Սպառնալի՛ք է ՌԴ-ՀՀ զորախումբը, համատեղ ՀՕՊ-ը․ հրաժարվե՛ք, Ադրբեջանին հայտնում է՝ ոնց հարձակվի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.03.2023 | 19:32Factor TV–ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ
-Նիկոլ Փաշինյանն ահազանգում է հավանական էսկալացիայի վտանգի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը համարում է, որ ինքը հաղթել է, և որ Հայաստանը պետք է միակողմանի զիջումներ անի։ Այսինքն, ինչպես հասկացանք, այդ գործընթացն Ադրբեջանի կողմից որպես բանակցություն չի դիտվում՝ դասական իմաստով, այլ պայմանների բավարարում։ Փաշինյանը նշում է, որ կան կարմիր գծեր, որոնք չեն կարող խախտվել, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք խախտել, օրինակ՝ խաղաղության պայմանագրի միջոցով Հայաստանից ստանալ ստորագրություն, այսինքն՝ համաձայնություն ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու, ցեղասպանություն անելու կամ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Ձեր գնահատմամբ՝ մոտակա պրոցեսներն ինչի՞ մասին են լինելու՝ ռազմակա՞ն, թե՞դիվանագիտական քննարկումների։
-Ըստ էության՝ մամուլի հետ նախորդ լայն շփման ժամանակ էլ վարչապետ Փաշինյանի նկարագրած պատկերը նույնն էր, փոփոխության չի ենթարկվել։ Իհարկե, նոր իրադարձություններ, զարգացումներ կան, բայց մեծ հաշվով Ադրբեջանի վարքը, վերաբերմունքն այս բանակցային գործընթացին, Ադրբեջանի բարձրաձայնող պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները մեր տարածաշրջանում, որևէ փոփոխության չեն ենթարկվել, որևէ վերանայման չեն ենթարկվել պաշտոնական Բաքվի կողմից։ Իրավիճակը մնում է նույնը։ Այս իմաստով նորություն չեմ տեսնում։
-Իսկ հատման կետ տեսնո՞ւմ եք Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետների, թե՞ տարակարծություններն այնպիսին են, որ էսկալացիայի կրակը շարունակվում է վառ մնալ։
-Այո՛, էսկալացիայի վտանգի մասին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, այո՛, այդ վտանգը կա։ Իհարկե, շատ ավելի նվազ Հայաստանի ուղղությամբ, և շատ նշանակալի հանավանակությամբ՝ Արցախի ուղղությամբ, բայց ԵՄ դիտորդների տեղակայումից հետո թիրախում հայտնվել է Արցախը։ Արցախի բնակչությունը հայության ամենախոցելի հատվածն է, որը տեսականորեն ավելի հասանելի է Ալիևի ռեժիմի համար։ Եվ քանի որ այնտեղ ապահովված են կամերային պայմաններ, որոնք բարենպաստ են Ադրբեջանի նկրտումներն իրականություն դարձնելու համար, ապա այդ հավանականությունը մնում է բարձր։ Սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած գործողություն ունենալու է քաղաքական գին։ Եվ հիմա խնդիրն այն չէ, որ Ալիևը պատշաճ քանակի ուժ կամ զենք ունի՞, թե՞ չէ՝ այդ ամենն իրականացնելու համար․․․ Ե՛վ մեկն ունի, և՛ մյուսը։ Այստեղ խնդիրը հետևյալն է․ այդ գինն այն գինը չէ, որն Ալիևը պատրաստ է վճարել․ նախ դա է իրեն զսպում։ Երկրորդ՝ այդ հաշվարկներում այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են գալ հենց իր այդ քայլից հետո, այնքան էլ դրական չեն։ Այստեղից բխում է՝ մեր անելիքը որն է․ առաջին հերթին այդ քայլի՝ հնարավոր բռնության ակտի գինը դարձնել անհաղթահարելի Ադրբեջանի համար, և երկրորդ՝ Ալիևի հաշվարկների մեջ մտցնել բոլոր այն հետևանքները, որոնք կարող են հետևել իր այդ քայլին։ Դրան Հայաստանը պետք է հասնի նախ՝ քաղաքական դիվանագիտական ճանապարհով, երկրորդ՝ տնային աշխատանքով, այդ թվում՝ ներուժը մեծացնելով։
-Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն է վերցրել պատասխանատվություն ԼՂ անվտանգության համար, բայց մենք գիտենք, որ դա չի կատարվում այն աստիճան, որ Երևանում նստած՝ մենք հանգիստ լինենք, որ Արցախի մեր հայրենակիցները կարող են հանգիստ կյանքով զբաղվել։ Արցախում 3 ոստիկանի սպանությունը ևս մեկ ավելորդ ապացույց էր, որ այդ մեխանիզմը նորմալ չի գործում։ Այս պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ Հայաստանի իշխանության պնդումը, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։
-Հարցն ունի 2 մաս՝ դե յուրե և դե ֆակտո, մեկը մյուսին չի համապատասխանում։ Սա ուղղակի ակնհայտ է։ Այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, դե յուրե այդպես է․ Հայաստանն այլևս այնտեղ ներկայացված չէ և չի կարող լինել ամբողջ ծավալով Արցախի անվտանգության երաշխավորը։ Համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ այդպիսին է այնտեղ ՌԴ-ն։ Այլ ճարտարապետություն մենք դե յուրե չունենք։ Իսկ դե ֆակտո ունենք միանգամայն այլ պատկեր։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այնտեղ կոչված էր պրոբլեմներին լուծում տալու, ինքն է պրոբել դարձել, որը պետք է լուծել։
-Իսկ ինչպե՞ս, պարոն Մեհրաբյան։
-Դրա մասին բարձրաձայնվել է բազմիցս, այն է՝ Արցախում ապահովել միջազգային ներկայություն։ Այդ գործընթացը պետք է սկսել փաստահավաք առաքելությունից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան