«Մինչև ե՞րբ սպասենք արդարադատության»․ անպատասխան հարցեր Մարտի 1-ի ողբերգությունից 15 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
Բոլորը

«Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։ 2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է 4.5, իսկ 2008-ի իրադարձություններից՝ 15 տարի, բայց Մարտի 1-ի մայր գործը դեռևս քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

2018 թվականից հետո դատարան ուղարկված միակ նոր գործը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վերջինիս հետ ամբաստանյալի աթոռին հայտնված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործն էր։ Վերջինների նկատմամբ, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել է․ նրանց վերագրվող միակ՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։

2008 թվականի Մարտի 1-ի առավոտյան տասը ցուցարարի սպանության դեպքով մինչ օրս որևէ անձ դատարանի առաջ չի կանգնել: Սպանության մեջ մեղադրվող միակ անձը Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանն է, որը 2019-ին երկու ամսով  կալանավորվել էր, հետո ազատ արձակվել: Գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ նրա մասնակցութամբ որևէ քննչական գործողություն արդեն 3.5 տարի չի կատարվել։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, որը դեռևս 2018-ին որպես ՀՔԾ պետ չէր հրաժարվում Մարտի 1-ի գործով լրագրողներին պարզաբանումներ տալ, այժմ խուսափում է այս թեմայով հարցերին պատասխանելուց։

Factor TV-ի հարցին՝ ինչո՞ւ Գեղամ Պետրոսյանի գործով որևէ գործողություն չի կատարվում, Սասուն Խաչատրյանը միայն պատասխանեց՝ «Վստահ ե՞ք, որ չի կատարվում»։

Հակակոռուպցիոն կոմիտեն անգամ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ նախկինում ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի համապատասխանեցրել նոր օրենսգրքի կարգավորումներին։ Հարցին՝ ինչո՞ւ չի համապատասխանեցվել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ գրավոր հարցում ուղարկենք։

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները հաջորդեցին 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները։ Ցուցարարներն Ազատության հրապարակում շուրջօրյա ճամբար հիմնեցին, կազմակերպվում էին հանրահավաքներ և բողոքի այլ գործողություններ։ Մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանությունն ուժ կիրառեց, կրակոցներ հնչեցին։ Բռնությունների զոհ դարձավ 10 մարդ, 1 ամիս ժամկետով Երևանում արտակարգ դրություն հայտարարվեց։

Հայ ազգային կոնգրեսը տարիներ շարունակ Մարտի 1-ի գործի բացահայտումը կապել է իշխանափոխության հետ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից 5 տարի անց նորից նույն պնդումն է հնչում։

«Ես հիմա էլ եկել եմ այն համոզման, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, հետո կարող է էլի գանք այդ համոզման, որ էլի պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի Մարտի 1-ի այդ հանցագործության բացահայտումը վերջապես տեսնենք։ Որովհետև Մարտի 1-ի բացահայտման, հանգամանքների պարզման համար առաջին նախապայմանն իշխանության կամքի խնդիրն է: Եթե այդ կամքը կա, կբացահայտվի, եթե չկա, չի բացահայտվի երբեք»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը չի ընդունում, որ բացահայտումներ չեն արվում։

«Ասեմ՝ ինչն է բացահայտված․ դուք էլ լավ գիտեք՝ ինչ է բացահայտված։ Բացահայտված է, որ իրեղեն ապացույցները կեղծված են, մոտ 1000 պարկուճ փոխարինվել էր իրական պարկուճները հետագայում կրակված և փոխարինված պարկուճներով, մի շարք փաստաթղթեր են կեղծվել, իրեղեն ապացույցներ են կեղծվել, ցուցմունքներ  են կեղծվել»,- ասաց Խաչատրյանը։

Ապացույց կեղծելու դրվագով անցնում են Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Վերջին երկու անձանց նկատմամբ 2019 և 2020 թվականներին հետախուզում է հայտարարվել, այժմ միայն հայտնի է, որ նրանք արտերկրում են, իսկ Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Ինչպե՞ս են բացահատվելու սպանությունները, եթե, ըստ Սասուն Խաչատրյանի, ապացույցները կեղծվել են, իսկ պարկուճները՝ փոխարինվել․ շուրջ 5 տարի քրեական գործը քննող կառույցի ղեկավարը հստակ պատասխան չունի: Հարցին՝ սպանությունները բացահայտվելո՞ւ են, թե՞ ոչ, Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանեց հարցով․ «Դուք ձգանը սեղմողի՞ն նկատի ունեք»։

Հստակեցնող հարցին՝ սպանություն կատարող անձինք դատարանում հայտնվելո՞ւ են, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե ենթադրություններ անել չի կարող։

«Ես չեմ կարող կանխատեսումներ, ենթադրություններ անել, բայց որ գործով շատ լուրջ բացահայտումներ են տեղի ունեցել, դրա մասին բազմիցս խոսել եմ, դուք տեղյակ եք»,- նշեց Խաչատրյանը։

Մարտի 1-ի գործով 2008-2010 թվականներին հարյուրավոր անձինք են քրեական հետապնդման ենթարկվել, այդ թվում՝ 2008-ի ակցիաների ակտիվ մասնակից, այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այս գործերով  քաղաքական դատավճիռներ կայացրած դատավորները պետք է պատասխանատվության կանչվեին, սակայն քաղաքական իշխանությունը չցանկացավ դա անել։

Այդ դատավորներից մեկը 2010 թվականին Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտած Մնացական Մարտիրոսյանն է, որն ընդամենը մեկ ամիս առաջ նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։

Փաշինյանը 2008 թվականի իրադարձությունների գործով դատապարտված վերջին անձն է․ նա մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն 2022-ին արդարացվել է։

Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեին, որպեսզի Մարտի 1-ի գործով դատապարտված բոլոր անձինք արդարացվեին։

«Թեև ինքն արդարացվել է այդ մեղադրանքով, բայց մնացած 225-րդ հոդվածով քրեական գործերով դեռևս այդ հանգամանքները մնում են, որ Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգությունների կոչեր է արել, որի հետևանքով զոհվել է 10 քաղաքացի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ 2008-ի մարտի 1-ին իշխանության գործողություններն ուղղված էին ազատ կամարտահայտում ունեցող քաղաքացու դեմ։

«Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր, և Մարտի 1-ի խորհուրդը մենք այդպես պետք է ընկալենք»,- այսօր Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ վարչապետը դարձյալ պնդեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։

Այս համոզումը չեն կիսում ողբերգական իրադարձութունների զոհերի հարազատներից շատերը։ Նրանցից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտեցին հենց հուշարձանի բացման արարողության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան