Իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.05.2023 | 21:15Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:
Սա կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան:
Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղևորության էի և Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների և իմ կոլեգաների հետ: Ամենակարևոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաև Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նույնն արձանագրեցինք նաև իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են և սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, և հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ:
Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Վարչապես Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաև նաև հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաև ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար:
Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:
Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում: Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է:
Նաև ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որևէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարևոր եմ համարում նաև մեր համագործակցությունը միջազգային տնտեսական և ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետև մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարևոր է, որովհետև բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսևորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր:
Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական:
Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաև առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում: