Կյանքը` վտանգավոր աղբի կողքին. բժշկական թափոնների պահպանումն ու ոչնչացումը՝ մտահոգությունների պատճառ
Հասարակություն
20.03.2022 | 18:46Ինչ հետևանքներ կարող են լինել, եթե բժշկական թափոնները հայտնվեն կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերում կամ սովորական աղբավայրերում․ այս խնդիրը երկար տարիներ մնում է մասնագետների մտահոգությունների առանցքում։
Որոնք են համարվում բժշկական թափոններ
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանի՝ բժշկական են համարվում կազմակերպություններում պացիենտների հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների կամ գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած թափոնները։ Նման թափոններ են օրինակ՝ վարակիչ հիվանդություններից, մահացածների դիահերձումից, հեմոդիալիզ ստացող հիվանդների շփումից, վիրահատության արդյունքում առաջացած, մարդու արյամբ կամ կենսաբանական այլ հեղուկներով աղտոտված թափոնները, կրկնակի օգտագործման կամ վերամշակման ոչ ենթակա ներարկիչները, ախտորոշիչ և փորձարարական գործունեությունից առաջացած, ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղերը։
Ինչպես նշված է ՀՀ առողջապահության նախարարի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանում՝ թափոնները Հայաստանում ոչնչացվում են վնասազերծման, հողի մեջ թաղման, հրկիզման, գոլորշիացման և այլ եղանակներով։ Բժշկական թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում կարող են պահվել ձմռանը` 72 ժամից, իսկ ամռանը` 48 ժամից ոչ ավելի:
Օրենքի պահանջն ու իրականությունը
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը Factor.am–ի հետ զրույցում ասում է՝ բժշկական թափոնների ուտիլիզացիան Երևանում հիմնականում արվում է ժամանակին և սահմանված կարգով, բայց հեռավոր մարզերում գործընթացը խնդրահարույց է. «Լինում են դեպքեր, երբ կազմակերպությունները թափոնները հեռացնելու համար ուշ են մոտենում, ինչի պատճառով կարող են լինել կուտակումներ, իսկ այդ դեպքում՝ պահպանման ժամկետը երկարում է»։
Համաճարակաբանը կարևորում է բժշկական թափոնի ճիշտ պահպանությունը, տեղափոխումն ու ոչնչացումը, որպեսզի բացառվի մարդկանց շփումը դրանց հետ։
«Հեռացված օրգանների մասերը, ներարկիչները և այլ վտանգավոր թափոններ՝ հայտնվելով ընդհանուր աղբում կարող են շատ լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ ոչ պատշաճ վնասազերծումը կարող է դառնալ շրջակա միջավայրի աղտոտման և վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ վիրուսային այդ հիվանդություններից են ՄԻԱՎ-ը, B և C հեպատիտները, որոնք փոխանցվում են արյան միջոցով. «Կան նաև վերքերի միջոցով փոխանցվող վարակներ, որոնցից են՝ սիբիրյան խոցը, բոտուլիզմը, փայտացումը. վերջինը այսօր ունի լայն տարածում»։
Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում բժշկական թափոնների ոչնչացման գործընթացը պատշաճ կերպով չի իրականացվում և այս մասով շատ են բացթողումներն ու խնդիրները։
«Նախ, այսքան տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք թափոնի կառավարման նորմալ համակարգ և մեխանիզմներ։ Մեզ մոտ լուծված չէ նաև թափոնների տեսակավորման և ժամկետանց դեղերի խնդիրը»,- նշում է նա։
Բնապահպանը սխալ է համարում այրման եղանակով թափոնների ոչնչացումը, ընդգծելով, որ դա նպաստում է մթնոլորտ վնասակար արտանետումների ավելացմանը։
Ինգա Զարաֆյանի կարծիքով այս հարցում կա կազմակերպման և քաղաքական կամքի բացակայության խնդիր։
«Մենք պետք է ունենանք մշակված միջոցառումների հստակ պլան և կախված թափոնի տեսակից, յուրաքանչյուրն օգտագործենք, վերամշակենք կամ ուտիլիզացնենք իր պահանջներին համապատասխան»։
