Ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 11:27
Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան
20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
20.11.2024 | 09:46
Փրկարարներն «UAZ»-ը դուրս են բերել գետից
20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Հարգելի նախարարներ,

Երևանի 198 ավագ դպրոցի հարգելի աշակերտներ,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար: Իմ կարծիքով՝ տեղի ունեցած քննարկումը, որը կայացավ և կայանում է այս դահլիճում և այս դահլիճից դուրս, չափազանց կարևոր է:

Ես մի քանի արձագանքների եմ ուզում անդրադառնալ երեկվա իմ ելույթից հետո: Դրանցից առաջինը պիտի անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան: Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ 3 կամ չգիտեմ քանիժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը, նույնիսկ կարող եմ մեջբերել՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Այսինքն՝ ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ թեմայով բանավեճն ավարտվում է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա՝ ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը: Որովհետև հենց այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մեկ հարց է լուծվում՝ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Սա այսօր շատ կարևոր է արձանագրել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է՝ ես այն ժամանակ, 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար: Հասկանո՞ւմ եք, նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է, որ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար. ինչպե՞ս էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները:

Հաջորդը՝ կրկին այս ամբիոնից ասել է, որ այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ, այսպես ասած, պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է՝ մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Երբ ես ասում եմ, որ, այո, կարելի էր պատերազմը կանխել՝ դա ժանր է, կոչվում է գրոտեսկ, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած այդ անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում: Ուշադիր նայեք իմ տեքստը՝ ինչի մասին է:

Բայց վերադառնամ փուլային-փաթեթայինի տրամաբանությանը: Երեկ պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էր նշանակում փուլային տարբերակը դեռևս 1997 թվականին: Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի՝ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր: 2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ և շատ կարևոր մի արձանագրում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմա կասենք, ինչ լավ բան է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ ասելով նկատի էր առնվելու՝ Լեռնային Ղարաբաղի հայեր և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում: Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր: Եվ դեռ այս փուլայինին ևս մի փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը: Եվ մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու. թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի կապրեն իրար հետ, կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք: Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել:

Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը – մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին, կամ՝ կանխեիք պատերազմը – մենք չէի՞նք մտածում կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ, և մեր տղաները, ովքեր ընկել են – Փառք նրանց – նրանք կանգնել են այս իրավունքի համար: Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, և այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է, հարգելի գործընկերներ: Ուշադիր եղեք, չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար:

Երեկվանից շատ է քննարկվում, ասում են՝ ինչ ասեց, և ինչ է երեկվա ելույթը նշանակում: Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում այն և, կներեք, որ ինքս իմ ելույթը պիտի գնահատեմ, բայց, այո, հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ։ Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար: Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու։ Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, և հնչել են այդ մտքերը, որպես սպառնալիք է հնչեցվում, որ եթե այսպես չլինի, այնպես չլինի և այլն, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը: Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդն օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը, և մենք, այո՛, այդ տարածությունը բացել ենք: Մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար, որովհետև այն՝ 1998 թվականից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել էր տարածությունից։

Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք և, ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք: Մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն և ինչպես և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս: Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները։

Ինչքա՞ն կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ։ Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել, և ես գիտեմ ու ասացի՝ մեր նահատակներն ինչի համար են ընկել: Ընկել են, որ մեզ պարտադրեն, որ մենք թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով մատաղացու գառան կարգավիճակում։ Մենք պետություն ենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ մեր պատմությունը պետք է ինքներս գրենք և սովորենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունը և մատուցեն այդ պատմությունը մեզ։

Շատ ճիշտ գնահատական հնչեց՝ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է խաղաղություն կամ Ադրբեջանի համար որքանո՞վ է ընդունելի այն, ինչ մենք ասում ենք: Շատ ճիշտ մտահոգություններ են, բայց խոսքն ուրիշ բանի մասին է. երբ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ՝ նկատի ունեմ, լավ, ի վերջո, մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, մենք պետք է բովանդակությամբ լցնենք տարածաշրջանային օրակարգը։ Դա էլ նույն գործընթացի մաս է: Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն, հասկանո՞ւմ եք՝ մենք օրակարգ չենք պարտադրել։ Ինչո՞ւ և որքա՞ն ենք մենք պահել հողեր՝ պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել: Եկեք սա հասկանանք, լավ, ինչքան կարելի է: Կրկին Ավագ Ուրբաթ և Աստվածաշունչն ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս: Բավական է, այսքան նայել ենք՝ եկեք տեսնենք, այսքան լսել ենք՝ եկեք իմանանք։

Որովհետև հիմա մենք չենք խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել չլինելու մասին։ Հայաստանը և Արցախը – իմիջիայլոց, սա շատ կարևոր է – ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն: Հայաստանը՝ մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Եվ, այո՛, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ՝ պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա:

Եվ ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումն ունեցանք: Շատ կարևոր հարց բարձրացվեց. ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ: Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ:

Սա է ընդհանուր այն ասելիքը, և ես ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ քննարկման համար, որովհետև այն շատ կարևոր էր: Մեծ հաշվով պիտի նաև ասենք, որ այս բովանդակությունը, որ ես ներկայացրի, ծնվել է, խմորվել է մեր բազմաթիվ քննարկումների, բանավեճերի, զրույցների արդյունքում: Այս ելույթի մասին շատ խոսվեց, և հիմա նաև անտեղի, շատ շահարկվում են զոհվածների, մեր նահատակների անունները: Ես պարզապես ուզում եմ, որ ելույթը, այս հարցի քննարկումն ավարտենք նրանով, որ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր նահատակներին և մեր խոնարհումը նրանց առաջ, որովհետև այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է:

Շնորհակալ եմ: