Վճռաբեկ դատարանը բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է նախադեպային որոշում, որով, բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ հստակեցնելով անձի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգով իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները և որոշակիացնելով անմեղության կանխավարկածի խախտումը՝ որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու չափանիշները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելը և առանձնապես խոշոր չափի փողերի լվացումը։ Գործն ուղարկվել է ԱԱԾ ՝ նախաքննությունը շարունակելու համար: 2019 թվականի փետրվարի 15-ին Սեդրակ Քոչարյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դեռևս 2019 թվականի փետրվարի 19-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտը հաղորդագրություն էր տարածել Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասված էր․

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինը կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների՝ այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով: Մասնավորապես՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով՝ Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն: Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց՝ վերջինը վերոհիշյալ ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարել է կնքել 2 շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:

Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը, օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը, Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 916.706.560 ՀՀ դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1.968.627.338 ՀՀ դրամ):

Դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերմանն ուղղելու եղանակով:

Գործով ձեռք բերված, փոխկապակցված, հավաստի, բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են չհեռանալու մասին ստորագրությունները:

Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռքբերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Այս հաղորդագրության տարածումից հետո՝ 2019 թվականի փետրվարի 27-ին, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար:

Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դատախազությունն ու Հայկ Ալումյանը։
2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության, իսկ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժել է, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որը վարույթ է ընդունվել։

Ներկայացված բողոքով դատախազությունը պնդել է, որ Ազգային անվտանգության ծառայության մամուլի հաղորդագրությունը չի կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամուլի հաղորդագրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի կարող լինել: Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար մեղադրյալից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, ապա բողոքաբերը փաստել է, որ ներկայացված պահանջն ինքնին դուրս է Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից, ինչը, բողոքաբերի պնդմամբ, արձանագրել է նաև առաջին ատյանի դատարանը:

Անդրադառնալով հաղորդագրության բովանդակությանը՝ բողոքաբերը նշել է, որ դրանով թույլ չի տրվել Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտում: Մասնավորոպես, ըստ բողոքաբերի՝ քննարկվող հրապարակման մեջ ըստ էության արձանագրվել է, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով Սեդրակ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, շարադրվել է մեղադրանքի ձևակերպումը և առկա է ծանուցում առ այն, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերը նշված հիմնավորումներով՝ դատախազը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ մերժելով Հայկ Ալումյանի բողոքը:

Դիմողի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքում մատնանշված մոտեցումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից և հակասում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերին:

Ըստ ներկայացուցչի՝ եթե Վճռաբեկ դատարանը քննի վերոնշյալ բողոքը, ապա պետք է մատնանշի, թե ինչ դատավարական եղանակով կարող է անձը պաշտպանել իր անմեղության կանխավարկածը, քանի որ նման իրավիճակներում անձը չունի իր խախտված իրավունքի պաշտպանության ներպետական միջոց:

Վերոշարադրյալի հիման վրա ներկայացուցիչը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

Առաջին և Վերաքննիչ դատարանների իրավական դիրքորոշումները

Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ արձանագրել է, որ խնդրի առարկա հանդիսացող հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում, որի բովանդակությունը կազմել է հենց վարույթն իրականացնող մարմինը և դեռ ավելին՝ այն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ է հրապարակվել:

Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ անմեղության կանխավարկածի խախտման հարցը չի կարող բողոքարկվել որպես հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն, ապա, բոլոր դեպքերում, այն ենթակա է դատական կարգով քննության, քանի որ դա բխում է անձի դատական պաշտպանություն ստանալու իրավունքից:
Դատարանը գտել է, որ հրապարակված հաղորդագրությունը պարունակում է մի շարք ձևակերպումներ, որոնց բովանդակությունը ողջամտորեն վկայում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման մասին, քանի որ նշված տեղեկատվությունը զուսպ և նրբանկատորեն արված չեն, դատողություններում գոնե մեկ անգամ չի օգտագործվել «վարույթն իրականացնող մարմինը կարծում է», «ենթադրվում է», «առերևույթ», «ամենայն հավանականությամբ» և նմանատիպ այլ արտահայտություններ: Փոխարենը՝ օգտագործվել է հաստատական մտքեր, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե անձի մեղավորությունն արդեն ապացուցված է: Այսինքն՝ Դատարանի համար ընդունելի է պաշտպանական կողմի այն մտավախությունը, որ վերը նշված հաղորդագրությունը հանրության, մասնավորապես՝ ողջամիտ դիտորդի մոտ կարող է առաջացնել այն հավատը, որ Սեդրակ Քոչարյանը մեղավոր է: Դատարանն ընդգծել է, որ նշված հաղորդագրությունն օրերի ընթացքում լայն տարածում է ստացել զանգվածային լրատվության ոլորտում և հասանելի դարձել հանրության բոլոր շերտերին, ինչն ավելի է բարձրացնում անմեղության կանխավարկածի խախտման հավանականությունն ու եկել եզրահանգման, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է։

Անդրադառնալով քննարկվող հաղորդագրությունը հրապարակայնորեն հերքել և Սեդրակ Քոչարյանից ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի խնդրանքին՝ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ այդ մասով բողոքը ենթակա է մերժման, քանի որ Քրեական դատավարության շրջանակներում դատարանն ինչպես ներողություն խնդրելու, այնպես էլ հրապարակավ հերքելու պարտականություն սահմանելու իրավական հնարավորություն և լիազորություն չունի, հետևաբար տվյալ դեպքում կարող է ուղղակի ճանաչվել և արձանագրվել անձի իրավունքների խախտման փաստը։

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ որոշումը, արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող չհանդիսանալ նաև վարույթն իրականացնող մարմնի` իր լիազորություններից բխող և դրանց իրականացման ընթացքում նրա կողմից, վերջինիս նախաձեռնությամբ կամ թողտվությամբ (համաձայնությամբ) կատարվող այն բոլոր գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքները և դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

«Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի անմեղության կանխավարկածին, որպիսին հիմնարար իրավունք է, իսկ դրա խախտմանը հանգեցնող գործողության կամ անգործության բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում կարող է հանգեցնել անձի` իր խախտված իրավունքների կամ ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքի արժեզրկման» ,- դիրքորոշում է հայտնել Վերաքննիչ դատարանը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել այս գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ին տարածած հաղորդագրության կապակցությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:

Եվրոպական կոնվենցիայի, դրա մեկնաբանման շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների կոմիտեի, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անմեղության կանխավարկածի վերաբերյալ իրավադրույթներին և իրավական դիրքորոշումներին հղում կատարելով և դրանք վերլուծելով՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը երաշխավորում է հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքը՝ համարվելու անմեղ մինչև մեղադրական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանն ընդգծել է անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը կարևորությունը քրեական վարույթի ողջ ընթացքում՝ սկսած դրա ամենավաղ փուլից։

Դատարանը գտել է, որ անմեղության կանխավարկածը գործնականում կարող է խախտվել տարբեր եղանակներով։ Ուստի՝ կարևոր է քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ խախտված անմեղության կանխավարկածի կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելու ընթացակարգերը տարբերակել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված իրավական պաշտպանության հնարավորություններից։
Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով կարող են բողոքարկվել քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների, քրեական վարույթի շրջանակում կայացված այն որոշումներն ու կատարված այն գործողությունները, որոնք ենթադրաբար հակասում են քրեադատավարական օրենքի պահանջներին, իսկ գործնականում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ոչ միայն դատավարական (դատավարական գործողություններով կամ դատավարական որոշումներով), այլ նաև ոչ դատավարական գործունեության (մամլո ասուլիսներին մասնակցելով, հրապարակային արտահայտություններ, մամլո հաղորդագրություններ անելու) արդյունքում, ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ անձի անմեղությունը խախտող պաշտոնատար անձի՝ քրեադատավարական սուբյեկտ լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը գործադրելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը, կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել,

ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio (պաշտոնի իրավունքով-հեղ) անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ,

բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։

Օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչը կարող է հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով քննչական մարմնի անունից հարցազրույց տալ զանգվածային լրատվության միջոցներին և իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Մեկ այլ օրինակի դեպքում՝ համապատասխան քննչական մարմինը կարող է տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի էջում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով և ևս իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Նման դեպքերում, թեև անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն արվում են քրեադատավարական սուբյեկտի կամ մարմնի կողմից, սակայն հանցանքի կատարման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տրամադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն։ Հետևաբար՝ համանման իրավիճակներում անձն իր անմեղության կանխավարկածի խախտված իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն չի կարող հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ։

Ուստի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական կառուցակարգը կարող է անմեղության կանխավարկածի խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ գործիքակազմ ծառայել միայն, եթե վերոհիշյալ իրավունքը ենթադրաբար խախտվել է վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության ընթացքում վերջինիս կայացրած որոշումներով կամ կատարած դատավարական գործողություններով։ Այս առումով, որպես օրինակ կարող է դիտարկվել Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործը, որտեղ դիմումատուն իր նկատմամբ գործի վարույթը կարճելու դատավարական որոշման մեջ տեղ գտած, իր անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումների կապակցությամբ իրավական պաշտպանություն էր հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ՝ դրանց իրավաչափությունը վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Մեկ այլ օրինակ կարող է դիտարկվել Մելինե Մարգարյանի գործը, որտեղ անմեղության կանխավարկածի խախտում էր թույլ տրվել առաջին ատյանի դատարանի դատավճռով։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեադատավարական իրավահարաբերություններից դուրս, դատավարական բնույթ չկրող գործողություններով անձի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն իրավական պաշտպանություն կարող է հայցել քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Այս առումով կարևոր է նկատի ունենալ, որ մինչև մեղադրական դատական ակտի կայացումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը, անձի անմեղությունը կասկածի տակ դնող հայտարարությունները կամ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն՝ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ։ Նման պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի ոչ դատավարական գործունեության կամ քրեական վարույթի շրջանակում ոչ դատավարական սուբյեկտների կողմից անձի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում վերջինս կարող է օգտվել օրինակ՝ վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, որոնք փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են նաև ներողություն խնդրելու, համապատասխան տեղեկությունը հերքելու հնարավորություն։

Կոնկրետ Սեդրակ Քոչարյանի գործի դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից հաղորդագրություն տարածելը վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չէ, որի ուժով դրա օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր կլիներ վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Այսպիսով՝ Վճռաբեկը դիրքորոշում է հայտնել, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանվել և փոփոխվել է, իսկ դիմող Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը՝ մերժվել։

Արաքս Մամուլյան