Ովքեր են զբաղվում թափոնների ոչնչացմամբ, և ով է պարտավոր հսկել
Բժշկական թափոնների վերահսկողությունը Հայաստանում իրականացվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (ԱԱՏՄ)՝ ստուգումների և վարչական վարույթների միջոցով։ Ստուգումները իրականացվում են տարեկան պլանով, իսկ վարչական վարույթները՝ դիմում-բողոքների հիման վրա, նաև՝ մարմնի նախաձեռնությամբ։
ԱԱՏՄ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը ևս Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց խնդրի լրջությունը։
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, նա նշում է, որ Հայաստանում քիչ է բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող կազմակերպությունների թիվը, հակառակ դրան՝ հաճախակի են ոչնչացման ժամկետները։
ԱԱՏՄ աշխատակցի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում թափոնների ուտիլիզացմամբ ներկայում զբաղվում է 3 կազմակերպություն՝ «Էկոլոգիա», «Էկոպրոտեկտ» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները։ Նրա պնդմամբ՝ այդ ընկերությունները չեն հասցնում նշված ժամանակահատվածում իրականացնել թափոնների հեռացումը։
Հունանյանի խոսքով՝ մտահոգությունները միայն այդ մասով չեն․ «Մենք խախտումներ ենք հայտնաբերում նաև պահման տարածքի հետ կապված, որոնք չեն ունենում համապատասխան պայմաններ, ջրահեռացման համակարգի, մակնշման, տեղափոխման ժամանակահատվածի, տեսակավորման, նաև՝ հատուկ տարաների հետ կապված խնդիրներ, որը պահանջում է գունային կոդավորում»։
Ըստ ԱԱՏՄ տեսուչի՝ այն կազմակերպությունները, որոնք խախտում են սանիտարական նորմերը, պարտավորվում են վճարել տուգանք։ Սահմանված տուգանքի չափը 1-ին խախտման դեպքում կազմում է 40 000 – 120 000, իսկ 2-րդի դեպքում՝ 80 000 – 200 000 դրամ։
Նշենք, որ ԱԱՏՄ-ն 2021 թ․-ի ընթացքում ստուգված 23 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից 21-ում արձանագրել է խախտումներ։
Տեսչական մարմինը 2021 թ․-ին բժշկական թափոնների վերաբերյալ բողոքներ չի ստացել։ Իսկ 2022-ին ստացել է մեկ դիմում-բողոք Տավուշի դատախազությունից՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչներն ահազանգել էին աղբավայրում բժշկական թափոնների առկայության մասին։ ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում հարուցվել է վարչական վարույթ՝ դիմումում նշված փաստական հանգամանքները պարզելու նպատակով։ Վարչական վարույթը դեռևս ընթացքի մեջ է։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը Factor․am-ի հետ զրույցում նշում է, որ բժշկական թափոնների գործածությանը վերաբերող՝ 2008 թ.-ին ընդունված հրամանում դեռևս 2018-ին նոր պահանջներ են սահմանվել։
Նրա խոսքով՝ վերանայվել են ձմռան և ամռան ամիսներին՝ թափոնի 72 և 48 ժամյա պահման ժամկետները։ Պատճառն այն էր, որ պայմանագրի շրջանակներում կազմակերպությունները դժվարանում էին ամեն անգամ գնալ և հավաքել թափոնները բժշկական այն փոքր կազմակերպություններից, որտեղ քիչ էին առաջանում թափոններ, խնդիր էր հատկապես՝ մարզեր գնալը։
«Ըստ այդ փոփոխությունների՝ մենք կազմակերպություններին տվեցինք թափոնը սառցարանում կամ սառնարանային պայմաններում համապատասխան ջերմաստիճանի տակ 2-3 օրից ավելի երկար պահելու հնարավորություն»,- ընդգծում է նա։
Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, Աբովյանն ասում է, որ դա գլոբալ քաղաքականության խնդիր չէ, այս հարցը պետք է լուծվի բժշկական կազմակերպությունների մակարդակով, պետք է վեր հանվեն բացթողումները և տրվեն լուծումներ։
Մերի Մաթևոսյան