Բելառուսում շատ մեծ վախ կա, որ ստիպված են լինելու պատերազմել Ուկրաինայում Ռուսաստանի հետ․ Յուրի Դրակախրուստը՝ «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժությունների մասին
Քաղաքականություն
10.02.2022 | 22:29Բելառուսում մեկնարկած ռուս-բելառուսական զորավարժությունները կարող են նաև շեղող մանևր լինել, որպեսզի ուկրաինական ուժերի մի մասին ստիպեն տեղափոխվել հյուսիս։ Factor.am-ի հետ զրույցում ասաց բելառուս քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակախրուստը։
«Հայտնի չէ, թե արդյոք հենց բելառուսական ուղղությունը կօգտագործվի Ուկրաինա ներխուժելու համար։ Բայց ասել, որ դա բացառված է, նորից սխալ կինի, քանի որ դրա հետ կապված մտահոգություններն էլ են հիմնավոր»,- ասաց նա։
Ըստ Յուրի Դակախրուստի՝ ուժեղ հարվածը կարող է այլ ուղղությունից լինել, քանի որ Բելառուսում կենտրոնացած է ոչ մեծ զորք, անգամ եթե ճիշտ լինեն ՆԱՏՕ-ի տվյալներն այն մասին, որ 30000-անոց զորք կա կուտակված այնտեղ։ «Չնայած նաև չի բացառվում, որ այստեղից լինեն ավիահարվածներ, հրթիռային հարվածներ և այլն։ Բայց այս ամենը հարցականի տակ է, և պարտադիր էլ չէ, որ հենց զորավարժությունների այս 10 օրվա ընթացքում լինեն»,- ասաց նա։ Իր կասկածները հիմնավորեց նաև նրանով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նոր առաջարկներով է դիմելու Արևմուտքին։
«Դժվար է պատկերացնելը, որ մի ձեռքով Պուտինը այդ առաջարկները կգրի, մյուսով՝ զորքերին կհրամայի Ուկրաինա ներխուժել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու վտանգը շարունակում է մնալ։
Հիշեցնենք՝ այսօր Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժությունները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տասնօրյա զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինված ուժերը կմշակեն Բելառուսի և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և Ուկրաինայի հիպոթետիկ ագրեսիան ետ մղելու, ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրներ։ Զորավարժություններին հավանություն էին տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն դեռևս դեկտեմբերին։
Յուրի Դրակախրուստի խոսքով՝ զորավարժությունը ոչ միայն ուժի ցուցադրություն է, նաև ակնարկ այն մասին, որ Մոսկվան մենակ չէ։ «Այո՛, Ռուսաստանն ունի կարիք ցույց տալու, որ ինքը ընդհանապես դաշնակիցներ ունի։ Հիշենք Ղազախսատանի գործողությունները։ Հենց այնպես չէ, որ դրանք միջազգային որակում ստացան․ այնտեղ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի զորքերն էին։ Ռուսաստանը հաստատ ուներ բավարար զինվորներ, որ այնտեղ գործողությունները մենակ աներ»,- ասաց նա։
Հիմա էլ, ըստ Յուրի Դրակախրուստի, Լուկաշենկոն համաձայնել է Պուտինի հետ Ուկրաինայի սահմաններին զորավարժություններ անել, քանի որ մերժելու տարբերակ չի ունեցել։ «Բելառուսը լուրջ տնտեսական, քաղաքական իրավիճակում է հայտվել 2020թ․ հեղափոխության փորձից հետո։ Բելառուսը հիմա շատ կախված է Ռուսաստանից, դրա համար էլ հիմա գնում է ցանկացած տեսակի զիջման, որոնց գուցե նախկինում չգնար»,- նկատեց նա։
Նրա խոսքով՝ զորավարժությունների հետ կապված իր երկրում մարդկանց մոտ շատ մտավախություններ են առաջացել։ «Շատ մեծ վախ կա, որ ստիպված են լինելու պատերազմել Ուկրաինայում Ռուսաստանի հետ։ Եվ այդ մտավախությունը ունեն ոչ միայն Լուկաշենկոյի ընդդիմախոսները, այլ նաև՝ նրա կողմնակիցները»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա Բելառուսում իրավիճակը բավականին լարված է, ամեն ինչ վերահսկվում է, ռեպրեսիաներ կան, և մարդիկ պարզապես խուսափում են արտահայտել իրենց կարծիքներն անգամ պատերազմի մասին։
Դրակախրուստը նաև պատմեց՝ Բելառուսում ոչ միայն չեն ցանկանում պատերազմել, այլ նաև՝ ռուսական զորքերի ներկայությունից են անհանգստանում։ «Կարծում եմ՝ Լուկաշենկոն ինքն էլ չի ցանկանում, որ Բելառուսը պատերազմի, բայց երևի թե հիմա ամեն ինչ չէ իրենից կախված»,- ասաց նա։
Հավաստիացումներին, թե ռուսական զորքերը կլքեն Բելառուսը զորավարժություններից հետո, նրա խոսքով, իր երկրում չհավատացողները քիչ չեն։ «Բայց եթե այս զորքերը մեկնեն էլ, նրանց փոխարեն գալու են ուրիշները։ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն անցած անգամ հայտարարեց, որ այս տարի լինելու են 20 համատեղ զորավարժություններ, 12 ամսում՝ 20 զորավարժություն․ նշանակում է՝ մեկ ամսում 2 զորավարժություն, այսինքն՝ ռուսական զորքերն ամբողջ ընթացքում Բելառուսում են լինելու»,- նշեց նա։
Անդրադառնալով նրան, թե արդյոք Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը և կստիպի նաև Հայաստանին մասնակցել Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի,ն Յուրի Դրակախուստը նշեց․ «Եթե պատերազմ սկսվի, հնարավոր է, որ Հայաստանի նկատմամբ ևս ճնշում լինի։ Բայց հիմա ես նման բան չեմ կանխատեսում։ Գուցե քաղաքական աջակցություն պետք լինի կամ պարզապես լռություն»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ իրավիճակը լրիվ կարող է փոխվել պատերազմ սկսվելու պարագայում։
Հռիփսիմե Հովհաննիսյան