Օպերան սրճարաններից ազատագրելու՝ քաղաքային իշխանության խոստումը և 3 տարի անց առկա պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից որոշ սրճարանների ապամոնտաժումից անցել է ավելի քան երեք տարի: Ապամոնտաժման ենթակա սրճարաններից երկուսն այժմ գործում են, որոշներն էլ, թեև ապամոնտաժված են, սակայն սեփականատերերը Երևանի քաղաքապետարանի հետ դատական վեճերի փուլում են: Միաժամանակ, օպերայի հարակից տարածքը կանաչապատելու ուղղությամբ մինչև այժմ որևէ տեսանելի քայլ արված չէ:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այդ օրերին պնդում էր՝ պայմանագրի գործողության ընթացքում վարձակալին մեկ ամիս առաջ ծանուցելուց հետո օրենքը թույլ է տալիս համայնքին լուծել պայմանագիրը: Փետրվարի 13-ին քաղաքապետարանն օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողներին ծանուցումներ էր ուղարկել՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Ուղիղ մեկ ամիս հետո քաղաքապետարանը, կանաչ տարածքների վերականգնման և զարգացման հիմնավորմամբ, օպերայի տարածքում սկսեց ապամոնտաժման գործընթացը:

Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները, քաղաքապետարանի որոշմամբ, պետք է հրաժարվեին վարձակալության իրավունքով տրամադրված տարածքների մի մասից: Վարձակալները, մինչդեռ, ընտրեցին դատական ճանապարհով հարցը լուծելու տարբերակը: Մի քանի սրճարանի հետ կապված դատական գործերը դեռ ընթացքի մեջ են:

Երկու սրճարանի գործով կա օրինական ուժի մեջ մտած վճիռ: 2019 թվակաի մայիսի 7-ի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Երևան համայնքի կողմից ներկայացված հայցն ընդդեմ «Մոնտալ» սրճարանը շահագործող «Մերի» ընկերության՝ գումարի բռնագանձման, հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Երևան համայնքի հայցն ընդդեմ «Շոկոլադնիցա» սրճարանը շահագործող «Մագնոլիա» ընկերության՝ Կադաստրի կոմիտեի պայմանագիրը լուծված համարելու, գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն և Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Այսպիսով, այս երկու սրճարանների ապամոնտաժման գործընթացը դատարանի վճռով կասեցվել է։

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ սրճարանատերերը դատարանում հաղթեցին։ Նրա խոսքով՝ այն ժամանակ քաղաքապետարանը գիտակցում էր, որ դժվարություններ կլինեն և քաղաքացիական որոշակի անհամաձայնության կբախվեն, սակայն հարցը կարևոր էր ոչ միայն քաղաքաշինության, այլև մշակութային տեսանկյունից:

Քաղաքապետարանը ծրագրել էր ապամոնտաժումից անմիջապես հետո տարածքը կանաչապատել, իսկ հաջորդ տարի բաց մրցույթով որոշել այդ հատվածի ճարտարապետական դիմագիծը: Կայացա՞վ այդ մրցույթը, թե՞ ոչ՝ պարզ չէ: Factor.am-ի գրավոր հարցումը քաղաքապետարանն անպատասխան է թողել։ Վիկտոր Մնացականյանը ևս չի հերքում՝ տրված խոստումների ուղղությամբ դեռ քայլեր չեն արվել:

Քաղաքապետարանն այդ օրերին շրջանառում էր օպերայի հին լուսանկարները, տարածքի նոր մակետը, որը պետք է իրականություն դառնար ապամոնտաժելուց հետո: Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ այս պահին երկակի իրավիճակ է ստեղծված, դատական գործերն էլ դանդաղ են առաջ գնում: Իսկ Ազատության հրապարակի խոստացված հայեցակարգը մինչև հիմա չկա:

Քաղաքապետարանին մոտ մեկ ամիս է պետք, որպեսզի պատասխանի Factor-ի հարցերին, թե սրճարանների ապամոնտաժումն ինչո՞ւ կանգ առավ, և ե՞րբ կշարունակվի երեք տարի առաջ սկսված գործընթացը:

Կանաչ տարածքների պահպանության խնդիր կա նաև Օղակաձև այգու տարածքում: Մասնավորապես, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան շրջակայքն անբարեկարգ վիճակում է: Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ ո՛չ բիզնեսը, ո՛չ համայնքը չեն զբաղվում տարածքի բարեկարգմանբ:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ Օղակաձև այգու երրորդ հատվածի՝ Կամերային երաժշտության տան հարակից տարածքի ջրային ավազանը վատ վիճակում է, չորրորդ հատվածում քաղաքաշինական խնդիր կա, իսկ հինգերորդն ամենաշատն է ծանրաբեռնված սրճարաններով:

Երևանը կանաչապատելու խոստումը Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում ներառված էր առաջնային յոթ կետերից 6-րդում՝ «Կանաչապատելու ենք» կարգախոսով: Քաղաքապետ ընտրվելուց մոտ մեկ տարի անց Հայկ Մարությանը բնապահպանության վարչությանը հանձնարարել էր մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները՝ կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում:

«Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- բառացի ասել էր Մարությանը:

Թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ և ինչո՞ւ չի լուծվում քաղաքի կանաչ տարածքների պահպանության հարցը, պարզ չէ:

Մեկ տարի անց Երևանում քաղաքապետի ընտրություններ են։ Անտարակույս՝ նախընտրական փուլում իշխանության հավակնող ուժերը կանդրադառնան նաև քաղաքի կանաչապատման խնդրին և հերթական անգամ կհնչեն, մոտավորապես, «ավելի կանաչ Երևան»-ի նման կարգախոսներ ու խոստումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: