Արցախն անկախության ճանաչման չի հասել՝ նույնիսկ բանակցային փառահեղ պահին․ հրապարակե՛ք բոլոր փաթեթները․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.03.2023 | 20:47Factor TV-ի հարցազրույցը ԵՄ և հետխորհրդային տարածքի պետությունների հարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցի հետ
-Ադրբեջանից ռազմական ագրեսիայի, էսկալացիաների անթաքույց սպառնալիքներ են հնչում, և Հայաստանի իշխանություններն են վերջերս սկսել շատ հայտարարել, որ էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ է կախված Արցախի ժողովրդի գլխին։ Եթե հետևենք նույն ադրբեջանական իշխանությունների խոսույթին և Արայիկ Հարությունյանի բացահայտմանը, Իվանյանում մարտի 1-ի հանդիպման շրջանակում Ադրբեջանը պահանջ է դրել՝ կա՛մ ինտեգրվում եք, կա՛մ ավելի կոշտ միջոցների ենք գնալու։ Ի՞նչ է սպասվում կարճաժամկետ հեռանկարում։
-Կարճաժամկետ հեռանկարում ինչ սպասել՝ կարելի է շատ թե քիչ կռահել՝ հասկանալու համար, թե հիմա ինչ է կատարվում և ինչու, և ինչու է այդպես կատարվում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը պատերազմի արդյունքով վերջնական չի լուծել խնդիրը և շարունակելու է ճնշումներն այնտեղ, որտեղ հնարավոր է․ դա կլինի հոգեբանորեն, ինչ-որ փոքրիկ գործողություններով, ամեն դեպքում՝ մինչև բուն բանակցությունները կսկսեն միս ու մարմին ստանալ, Ադրբեջանը պետք է ջանասիրաբար փորձի որտեղ հնարավոր է՝ ճնշում գործադրել։ Դա չեն էլ թաքցնում։ Հետևաբար՝ այստեղ այլևս անակնկալի ռեժիմ չկա։ Եվ հասկանալու համար, թե կարճաժամկետ ինչ պետք է անել, այնուամենայնիվ, պետք է քննարկել և իմանալ հարցն ընդհանրապես ինչպես պետք է լուծվի, որովհետև եթե մենք վաղվա օրվա տրամաբանությամբ ենք մտածում, գուցե վաղը ստացվի մի քիչ հաջող՝ հետ մղել այդ ճնշումը, մյուս օրը՝ անհաջող և այսպես շարունակ։ Բայց դա չպետք է շեղի հիմնական խոսակցությունից, որը հայերի համար, հասկանալի է, տհաճ է, որովհետև այնտեղ բազմաթիվ տհաճ հարցեր կան, տհաճ որոշումներ կան։
-Եկեք ուրվագծենք Հայաստանի և Ադրբեջանի խոսույթն ու գործողությունները։ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի ունեցած կարմիր գծերի մասին, որոնք, ըստ նրա մեկնաբանման, Ադրբեջանը փորձում է հատել՝ ՀՀ-ից ստանալ Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն անելու ստորագրություն։ Երկրորդը միջազգային մեխանիզմն էր Բաքու-Ստեփանակերտ խոսակցության մեջ, ըստ Փաշինյանի՝ Բաքուն դրանից հրաժարվում է՝ ասելով, որ իմ ներքին գործն է, ի՞նչ միջազգային մեխանիզմ։ Երրորդը՝ խաղաղության պայմանագրի երաշխավորի ինստիտուտ, դա էլի հայկական կողմի նախաձեռնությունն է։ Բայց Բաքուն ունի սեփական ծրագրերն ու օրակարգը․ առաջին՝ Լեռնային Ղարաբաղի «ինտեգրում» Ադրբեջանի հետ, նրանք չեն ուզում լսել որևէ միջազգային մեխանիզմի, դիտորդի մասին։ Ինչպե՞ս է հնարավոր առաջ գնալ։
-Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է, և դա նոր չէ, պարզապես իրավիճակն է նոր։ Նաև հայկական կողմի համար բանակցության այն երանելի տարիներին, երբ հաղթողի բարձունքից էինք բանակցում, Ադրբեջանը նույնն էր ասում։ Պարզապես հիմա ոչ միայն ասում է, այլ նաև գործողություններ ձեռնարկելու հնարավորություն ունի։ Որքանով իմ շփումները հնարավորություն են տալիս չեզոք միջավայրում, նաև՝ Ադրբեջանից փորձագետների և այլնի ժամանակ, հասկանալի է՝ Բաքվի համար մեխն այն է, որ ինչ էլ քննարկվի, քննարկվի այն բանի հաստատումից հետո, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է։ Ըստ էության, եթե ամբողջական նայենք, միայն դա ամրագրելուց հետո Բաքուն պատրաստ կլինի ինչ-որ այլ քննարկումներ կատարել։ Մի քանի միֆական բառեր կան արցախյան հարցի խոսույթում արդեն տասնամյակներ՝ կարգավիճակ, հանրաքվե, ինքնորոշում․․․ Գիտեք՝ այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ այդ բառերը գործածելիս հասարակությունը դրանք ընկալել է մաքսիմալ իմաստով։ Կարգավիճակ՝ իհարկե, անկախություն, ինքնորոշում՝ իհարկե, անկախություն, հանրաքվե՝ իհարկե, այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ձեռք բերելու։ Բայց դա այնպես չէ։ Եվ հիմա էլ այս մեծ անգիտությունից հետո, ինչի մեջ ապրել է հասարակությունը, մի քիչ պետք է բարեխիղճ լինել՝ և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը, և բացատրել։ Երկար թաքցվել է, ի վերջո, պարզ տեքստով չի խոսվել այն մասին, որ բանակցությունների ամենափառահեղ պահերին անգամ երբեք խոսք չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետություն, միավոր ճանաչման մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան