Պավլիկ Մանուկյանի որդուն ՀՀ-ն կփոխահատուցի 2850 եվրո. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ նոր վճիռ է կայացրել
Հասարակություն
07.03.2023 | 19:40Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ հերթական վճիռն է կայացրել, այս անգամ՝ «Սասնա ծռեր» խմբի նախկին անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մասով։ Դեռևս 2016 թվականին՝ ՊՊԾ գունդ ներխուժումից հետո, երբ ձերբակալվել էր Մանուկյանը, պաշտպանական խումբը պարբերաբար բարձրաձայնում էր, որ այն ժամանակ 22-ամյա Արամ Մանուկյանը գնդում ստացած վնասվածների հետևանքով պետք է ազատ արձակվի՝ փոխվի խափանման միջոց կալանքը։ Սակայն ներպետական ատյաններում Մանուկյանը և իր թիմը հաջողության չհասան, ավելին՝ կալանքի փոփոխման մասով Վերաքննիչ քրեական դատարանը ներկայացված հրատապ բողոքը քննեց 23 օրվա ընթացքում։ Այս հանգամանքը ևս աննկատ չի մնացել ստրասբուրգյան դատարանի կողմից։
Բացի վերոնշյալը՝ պաշտպանական կողմը ՄԻԵԴ բողոքում նկարագրել էր «քրեակատարողական հիմնարկում պահվող վիրավոր Մանուկյանի խուցը»։ Ըստ բողոքաբեր, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի՝ Արամ Մանուկյանը պահվել է անմարդկային վատ պայմաններում։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի խախտմանը: Այն սահմանում է, որ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Մենք պահանջում ենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքային հիվանդանոց. նա պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և կարող է արյան վարակ ստանալ»,- բողոք ներկայացնելու ժամանակ հայտարարել էր պաշտպան Պետրոսյանը։
Եվրոպական դատարանը նշել է, որ կալանքի ցանկացած ժամկետի հիմնավորումը՝ անկախ նրանից, թե որքան կարճ է, պետք է համոզիչ կերպով դրսևորվի իշխանությունների կողմից: Բացի այդ, դատարանի կողմից արձանագրվել է, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը (Յուրաքանչյուր ոք, որը ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությանբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է)։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին՝ 2850 եվրո փոխհատուցել Մանուկյանին։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ 2016 թվականի հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով նա վիրավորվել էր և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ վիրահատվել է չ: Դատարանի որոշմամբ՝ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն ամիսներ անց փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս պահին նրա մասով դատաքննությունը շարունակվում է։
Ռոզա Վարդանյան