Հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ և ապօրինի միգրացիայի կազմակերպման փորձեր՝ կեղծ շենգենյան վիզաների միջոցով. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
13.07.2023 | 15:51Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 63-ամյա բնակչուհին, իր ծանոթներից՝ 24 և 63-ամյա տղամարդկանցից, տեղեկանալով արտասահմանում բնակվող անձանց բանկային քարտերի միջոցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարներ հափշտակելու հնարավորության մասին, հանցավոր համաձայնության է եկել նրանց և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ:
Նշված կինը տուրիստական գործունեությամբ զբաղվող՝ իր հիմնադրած և փաստացի ղեկավարած ՍՊ ընկերության կողմից տուրիստական ծառայություններ մատուցելու պատրվակով, Երևանում գործող բանկերից մեկից 2019թ. նոյեմբերի 12-ին ձեռք է բերել անկանխիկ վճարումներ կատարելու համար նախատեսված՝ «POS» տերմինալ սարք: Ապա, օգտագործելով 24-ամյա երիտասարդի համակարգչային տեխնիկային տիրապետելու ունակությունները, վերջինիս միջոցով նրա բջջայինի «WhatsApp» հավելվածով ստացել են անհայտ անձի կողմից ուղարկված՝ Հոնկ-Կոնգի HSBC բանկի 5 քարտապանների քարտային տվյալները՝ քարտի վրա առկա 16 թվային նիշերը և վավերականության ժամկետը: Նշված տվյալները 24-ամյա երիտասարդի կողմից մուտքագրվել են վերը նշված «POS» տերմինալ, որի արդյունքում, 2019թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 21.350.000 ՀՀ դրամ գումար: 2019թ. նոյեմբերի 21-ին 63-ամյա կինն ու 24-ամյա երիտասարդն այցելել են բանկ և ընկերության հաշվից կանխիկացրել 6.200.000 ՀՀ դրամ գումար, որից 600.000 ՀՀ դրամն առձեռն փոխանցվել է 24-ամյա երիտասարդին: Կասկածելի գործարքի պայմաններում ՍՊ ընկերության հիշյալ հաշիվը բանկի կողմից սառեցվել է, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են մնացած 15.150.000 ՀՀ դրամը կանխիկացնելու հնարավորությունից:
Բացի այդ, նշված կինը, հանդիսանալով տուրիստական գործակալության տնօրեն, 2016 և 2019թթ. երկու տարբեր անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզաներով՝ մի դեպքում Սիրիայի քաղաքացի հանդիսացող հայազգի մի կնոջ ՀՀ-ից ելքը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու, իսկ մյուս դեպքում ՀՀ մի քաղաքացու՝ ՀՀ-ից ելքը և Շվեդիաի Թագավորություն մուտքը կազմակերպելու համար։ Նշված առաջին անձից 63-ամյա կինը պահանջել և 2016-2017թ. ընթացքում մաս-մաս ստացել է ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 եվրո, իսկ երկրորդից՝ իր ընկերությունում ստացել է 570.300 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Դրանից հետո, նախնական համաձայնությամբ, մի դեպքում պատրաստվել է ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ շենգենյան երկրներ մուտքի թույլտվության, մյուսի դեպքում՝ Սլովենիայի Հանրապետությունում ձևակերպված շենգեն կեղծ վիզա: Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը պարզվել է և այդ մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:
Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ 63-ամյա կնոջ հետ վերը նշված դեպքով արդեն իսկ համագործակցած՝ Չեռնոգորիայում գտնվող անձը նախնական համաձայնության է եկել Հայաստանում բնակվող և 63-ամյա կնոջ մեկ այլ մտերիմ հանդիսացած տղամարդու հետ, խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով ՀՀ մեկ այլ քաղաքացի աղջկա Հայաստանից ելքը և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքը կազմակերպելու շուրջ։ Այդ նպատակով 2019թ. նոյեմբերին ՀՀ-ում բնակվող անձը աղջկա մորեղբորից պահանջել և ստացել է 1.859.060 ՀՀ դրամին համարժեք 3.500 եվրո կանխիկ գումար: Ապա 2019թ. նոյեմբերին նա՝ աղջկան ՀՀ-ից փոխադրել է Վրաստան, որտեղից Թուրքիայով միասին մեկնել են Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանա։ Կարճ ժամանակ անց աղջկա տվյալներով պատրաստվել է կեղծ վիզա, որը վերջինս ստացել է Չեռնոգորիայիում բնակվող անձից։ Սակայն Ալբանիայից Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելիս իրավապահները պարզել են վիզայի /արտոնագրի/ կեղծ լինելը և աղջիկը ձերբակալվել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 63-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մյուս երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երկուսին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: