Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.04.2023 | 12:00ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն է տեսնում․ ըստ նրա՝ հնարավորությունը մեծացել է այն բանից հետո, երբ Հայաստանը մարդկային կերպով արձագանքեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին: Վարչապետն այս մասին նշեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Փաշինյանն արձանագրեց. «Մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա: Եվ այդ հնարավորությունը մեծացել է, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին: Եվ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին ու ընդունեցին»:
Փաշինյանի խոսքով՝ Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէին կայացնի, եթե չփոխեին պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու դիտանկյունն այս ժամանակահատվածում: Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը բեռների ու փրկարարական ջոկատի համար չէր բացի, եթե չհավատար Հայաստանի անկեղծությանը:
«Եվ արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների ու աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի և հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն այս առումով չափազանց կարևորեց, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Ըստ Փաշինյանի՝ դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա դրանց ազդեցությունն ի չիք դառնա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, Փաշինյանի դիտարկմամբ՝ այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։
«44-оրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ:
Նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս իրավիճակն ունի և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ:
«Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունն այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը:
Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև:
Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,- նշեց վարչապետը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ՝ առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանի հավաստմամբ՝ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով:
«Այսուհանդերձ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետությունը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվում կամ հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, և հնարավոր է ապացուցել:
«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ անդրադարձի չի եղել. «Խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ․․․»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի։ «Սրանով, իրականում, արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն «ա» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում, դա տեսականորեն կարող է նշանակել «ա» կարգավիճակը վերանայել, դարձնել «բ» կարգավիճակ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել «ա+1», «ա-1» կարգավիճակ», – ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ առանց ֆիքսելու «ա» կարգավիճակը՝ ապագա որևէ կարգավիճակի մասին՝ ինքնորոշման մասին, խոսք լինել չի կարող:
«Հիմա մենք սեփական ձեռքերով բանակցային, քաղաքական աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք՝ ԼՂ համար ցականում ենք «բ» կարգավիճակ՝ երբեք չընդունելով «ա» կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», – ընդգծեց նա:
Վարչապետն ասաց, թե չափազանց կարևոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի ու այդ մեխանիզմը ապահովի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:
«Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ», – նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։