Զինված ուժերում 10 տարի առաջ ներդրված սպա-հոգեբանների ինստիտուտը կայացած չէ․ նրանք շատ անելիք ունեն բանակի ու զինվորների խնդիրների լուծման գործում
Քաղաքականություն
31.05.2023 | 18:30Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի զինված ուժերում ինքնասպանության կամ դրան հասցնելու 4 դեպք է արձանագրվել։ Մասնագետները տարակարծիք են դրդապատճառների ու կանխարգելման ձևերի հարցում, սակայն համաձայնում են՝ բանակում աշխատող սպա-հոգեբանները, որոնց ծառայությունը ներդրվել է 10 տարի առաջ, շատ անելիք ունեն բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով առաջացող խնդիրները մեղմելու գործում։
Անցած տարի, Դատախազության տվյալներով, բանակում ինքնասպանության 5 դեպք է գրանցվել, վերջին 10 տարվա ընթացքում՝ ինքնասպանության կամ դրան հասցնելու 87 դեպք։
Ըստ Պաշտպանության նախարարության՝ Factor.am-ին տրամադրած տեղեկատվության՝ սպա-հոգեբանը, ի լրումն այլ գործառույթների, պետք է «կատարի ուսումնասիրություններ ստորաբաժանումներում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական գործընթացների և առանձին զինծառայողների վարքի կանխատեսումների վերաբերյալ»։
«Հոգեբանը պատասխանատու է զորամասում հոգեբանական աշխատանքների կազմակերպման, անձնակազմի hnգեբանական վիճակի և նրանց հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար, պետք է նաև մասնակցի ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հոգեբանական պատրաստության գործընթացին, զինծառայողների շրջանում իրականացնի հոգեբանական աջակցման աշխատանքներ»,- նշված է ՊՆ-ի կողմից Factor.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկված գրությունում։
Ծառայության մեջ գտնվող կամ վերջին երկու տարում զորացրված երկու տասնյակից ավելի զինվորները Factor.am-ի հարցախույզի ընթացքում հիմնականում նշել են, որ իրենց զորամասում կա՛մ չի եղել հոգեբան, կա՛մ եղել է մեկը, որի հետ իրենք չեն առնչվել։ Ըստ հարցվածների՝ հաճախ նաև ծառայակիցները լուրջ չեն վերաբերվել սպա-հոգեբանին, հարցվածների մեջ եղել են մարդիկ, որոնք չգիտեին, որ զորամասերում ծառայում են նաև սպա-հոգեբաններ։
Հայկ Բաղդասարյանը [տվյալները փոխված են՝ զինվորին չվնասելու համար] վեց ամիս ծառայել է մի զորամասում, որտեղ սպա-հոգեբանի հետ հանդիպումները պարտադիր էին։
«Շատ լավ էր և բավականին օգտակար։ Հիմա այլ զորամաս են տեղափոխել, ու գրեթե մի տարի հոգեբան չեմ տեսել, միայն լսել եմ նրա գոյության մասին։ Անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ իրեն այցելելու, չնայած նրան, որ կարիքը հաճախ ենք ունենում թե՛ ես, թե՛ ծառայակից ընկերներս։ Այնքան անլուրջ է ամեն ինչ, որ անգամ չեմ ուզում պատասխանել, թե ինչու չենք գնում»,- նշում է Բաղդասարյանը։
Ըստ հարցվածների՝ հաճախ զինվորները կասկածի տակ են դնում հոգեբանի՝ մասնագետ լինելու փաստը, ինչի հետևանքով էլ չեն վստահում ու չեն դիմում ինչ-որ լուրջ հարցով։ 2021-ին զորացրված Մուրադ Համբարձումյանը [տվյալները փոխված են] նշում է՝ թեպետ, ըստ կանոնակարգի, զինվորների հանդիպումները հոգեբանների հետ պետք է լինեն հաճախակի, բայց, «փաստացի, կան զորամասեր, որտեղ զինվոր-հոգեբան կապ չի եղել ծառայության ողջ ընթացքում»։
Factor.am-ի հարցախույզի մասնակիցների պատասխանների համաձայն՝ ամեն զորամաս ունի աշխատելու իր ոճը, հոգեբանների հետ հանդիպումները պարտադիր չեն որոշ զորամասերում, և հստակ կանոններով աշխատող սպա-հոգեբաններ քիչ զորամասերում են ծառայում։
Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ հիմնադիր-ղեկավար Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ զինվորները չեն դիմում բանակում աշխատող հոգեբանին, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ պայմանները։
«Առաջին հերթին պետք է ստեղծեն մթնոլորտ, որպեսզի բռնության, սպառնալիքների տակ գտնվող զինվորը կարողանա իր խնդիրների մասին արտահայտվել, հենց ինքը գնա այդ սպա-հոգեբանի մոտ և պատմի։ Չկա այդ մթնոլորտը, և նախարարից սկսած՝ որևէ մեկը դրա մասին չի մտածում»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Ալեքսանյանը։
2013 թվականին «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ զորամասերում ներդրվել է սպա-հոգեբանի հաստիք։ ՊՆ-ն մերժել է զինված ուժերում ծառայող սպա-հոգեբանների թվի մասին տվյալների տրամադրումը Factor.am-ին, քանի որ պահանջվող տեղեկատվությունը համարվում է ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություն:
Զինված ուժերի համար նպատակային է, որ բոլոր զորամասերում ծառայեն սպա-հոգեբաններ, այդուհանդերձ, ոչ բոլոր զորամասերում կան հոգեբաններ, իսկ այդ գործառույթն իրականացնում են դասակի հրամանատարները կամ գնդերեցները՝ Factor.am-ի հետ զրույցում նշում է Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական հոգեբանության և ռազմական մանկավարժության ավագ դասախոս Կարինե Կարապետյանը։
«Հատկապես պատերազմից հետո մեր զորամասերում կա հոգեբանի անհրաժեշտություն, և հոգեբանի դերը շատ կարևոր է, զինվորների հետ բավական աշխատանք պետք է տարվի, որովհետև տղաները պետք է վերջապես ինտեգրվեն նորմալ կյանքի և նորմալ ծառայության»,- ասում է Կարապետյանը։
Ըստ ՊՆ-ի՝ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկված գրության՝ զինված ուժերում սպա-հոգեբանների հաստիքները ներդրվել են փուլային կարգով և սկզբնական շրջանում առաջնահերթություն է սահմանվել նշված հաստիքները ներդնել մարտական հերթապահություն իրականացնող և ուսումնական զորամասերում․ «Այն զորամասերում, որտեղ նախատեսված չեն սպա-հոգեբանի հաստիքներ, հոգեբանական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են հրամանատարների բարձրագույն հրապմանատարական կազմի գծով տեղակալների միջոցով»։
Ռազմական համալսարանը պատրաստում է թե՛ սպա-հոգեբանների, թե՛ հրամանատարական կազմի ներկայացուցիչներին է վերապատրաստում այդ հաստիքի համար։ Բացի այդ, համալսարանում դասակի հրամանատարն ուսումնասիրում է հոգեբանություն և մանկավարժություն՝ հոգեբանների բացակայության պարագայում նրանց գործառույթները որոշակիորեն իրականացնելու համար։
Համալսարանի ռազմական հոգեբանության դասախոս Անի Նավասարդյանը նշում է, որ հոգեբանների հետ զուգահեռ ծառայության մեջ են նաև գնդերեցները՝ հոգևոր սպասավորները․ «Ունենք զորամասեր, որտեղ երկուսն էլ իրենց գործունեությունն իրականացնում են, հիմա մենք համալրման գործընթացի մեջ ենք, պիտի լինի այնպես, որ բոլոր զորամասերը ունենան և՛ սպա-հոգեբան՝ առանձին մարդ, որը զբաղվում է զինծառայողների խնդիրներով, և՛ գնդերեց»։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր-տնօրեն Էդգար Խաչատրյանը կարևորում է բանակում հոգեբանների ինստիտուտի ներդրումը, հատկապես պատերազմում պարտություն կրելուց հետո։
«Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ինստիտուտը լավ չի աշխատում, չեն կարողացել հասնել այն կետին, որ այն ծառայի իր նպատակին, որովհետև վստահություն չկա այդ ինստիտուտի նկատմամբ։ Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք, հարցազրույցներ ենք ունենում զորացրվածների հետ, և նրանց գրեթե 85 տոկոսն ասում է, որ չեն վստահում հոգեբաններին: Այսինքն՝ եթե հոգեբանական խնդիրներ ունենային էլ, չէին մոտենա սպա-հոգեբանին և այդ ուղղությամբ նրա հետ չէին զրուցի»,- նշում է Խաչատրյանը։
Ռազմական համալսարանի ռազմական հոգեբանության և ռազմական մանկավարժության ավագ դասախոս Կարինե Կարապետյանի կարծիքով՝ վստահության պակասի հարցում կարևոր գործոն է սպա-հոգեբանների համար առանձին աշխատասենյակի բացակայությունը։ Ըստ Կարապետյանի՝ նրանք երբեմն աշխատում են մի քանի այլ մասնագետների հետ նույն սենյակում, ինչը կարող է խանգարել զինվորիներին ինքնակամ հոգեբանին դիմելու հարցում։
«Զորամասում կա խնդիր՝ հոգեբանը պիտի ունենա իր առանձնասենյակը, եթե կա սպա-հոգեբան, ուրեմն պիտի հնարավոր պայմաններ ստեղծվեն, որ նա կարողանա իր աշխատանքը լիարժեք իրականացնել։ Այս խնդիրն ունենք, որովհետև եթե մի սենյակում նստում են հինգ հոգի, հոգեբանն իր աշխատանքն իրականացնել չի կարող»,- նշում է նա։
Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից նշում են, որ պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանների համաձայն՝ այն զորամասերում, որտեղ ներդրված են սպա-հոգեբանների հաստիքներ, նախատեսված են նաև հոգեբանական օգնության կետեր (ՀՕԿ), որտեղ զորամասերի սպա-հոգեբանները կատարում են իրենց մասնագիտական գործունեությունը։
«Թեև ներկայում առանձին զորամասերում, պայմանավորված տվյալ զորամասի շենք-շինություններում համապատասխան տարածքի բացակայության հանգամանքով, դեռևս կահավորված չեն ՀՕԿ-եր, սակայն անհրաժեշտ հոգեբանական աշխատանքներն իրականացնելու համար սպա-հոգեբաններն ապահովվում են առանձնացված աշխատանքային տեղով»,- նշում են ՊՆ-ից:
Կարապետյանը հավելում է, որ զորամասում ծառայության ընթացքում առաջանում են տարաբնույթ խնդիրներ՝ հարմարվելու, կոնֆլիկտային և միջանձնային բնույթի, լինում են շեղվող վարքագիծ ունեցող զինծառայողներ, որոնց հետ ողջ ծառայության ընթացքում պիտի աշխատի հոգեբանը։
«Ինքնասպանությունները կարող են լինել վերը նշված խնդիրների արդյունք։ Նախքան բանակ զորակոչվելը զինծառայողները պիտի անցնեն բուժզննում, որտեղ պետք է աշխատեն հոգեբաններ և հոգեթերապևտներ, բացթողումները գալիս են հենց այդտեղից։ Շատ-շատ խնդիրներ են առաջանում ծառայության ընթացքում, պարզապես ինքնասպանություններն աչքի ընկնող են։ Պիտի աշխատեն, որ զինծառայողի առօրյան հագեցած լինի, ասում են՝ «պարապ զինվորը պոտենցիալ հանցագործ է»։ Հենց այնպես ինքնասպանություններ չեն լինում, հենց այնպես սպանություններ չեն լինում»,- պարզաբանում է նա։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն Էդգար Խաչատրյանի դիտարկմամբ՝ բազմաթիվ զորամասերում մեկ հոգեբանը ստիպված է լինում աշխատել մի քանի հազար զինվորի հետ։ Այս դեպքում հոգեբանները ֆիզիկապես չեն կարող հասցնել լիարժեք կատարել իրենց աշխատանքը․ «Սկզբում պետք է ունենանք որակյալ սպա-հոգեբաններ, հետո մտածենք՝ ոնց անենք, որ ունենանք բավարար թվով սպա-հոգեբաններ։ Անգամ այդ մեկ հոգեբանը, որ կա, ինքն էլ, շատ դեպքերում, չունի զինվորների հետ աշխատելու անհրաժեշտ կարողությունները, անգամ փոքր թվով զինվորների հետ»։
Էլեն Միքայելյան
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.
Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: