«Gagik Soghomonyan»-ը չի հայտնաբերվել․ Բեքարյանի, Սաղաթելյանի ու մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Հասարակություն
21.08.2023 | 19:13Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության մենեջեր Մհեր Ավագյանի և քաղաքացի Արամ Սարգսյանի նկատմամբ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան էջի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը, Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը, Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը և Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ չեն կատարել իրենց մեղսագրվող արարքը, այսինքն՝ արդարացնող հիմքով։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը 7 անձի բերման է ենթարկվել՝ Gaqik Soghomonyan ֆեյսբուքյան էջի գործով։ Այս էջով պատերազմի օրերին և դրանից հետո պարբերաբար քննադատական և, ըստ իրավապահների՝ վիրավորանք ու բռնության կոչեր պարունակող գրառումներ էին կատարվում իշխանությունների հասցեին։
Այն ժամանակ, երբ 7 անձ բերման էր ենթարկվել ԱԱԾ, մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ նրանք Gagik Soghomonyan էջի հետ կապված լինելու համար են տարվել ԱԱԾ։ Այնինչ, շատ չանցած, Gagik Soghomonyan էջում հայտնվեց մամուլի վերը նշված հրապարակումը, ինչը սոցիալական ցանցերի տիրույթում երգիծական գրառումների առիթ տվեց․ ստացվում էր՝ Gagik Soghomonyan էջն օգտագործելու մեջ կասկածվող անձինք ԱԱԾ մեկուսարանում են, իսկ Gagik Soghomonyan-ը նոր գրառում է կատարել։
ԱԱԾ տարված 7 անձանցից 3-ը շատ չանցած ազատ արձակվեցին, մյուս 4 անձինք՝ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանն ու Արամ Սարգսյանը ձերբակալվեցին, ապա նրանցից մի քանիսին՝ նախկին քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեղադրանք առաջադրվեց, կալանքի միջնորդություններ ներկայացվեցին դատարան, Արամ Սարգսյանը շուրջ մեկ ամսով կալանավորվեց։
ԱԱԾ-ն դեպքի առթիվ տարածեց ծավալուն մի հաղորդագրություն, համաձայն որի՝ Արա Սաղաթելյանը, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կարեն Բեքարյանին, վարորդին՝ Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:
«Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի խմբի անդամները նույն ֆեյսբուքի էջի միջոցով հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:
Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և, ըստ ԱԱԾ-ի, քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ։
«ԱԱԾ-ն հայտնում է, որ «հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Մեղադրյալների պաշտպանները շուտով հայտնեցին, որ իրենց պաշտպանյալները հայտնվել են մեղադրյալի աթոռին միայն այն բանի համար, որ օգտագործել են Proton VPN հավելվածը․ ըստ ԱԱԾ-ի՝ մեղադրյալները VPN հավելվածին միացել էին հենց այն IP հասցեից, որից օգտվել է նաև Gagik Soghomonyan էջը։
Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, ցույց տալու համար, որ դա ապացույց չէ, դատական նիստի ընթացքում ներբեռնել էր Proton VPN հավելվածն ու նույն IP հասցեից, որից օգտվելու պատճառով վարույթն իրականացնող մարմինը եզրահանգման է եկել, որ Gagik Soghomonyan ֆեյսբուքյան հաշվից օգտվում են Արա Սաղաթելյանն ու գործով մյուս մեղադրյալները, մուտք գործել համացանց։
Այս դեպքերից շուրջ 2․5 տարի անց մեղադրյալիների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։ Իրավապահ համակարգում Factor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տեղեկություն ստանալու ակնկալիքով ընդհուպ գրություն է ուղարկել Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադմինիստրացիա, սակայն գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություն չի ստացել։ Մեր հարցին՝ արդյոք քրեական գործի քննությունն այս պահին շարունակվո՞ւմ է, թե՞ կարճվել է, ԱԱԾ-ից հայտնեցին, որ վարույթը կասեցված է։ Այս պահին Gagik Soghomonyan ֆեյսբուքյան էջը դեռևս պահպանվում է, էջում գրառումներ են արվել մինչև մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ։
Արաքս Մամուլյան