Մեծ ավանտյուրա է բացահայտված. Վահե Յաքուբյանը պետք է հայտնաբերվի․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.02.2023 | 12:13Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, ինձ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետև իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը և նախարարին»,-ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հետաքրքրվելով՝ ճի՞շտ եմ հիշում, որ դա այն նույն Յաքուբյանն է, որը Դավիթաշենում Դավիթ Հարությունյանի հետ իրար կողքի առանձնատուն ունեն։
Աննա Վարդապետյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նշած անձի մասին է խոսքը․ «Սեյրան Օհանյանի դրվագից բացի, կա նաև մեկ այլ առանձին դրվագ, որը վերաբերում է Լոնդոնի արբիտրաժի հետ կապված հարցերին։ Քանի որ Սեյրան Օհանյանի հետ կապված չէ, մանրամասներ չեմ կարող ասել»։
Քոչարյանը հավելեց, որ այդ անձի հետ կապված Վազգեն Սարգսյանի կառավարության ժամանակ էլ ունեցել են քննարկում․ «Վազգեն պատկերացնո՞ւմ եք ինչ բուռն արձագանք կունենար նման կասկածելի դրսևորումների հետ կապված:
Կարծում եմ՝ այս գործարքների մեջ շատ մեծ դեր են խաղացել այն ժամանակվա կառավարության աշխատակազմը և դրա ղեկավարը, որովհետև նման փառահեղ սալտոներ կարող էին անել Վահե Յաքուբյանն ու իրեն շրջապատող կառավարության մարդիկ։ Իսկ կառավարությունը ենթակա էր Սերժ Սարգսյանի որոշումներին։ «Գլենդել հիլզ»-ը դրա վառ արդյունքն է։ Գումար չծախսելով՝ հսկայական գումարների տեր են դարձել․․․ Կարծում եմ մեղավորների շրջանակը պետք է ընդլայնվի․․․ Եթե չեմ սխալվում՝ Վահե Յաքուբյանը Կանադայում պետք է լինի։ Նա պետք է հայտնաբերվի»։
Նենք, որ Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետևյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք»։
Մանրամասները՝ տեսանյութում;