Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը

Լուրեր

24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 2400 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Արձանագրվել է 500 խախտում, տուգանքի չափը կազմել է շուրջ 917 մլն ՀՀ դրամ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ 240 վերահսկողական միջոցառում է իրականացրել՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային, հողային, ընդերքի ռեսուրսների օգտագործման ու պահպանության, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի, արտադրության և սպառման թափոնների ուսումնասիրության ուղղություններով։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 2393 իրավախախտում, կիրառվել է 99 մլն ՀՀ դրամի տուգանք, կասեցումների թիվը՝ 27: Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք: Նշված ուղղություններով իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվել է 212 ստուգում, արձանագրվել է 1544 խախտում: 2022թ. մեկնարկել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը, որի շրջանակում գնահատվել են ուսուցիչների մեթոդական և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, մասնագիտական գիտելիքները, արդյունքում տրամադրվել են կրթական գործընթացի վերաբերյալ ցուցումներ: 40 դպրոցում կատարվել է աշակերտների մնացորդային գիտելիքների ստուգում, ԿԳՄՍՆ կողմից միջոցառումներ են ձեռնարկվել կրթության որակի արդյունքների բարելավման ուղղությամբ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 568 ստուգում է իրականացրել ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղների, ծխախոտային արտադրատեսակների, նյութական պահուստի և արտադրական կանեփի բնագավառներում, արձանագրված խախտումների թիվը կազմել է 446: Կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 461 որոշում, տուգանքի չափը կազմել է շուրջ 139 մլն ՀՀ դրամ: Նշվել է, որ 2022թ. ՇՎՏՄ-ն ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ, ինչը թույլ կտա վերազինել և բարելավել ենթակառուցվածքները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 3217 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 1425 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 1212 որոշում, նշանակվել է մոտ 102 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության՝ 667, ժամկետանց սննդամթերքի շրջանառության՝ 229, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 71 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 270 ստուգում, խախտումների թիվը՝ 93: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 7 դեպք. ընդհանուր առմամբ, պետություն-տնտեսվարող համագործակցային աշխատանքի արդյունքում թունավորման դեպքերի թիվը նվազել է 2 անգամ, թունավորվածներինը՝ 7.5 անգամ: Կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ն արդեն վերաբացվել են, 21-ի կողմից խախտումները շտկման փուլում են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1490 ստուգում՝ տրանսպորտի, էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային և տեխնիկական անվտանգության, քաղաքաշինության, գեոդեզիայի և հողօգտագործման ուղղություններով, արձանագրվել է 8943 խախտում: 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են համապատասխանաբար 4595 և 1337 խախտում, 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում: Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում, 27.000-ից ավելի դիտարկում է իրականացվել տրանսպորտի անվտանգության բնագավառում, քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց: Կիրառվել է թվով 2760 վարչական տուգանք՝ 466 մլն ՀՀ դրամի չափով:

Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները: Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: «Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», – նկատել է Կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ: