Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ և հանձնառու է կատարելու ստանձնած պարտավորությունները. Տաթևիկ Գասպարյան

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

«Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում եւ Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը եւ աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաեւ Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ արդարությանը»,- ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Խմբի ղեկավարը կարեւորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է կատարելու ստանձնած բոլոր պարտավորությունները: «Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասել է Տաթեւիկ Գասպարյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար: «Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,-ընդգծել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պատշաճ եւ երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Նարեկ Զեյնալյանը եւս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարեւորությունը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետեւանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը: Հասմիկ Հակոբյանը կարեւորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին եւ ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:

Ջոն Ինարիտուի խոսքով վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության: «Հանդուրժելի չէ Հայաստանի հանդեպ տեղի ունեցողը, եւ եվրոպական մի շարք երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,-շեշտել է իսպանացի պատվիրակը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը:

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին
Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետեւանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:
Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում: