ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
Քաղաքականություն
11.11.2026 | 14:35
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է երեք տղամարդու մեղադրանքներ առաջադրելու մասին։ Նրանց նախարարությունը բնութագրել է որպես «իրանական գործակալներ»։ Նրանցից մեկն արդեն բանտում է։ Մեղադրանքները վերաբերում են Մեծ Բրիտանիայի RAF Fairford ավիաբազայում ենթադրյալ ահաբեկչական գործողության ծրագրավորմանը, գրում է France 24-ը։
Մոհամմադ Բաքեր Սաադ Դավուդ ալ-Ասադին, Մոհսեն Մոհաջերիին և Մոհամմադ Ալի ալ-Հասանիին վերագրվում է սեպտեմբերին ավիաբազայում տեղի ունեցած միջադեպի պլանավորմանն ու կազմակերպմանը մասնակցությունը։ Այդ բազան ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են Իրանի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում։ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազա ոստիկանություն էինն կանչել այն բանից հետո, երբ տեղի ֆերմերներից մեկը հայտնել է, որ մի խումբ տղամարդիկ մի քանի սպիտակ ֆուրգոններով կասկածելի գործունեություն են ծավալում։
ԱՄՆ-ի մեղադրական փաստաթղթի համաձայն՝ Իրաքի 35-ամյա քաղաքացի ալ-Հասանին անհայտ անձանց հանձնարարել է բեռնատար մեքենաներով մեկնել ավիաբազա։ Դրանցից մի քանիսում վառելիքի տակառներ են եղել։
Փաստաթղթում նշվում է, որ ավելի վաղ նա խմբի անդամներին գումար է վճարել մետաղական առարկաներ ձեռք բերելու համար, որոնք կարող էին օգտագործվել որպես բեկորներ, ինչպես նաև մեքենաները քողարկելու համար, իբր, դրանք զբաղվում են վառելիքի մատակարարմամբ։
32-ամյա ալ-Սաադին, որն Իրանի և Իրաքի երկքաղաքացիություն ունի ու ահաբեկչության մեղադրանքով արդեն կալանավորված է Նյու Յորքում, ենթադրաբար, կոդավորված հաղորդագրություններ է փոխանցել ալ-Հասանիին և Իրանի 48-ամյա քաղաքացի Մոհաջերիին՝ ծրագրավորվող գործողությունից առաջ նրանց գործողությունները համակարգելու նպատակով։
Միջադեպից մի քանի օր անց ԱՄՆ-ն ավիաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 ռմբակոծիչները։
«Յուրաքանչյուր ոք, ով ռազմական բազայում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողներ, ահաբեկչական գործողություն է ծրագրում, կենթարկվի ԱՄՆ կառավարության քրեական հետապնդմանը»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։
Երեք անձանց մեղադրանքներ են առաջադրվել ութ կետից բաղկացած մեղադրական եզրակացության շրջանակում, որը նրանց առնչություն է վերագրում նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի աջակցությունը վայելող «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման շահերից բխող մի շարք այլ գործողությունների ծրագրավորմանը։
ԱՄՆ իշխանությունները մայիսին առաջին անգամ մանրամասնել էին ալ-Սաադիին առաջադրված մեղադրանքները՝ նրան մեղադրելով այլ անձանց ուղղորդելու և հորդորելու մեջ՝ հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի դեմ, ինչպես նաև սպանել ամերիկացիների և հրեաների՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի։ Հաղորդվում էր, որ նա և իր համախոհները ծրագրել, համակարգել և իրենց վրա են վերցրել Եվրոպայում առնվազն 18, իսկ Կանադայում՝ երկու ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը։ Դրանց թվում էին ապրիլին Լոնդոնում երկու հրեա տղամարդկանց դանակահարությունը, որի հետևանքով նրանք մահացու վնասվածքներ չեն ստացել, ինչպես նաև Ամստերդամում, Մյունխենում և այլ վայրերում սինագոգների, իսրայելական բիզնեսների և հրեական դպրոցների հրկիզման մի շարք դեպքեր։ Ալ-Սաադին մայիսից գտնվում է ԱՄՆ-ի կալանքի տակ:
Մեղադրական եզրակացության վերջին լրացումը ներառում է նաև RAF Fairford ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում նրա ենթադրյալ դերը, ինչպես նաև Ալ-Հասանիի և Մոհաջերիի ենթադրյալ ներգրավվածությունը։ Դատախազները չեն հայտնել, թե որտեղ են գտնվում վերջինները։ Երեք տղամարդկանց մեղադրանքներ են առաջադրվել «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորմանը և ԻՀՊԿ-ին նյութական աջակցություն տրամադրելու նպատակով դավադրություն կազմակերպելու, ահաբեկչական գործողություններին նյութական աջակցություն ցուցաբերելու և հանրային օգտագործման վայր պայթեցնելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար։
Անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը RAF Fairford ավիաբազայի միջադեպի հետ կապված ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքներ էր առաջադրել երկու բրիտանացի տղամարդու։ Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա հետախուզական ծառայության, ենթադրաբար՝ Իրանի, օգտին աջակցություն ցուցաբերելու համար, իսկ մյուսին՝ Մեծ Բրիտանիայի համար «վնասակար» նպատակներով արգելված տարածք մուտք գործելու համար։
Թռիչքներին հետևման տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ զինված ուժերը առնվազն մեկ տասնյակ ինքնաթիռ են դուրս բերել բրիտանական երկրորդ՝ RAF Mildenhall ավիաբազայից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հաղորդել էր Իրանի կողմից հնչեցված սպառնալիքի մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

