Ամիսներ տևած պայքար՝ 1 ամսվա աշխատավարձի համար․ Հայկուհի Մազմանյանը դիմում-բողոքից հետո կարողացավ ստանալ իր աշխատավարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.02.2023 | 19:32Ամիսներ տևած պայքար՝ 1 ամսվա աշխատավարձի համար․ Հայկուհի Մազմանյանը գրաֆիկ դիզայներ է։ 2022-ի աշնանն աշխատանքի է ընդունվել անհատական դասընթացներ կազմակերպող ընկերությունում։ Թեև նախապես պայմանավորվել են աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ, բայց պայմանագիր այդպես էլ չի կնքվել։
«Անընդհատ պայմանագիր կնքելու գործընթացը հետաձգվում էր։ Հաշվապահի հետ պետք է խոսեմ, հաշվապահը պետք է կազմի… Ես ինքս պայմանագիրը կազմեցի, ուղարկեցի, քանի որ այդ ամեն ինչին տիրապետում եմ։ Ասացի՝ միայն թող հաշվապահը նայի, եթե փոփոխությունների կարիք կա, անի։ Բա՝ չէ, այդպես պայմանագիրը չկնքվեց»,- նշում է Հայկուհին։
Երբ արդեն եկել է աշխատավարձի վճարման ժամանակը, խնդիրներ են առաջացել․ տարբեր պատճառաբանություններով աշխատավարձի վճարումը ձգձգվել է․ «Ասաց՝ 1 ամիս սպասեմ։ 1 ամիս սպասեցի, ասացի, որ 1 ամիսն արդեն լրացել է, իմ գումարը ե՞րբ եք տալու, բա՝ Հայկուհի ջան, սպասի, աշխատանք չունեմ, գործերը թող կարգավորվեն, կտամ քո գումարը։ Այդպես 2 ամիս էլ սպասեցի»։
Եվս 2 ամիս անց գործատուն հրաժարվել է վճարել՝ պատճառաբանելով, որ գումար չունի, ինչից հետո Հայկուհին որոշել է հետամուտ լինել իր աշխատանքային իրավունքների վերականգնմանը։ Factor TV-ի իրազեկմամբ՝ նա դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ու սպասել դիմումի ընթացքին։
«ԱԱՏՄ կազմակերպության մասին Ձեզանից լսելով՝ որոշեցի, որ պետք է դիմեմ, դիմում լրացրեցի օնլայն, արձագանքը չուշացավ։ Մի քանի օր հետո ինձ զանգում են, ասում են՝ ինչ փաստեր կարող եմ ներկայացնել, այդպես փաստերը ներկայացնում եմ, մեր խոսակցությունների սքրինշոթերով, էջն եմ ուղարկում, տվյալ մարդու անուն-ազգանունը»,- պատմում է Հայկուհին։
Վարույթի հարուցումից հետո Հայկուհին վերջապես կարողացել է ստանալ իր աշխատավարձը․ «Ինձ զանգահարեց հենց տնօրենը, ասաց, որ պատրաստ է իմ գումարը վճարել, միայն թե ես իմ դիմումը հետ վերցնեմ։ Այդպես պայմանավորվեցինք, մի քանի օր հետո ես գումարս ստացա վերջապես»։
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ստացած բողոքների մեծ մասը վերաբերում է աշխատավարձ չվճարելուն, վերջնահաշվարկ չանելուն կամ աշխատանքից անօրինական կերպով ազատելուն։ Այս մասին նշում է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարը։
«Դիմում-բողոքը եկավ, վարույթը համարվում է հարուցված։ Իրականացվում է զննում, իրականացվում են լսումներ վարույթի շրջանակում, ըստ դրա՝ արձանագրվում է, կա՞ դեպքը, խախտումը, թե՞ չկա։ Եթե կա, կարգադրագիր է տրվում համապատասխան, տվյալ դեպքում, եթե գումարի, վերջնահաշվարկի վճար կամ վերահաշվարկի վճար, կամ վերականգնել աշխատանքի, համապատասխան կարգադրագիր է տրվում տնտեսվարողին, որպեսզի վերականգնեն քաղաքացու իրավունքները»,- նշում է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը։
Հայկուհի Մազմանյանի դեպքում խնդիրը տեսչական մարմնի միջամտությանը չի հասել, դիմում-բողոքը ներկայացնելուց հետո գործատուն ստացել է ծանուցագիրն ու փորձել հաշտություն կնքել արդեն նախկին աշխատակցի հետ։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշում է, դիմումների շուրջ կեսն ավարտվում են կարճմամբ։ Սակայն չկարճվելու դեպքում, բացի կարգադրագիր ներկայացնելուց, տեսչական մարմինն ունի նաև պատասխանատվության մեխանիզմներ։
«Եթե վարույթի ընթացքում հայտնաբերվում է այնպիսի խախտում, որի համար նախատեսվում է պատասխանատվություն, վարույթ է հարուցվում, որի հետևանքով գործատուն ենթարկվում է տույժ-տուգանքի։ Ուշ վճարած աշխատավարձի դեպքում յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոս, եթե աշխատավարձն առհասարակ վճարված չէ՝ դրա ¼-ի չափով, եթե տարվա մեջ առաջին դեպքն է, եթե չունեն աշխատանքային պայմանագիր՝ 50 հազար դրամ է»,- նշեց Սարգսյանը։
Հայաստանում առանց պայմանագրի, բանավոր պայմանավորվածության հիմքով աշխատողների խնդիրը շարունակում է ամենատարածվածը մնալ աշխատանքային իրավունքների խախտումների ցանկում։ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի՝ APR group-ի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ հարցվածների 16,7 %-ը նշել է, որ չունեն աշխատանքային պայմանագիր:
«Աշխատանքային փոխհարաբերությունների իրավական ամրագրման բացակայության պայմաններում աշխատողները դուրս են մնում աշխատանքային օրենսդրությամբ պաշտպանված լինելու հնարավորությունից: Նման դեպքերում գործատուները չեն ջանում ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և համապատասխան վերաբերմունք»,- նշվում է ուսումնասիրության մեջ:
Այնուամենայնիվ, աշխատանքային պայմանագրի բացակայության դեպքում ևս հնարավոր է հասնել խախտված իրավունքի վերականգնման, նշում է փաստաբան Քրիստինե Ավագյանը։
«Աշխատանքային պայմանագրի բացակայությունը հիմք չէ աշխատանքային իրավունքների խախտումների համար։ Այսինքն՝ բոլոր դեպքերում, եթե անձը ապացուցում է գրավոր կամ այլ ապացույցներով, որ իրենց միջև առկա են եղել աշխատանքային հարաբերություններ, ինքը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային իրավունքների պաշտպանության համար կարող են գործուն մեխանիզմներ կիրառվել»,- ասաց նա։
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում աշխատանքային իրավունքների վերաբերյալ 2021 թվականի մարտից ի վեր իրականացվել է շուրջ 160 խորհրդատվություն, որոնցից 4-ը դարձել են դատական գործեր։ Կկատարված գործողությունների արդյունքում հաջողություն է գրանցվել թվով 8 գործով։
Քաղաքացիները մեծամասամբ դիմում են օրենսդրության նորմերը մեկնաբանելու, այս կամ այն խնդրի նկատմամբ կիրառելի իրավական նորմն իմանալու խնդրանքով։
Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 041 123302 հեռախոսահամարով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անժելա Պողոսյան