Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Արդարադատության նախարարության միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն վերջինս գործի քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այսօր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրեր առաջ մամուլում շրջանառված տեսանյութը, որում երևում են Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը` նույն սրճարանում միասին նստած, որտեղից հետո առանձին դուրս են գալիս: Միջնորդությունը, սակայն, մերժվեց:

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Ըստ գործի` Գերմանիայում գրանցված այս ընկերությունը դեռևս 1990-ական թվականներից սկսած Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ն կանոնավոր գնել է մետաղական ջարդոն, 1999 թ․ փետրվարի 8-ին, 2000 թ․ ապրիլի 10-ին և 2003թ ապրիլի 2-ին գերմանական վերոգրյալ ընկերությանը պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը ՍՊԸ-ի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները պետք է «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց, ինչպես նաև՝ 2002 թ . նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին վարկ է տրամադրել՝ 100.000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003թ հունվարի 31-ը, սակայն պարզվել է, որ դիմումատուն ոչ միայն չի վերադարձրել գումարը, այլև չի կատարել դիմումատու ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավությունները, մասնավորապես, մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք արդեն ստացել էր։

2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի և ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։ Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։ Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները ևս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։ Արբիտրաժային տրիբունալը ևս հրաժարվել էր քննել հայցը, արդյունքում, հաշվի առնելով, որ Տնտեսական դատարանն արդեն լուծարվել է, «Շոլց ԱԳ» ընկերությունը 2008թ. հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որը փոխանցվել է Երւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշված հայցը դատարանը թողել է առանց քննության՝ հղում կատարելով Տնտեսական դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վարույթ չի ընդունվել։

«Շոլց ԱԳ» ընկերությունը դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից այն բանի հետեւանքով, որ սովորական դատարանները և Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դիմումատուի իրավունքների խախտումը՝ նշելով, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, եւ դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության, այսպիսով, դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից։

ՄԻԵԴ վճռով նաև արձանագրվել է, որ դիմումատու ընկերության հայցը հստակորեն վերաբերել է քաղաքացիական հարցի, մասնավորապես, այն եղել է քաղաքացիական հայց՝ ՍՊԸ-ից պարտքի հիմնական գումարը և տոկոսները կամ վարկի գումարը և տոկոսները վերադարձնելու նպատակով։

Արաքս Մամուլյան