու­ցե­լու առիթի առկայությունը վարույթ իրականացնող մարմինները (նախ՝ Լիազոր մարմինը, ապա՝ Խորհուրդը) պետք է ստուգեին՝ որպես ելակետ ըն­դունելով ՄԻԵԴ կողմից առնվազն 02.05.2020թ. հետո դատական ակտ կայացնելու փաստը, այսինքն՝  սույն վարույթի շրջանակներում դա­տա­վոր­ներին կար­գապահական պատասխա­նատ­­վության ենթարկելու հարցը կարող էր բարձրացվել Օրենքում ուղղակիորեն նախատեսված նվազագույն պայմանը՝ ժամկետային սահմանափա­կումը  պահ­պա­նելու պարագայում:

Դատավորը  նշել է, որ  իրավախախտման պահին գործող ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի, ինչպես նաև  2015 թվականի խմբագրությամբ ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի հա­մաձայն՝ անձի իրավա­կան վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերն հետա­դարձ ուժ չունեն: Սահ­մանադրությունը նախատեսում է միայն մեկ իրավիճակ, որի պայ­ման­ներում օրենքին կարող է տրվել հետադարձ ուժ, այն է՝ եթե նոր օրենքն անձի իրավական վիճակը բարե­լավող է, ընդ որում, դա էլ իր հերթին պետք է հատուկ նախատեսվի նոր օրենքով:

Ըստ դատավորի՝ աներկբա է, որ Դատական օրենսգրքի քննարկվող լրացումներն ու փոփո­խութ­յունները 2020-ին վատթարացրել են դատավորների իրավական վիճակը իսկ 2022-ի փոփոխություններն էլ ավելի են վատթարացրել նրանց վիճակը․ այս փոփոխությունները կարող էին հանգեցնել և, փաստացի, հանգեցրել են նրանց նկատ­­­մամբ կար­գա­պահական տույժ նշանակելուն՝ դատավորների լիազորությունները դադարեց­նելուն։

Ինչպես իրավախախտումը կատարելու, այնպես էլ այն արձա­նագրելու պա­հին գոյություն չուներ վերաբերելի իրավակարգավորում, ուստի՝ դատավորներ Ա.Խա­ռատ­յանը, Ա.Բարսեղ­յանը և Տ.Պետրոսյանը նույնիսկ ընդհանուր գծերով չէին կարող նախատեսել, առավել ևս՝ կանխա­տեսել, որ որևէ իրա­վա­­խախտում են կատարում, նրանց համար կանխատեսելի չէին նաև վերը նկարագրված իրավական հետևանք­ները, որի պայմաններում դատավորներին կար­գապա­հական խախտում վե­րագրելը, առավել ևս՝  նրանց  նկատմամբ առավելագույն խիստ կարգա­պահա­կան տույ­ժի միջոց՝ լիազորությունների դադարե­ցում նշանակելը, իրա­վա­չափ, առավել ևս՝ հա­մաչափ չէ:

Վարդանյանը դիրքորոշում է հայտնել որ նման իրավիճակում ՍԴ դիմելը Խորհրդի ոչ թե իրավունքն, այլ պարտականությունն է, ինչը տվյալ դեպքում ոչ իրավա­չափորեն չի կատար­վել:

Ստեղված իրավիճակում կարգապահական գործի ելքի համար էական նշանակություն ունեցող այս հարցով դատավորները ՍԴ-ում կարող են դիմել գործի ավարտից հետո՝ անհատական դիմումով, երբ նրանց լիազորությունները՝ որպես դատավոր խորհուրդը կարող է և դադարեցրած լինել, ինչը տեղի է ունեցել այս պարագայում։

Արշակ Վարդանյանը դիրքորոշում է հայտնել, որ Խորհրդի կողմից վարույթի շրջանակներում ՍԴ դիմելու պարա­գայում դատավորը չի զրկվում նախքան կիրառման են­թակա օրենքի սահմանադրականության հարցի վերջնական  պար­զումը շարունակելու և ավար­տելու իր վա­րույթի գործերը, մինչդեռ Խորհրդի որոշ­մամբ՝ դատավորի լիազորութ­յուն­ները վարույթի արդյունքներով դա­դարեցվելու պարագայում դատա­վորի վարույ­թում քննվող հարյու­րա­վոր, եթե ոչ հազարավոր գործեր վերամակագրվելու են այլ դատավոր­ների՝ հանգեցնելով այդ գործով անցնող դատավարության մասնակիցների՝ ող­ջամիտ ժամկետ­ներում գործերի քննելու և լուծելու իրավունքի համատարած խախտման: Մինչդեռ, չի բացառվում, որ ՍԴ-ն դատավորի վիճարկած և նրա լիազո­րությունների դադա­րեց­ման հիմքում դրված (կիրառված) նորմը հակասահ­մանադրական ճանաչեր, ինչով կա­րող էին ար­ձանագրվել թե´ նախկին դատավորի անփոփոխելիության սկզբունքի, թե´ նրա վարույթում քննվող գոր­ծերով անցնող անձանց՝ արդար դատաքննության (այլևս անվերա­կանգ­­նելի) իրավունք­ի խախ­տումները։

Վարդանյանն անդրադարձել է նաև մեկ այլ կարևոր հանգամանքի․թեև Լիազոր մարմնի ներկայացուցչի մեկնաբանմամբ ՄԻԵԴ ակտերի ուսումնա­սիրութ­յուն­ները կատարում են դրանց կայացման ժամանակագրական չափանիշով, սակայն նրան ուղղված հարցադրումների պատասխաններից պարզվել է, որ սկսած 2007 թվականից Հա­յաս­­­­տանի  Հանրա­պե­տության դեմ կայացված ՄԻԵԴ դա­տական ակ­տերն Արդարա­դատության նախարա­րութ­յունում ուսում­նասիրվում են առանց այդ գործ­ըն­­թացը կանոնակարգող որևէ նոր­մա­տիվ իրավա­կան ակտի ընդունման, դրանով նախա­տեսված՝ օբյեկտիվ չա­փանիշ­ների բացակա­յութ­յան պայ­ման­ներում, այլ կերպ՝ պա­տա­հական (սուբյեկտիվ) ընտրութ­յան սկզբուն­քով, որի հետևան­քով պա­տաս­­խա­նող կողմը բարձ­րացրել է ՄԻԵԴ ակտերի ուսումնա­սի­րութ­յունները համա­կար­գող լիազոր  մարմնի կողմից այդ գործընթացում դատավոր­ների միջև տարբե­րակված մոտե­ցում ցու­ցաբերելու, կոնկրետ դատավոր­ների թիրախավորելու և «պատժելու» հարցը։

Կարգապահական գործի քննության ընթացքում Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը պնդել է, որ  քննարկվող գործընթացի շրջանակ­ներում Արդա­րադա­տության նախարարությունում առաջին հերթին ուսումնասիրվել և ուսում­նասիր­վում են 2022 թվականին ՄԻԵԴ կայացրած ակտերը։ Սակայն Արշակ Վարդանյանը ՄԻԵԴ վճռի հիմքով հարուց­ված և Խորհուրդ ուղարկված 4 կարգապահական վարույթների, տվյալների համադրության արդյունքում եզրահանգել է, որ նախարարության այս պնդումը չի հաստատվում։

«Մասնավորապես, Լիազոր մարմնի ներկա­յացուցչի վկայա­կոչած սկզբունքով առաջ­նորդ­վելու պարագայում ՄԻԵԴ վերոնշյալ 4 ակտերից պետք է առաջինը ուսումնասիրվեր դատավոր Է.Ն-ի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ հանդի­սացած ՄԻԵԴ ակտը, ապա՝ դատավոր Մ.Մ-ի վերա­բեր­յալ ակտը, այնուհետև՝ սույն վա­րույթով անցնող դատավորների վե­րա­բերյալ ակտը, որից հետո՝ դատավոր Ս.Անտոնյանի վերա­բերյալ ՄԻԵԴ ակտը, մինչդեռ Արդարադատության նախարարությունում դրանց ուսումնասիրություն­ների հա­ջոր­­դա­կա­նութ­յունն (ժամանակագրությունը) օբյեկ­տիվ իրականության մեջ խախտված է»,- գրել է Արշակ Վարդանյանը։

Այսպիսով՝ Վարդանյանը գտել է, որ Լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դա­տավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր­ներ Տիգրան Պետրոսյանին և Արտակ Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերա­բերյալ, ենթակա է մերժման։

 

Արաքս Մամուլյան