«Սիմֆոնիկ Երևանն» աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանում է համախմբել մեծանուն երաժիշտների

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոսի 20-ին «Սիմֆոնիկ Երևան» (Symphonic Yerevan) միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հնչեցին Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտն ու Վերդիանան ֆլեյտայի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ էին ունենում թավջութակահար Բրանոն Չոն և ֆլեյտահար Նոյեմի Գյորին, իսկ համերգը ղեկավարում էր դիրիժոր Գերգելի Մադարաշը։

Թավջութակահար Բրանոն Չոն որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ Հելսինկիի ֆիլհարմոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Բելգիայի ազգային, Բրյուսելի ֆիլհարմոնիկ և բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ՝ աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ։ Որպես կամերային երաժշտության սիրահար նա ելույթ է ունեցել այնպիսի ճանաչված երաժիշտների հետ, ինչպիսիք են Գիդոն Կրեմերը, Ջոշուա Բելը և այլք։

Բրանոն Չոն Երևանում առաջին անգամ է, նա նկատում է, որ նման փառատոները շատ կարևոր են. աշխարհի տարբեր ծայրերից մի վայրում են համախմբվում տարբեր երաժիշտներ՝ ներկայացնելով բազմազան երկացանկ։

Ամեն օր «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակներում ներկայացվում են տարբեր երաժշտական գործիքներ, հանդես են գալիս մեծանուն երաժիշտներ, և ամեն օր հանդիսատեսը կարող է վայելել ինչ-որ նոր բան։ «Ինձ համար հաճելի է ու մեծ պատիվ լինել այս փառատոնի մի մասը, նվագել այս հրաշալի կոլեկտիվի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի կոնցերտը»,- ասում է թավջութակահարը։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա նկատում է, որ ակներև է, որ նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ հաճույք է ստանում իր աշխատանքից, նրանք սիրով են գործակցում միմյանց հետ, շատ սիրում են երաժշտությունը։

Նոյեմի Գյորին նույնպես Հայաստանում առաջին անգամ է, և շեշտում է, որ փառատոները հնարավորություն են տալիս ունկնդրին ծանոթանալու նոր ստեղծագործությունների, նոր կատարողների ու երաժշտության նոր մեկնաբանությունների հետ։ Ֆլեյտահարուհին ընդգծում է նաև, որ շատ ուրախ է, որ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը դահլիճում է լինելու և ունկնդրելու է ստեղծագործության իր մեկնաբանությունը։

«Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում հրավիրված մենակատարներն անցկացնում են նաև վարպետության դասեր պատանի երաժիշտների համար։ Բրանոն Չոն, մասնավորապես, ասում է, որ տպավորված է մեր ուսանողների մակարդակով. «Երաժիշտները նվագում են մեծ կրքով, սիրում են իրենց գործիքը, ու նկատելի է, որ կրթության մեծ ծարավ ունեն։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ Հայաստանում դասական երաժշտության ապագան լավ ձեռքերում է»։

Դիրիժոր Գերգելի Մադարաշը 2019 թվականից Լիեժի թավավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։ Նա պարբերաբար որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս մեծ ճանաչում ունեցող նվագախմբերի՝ BBC սիմֆոնիկ, Բիրմինգհեմի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ, Մելբուռնի, Հյուսթոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։

Մաեստրո Մադարաշն ընդգծում է, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ, ճանաչում է հայ երաժիշտների և ուրախ է, որ հնարավորություն է ստացել այցելելու մեր երկիր ու ավելի մոտիկից շփվելու հայկական մշակույթի հետ։ Բազմաթիվ նվագախմբեր ղեկավարած մաեստրոն ընդգծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լի է էներգիայով. «Շատ գնահատելի է այն, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անում է այս օրերին։ Գրեթե ամեն օր ունեն համերգներ՝ տարբեր երկացանկերով։ Նվագախմբի երաժիշտներն արձագանքում են շատ արագ։ Մենք փորձերի համար շատ ժամանակ չունենք, սակայն ես զգում եմ, որ նրանք ամբողջովին հասկանում են ինձ, ճկուն են և արագ կարողանում են հարմարվել իմ բնավորությանը, իմ տեմպին։ Նրանք շատ տաղանդավոր են, և ինձ հաճելի է տեսնել այսպիսի երիտասարդ ու փորձառու երաժիշտների»։ Դիրիժորը, խոսելով Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի մասին, նշում է, որ այն իր չորս մասերով պատկերում ու ունկնդրին է փոխանցում Հայաստանի ազգային ավանդույթները, մշակույթն ու գույները։

Հիշեցնենք, որ այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է Symphonic Yerevan միջազգային երաժշտական փառատոնը, որը Հայաստան է հրավիրել բազմաթիվ մեծանուն երաժիշտների, որոնք երևանցիներին ու զբոսաշրջիկներին պարգևում են դասական երաժշտության երեկոներ։ Փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։