Բաքվի դեմ օգտագործելու խաղաքարտ ունենք մեր ձեռքում, բայց շարունակում ենք զիջողական դիրքից բանակցել․ Անժելա Էլիբեգովա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.12.2021 | 15:02Factor TV-ի հարցազրույցը Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ
-Տիկի՛ն Էլիբեգովա, Իլհամ Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել։ Նա սպառնացել է, որ եթե այն չգործի նույն պայմաններով, ինչ Լաչինի միջանցքը, ապա այնտեղ էլ ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի։ Սա ինչպե՞ս մեկնաբանել, և արդյո՞ք Ադրբեջանը կարող է հասնել դրան։
-Տեսեք՝ սպառնալիքն ուղղակի բովանդակային նոր տարր է ձեռք բերել։ Ասել, որ Ալիևն առաջին անգամ սկսեց սպառնալ «Զանգեզուրի միջանցքը» չբացելու դեպքում ուժի կիրառմամբ և այլ հանգամանքներով, սխալ կլինի, որովհետև մեկ տարի շարունակ մենք պարբերաբար լսում ենք, որ եթե չբացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա․․․ և սպառնալիքների շարք։ Ինչն է հետաքրքիր՝ հետպատերազմյան շրջանում իրենք նախ ասում էին՝ «նախիջևանյան միջանցք», հետո՝ «Մեղրիի միջանցք», հիմա արդեն նոր ձևակերպումով ավելի հնչեղ անուն տվեցին՝ «Զանգեզուրի միջանցք»՝ դրանով իսկ ևս մի թեզ առաջ քաշելով, որ իրականում «Զանգեզուրն ադրբեջանական է», դրանք «պատմական ադրբեջանական հողեր են», ինչն իրականում քարոզչական նոր թեզ չէ, ուղղակի հիմա ավելի հնչեղ է դարձել։ Եվ այդ կոնտեքստում, որ «մենք վերադառնալու ենք և՛ Զանգեզուր, և՛ Գեղարքունիք, և՛ Երևան», Ալիևը, իհարկե, նման սպառնալիքներով պարբերաբար հանդես էր գալիս։ Ի՞նչ է ասում Ալիևը փաստացի․ ասում է՝ ուզում եք՝ անունը «միջանցք» մի դրեք, բայց բովանդակային ինձ տվեք այն, ինչ ես եմ ձեզանից պահանջում։ Եթե հայ հասարակությունը հոգեբանորեն ծանր է տանում «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, թող անունը «միջանցք» չլինի, բայց դրանից բովանդակային խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և բազմաթիվ այլ, մեզ համար չեն փոխվում՝ դրա անունն ինչ էլ դնեն։
Իրավական տեսանկյունից՝ կոմունիկացիաներ բացել և ճանապարհներ տրամադրել կամ տրամադրել միջանցք, այո՛, իրավական երկու տարբեր պրոցեսներ են։ Բայց անվտանգության ապահովման և այդտեղից բխող խնդիրների տեսանկյունից մեզ համար համարժեք վտանգավոր պրոցեսներ են։ Ի՞նչ է ասում Ալիևը․ ասում է՝ եթե չեք գնում Ադրբեջանի պահանջների կատարման ճանապարհով, ապա ես էլ ունեմ հետևյալ լծակները, որոնք կարող եմ գործարկել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հետ կապված արտահայտած միտքը, ինչը, ըստ իս, այնքան էլ իրատեսական չէ։ Քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահներ, և քանի դեռ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնել է պարտավորություն, որ ռուս խաղաղապահներն են ապահովում այնտեղ անվտանգությունը, իրեն դժվար կլինի դրան հասնել։ Բայց պետք է միշտ հաշվի առնել, որ կա ժամկետ։ Այս պահի դրությամբ՝ մենք նրանց ներկայությունը երկարաժամկետ ենք պատկերացնում։
-Փոխարենը՝ Ադրբեջանը երկարաժամկետ չի պատկերացնում․․․
-Այո՛, դրա մասին էի ուզում խոսել, որ Ադրբեջանում կա և՛ հանրային դժգոհություն ռուս խաղաղապահների ներկայությունից, պարբերաբար ՌԴ դեսպանատան մոտ ցույցեր են, և՛ բավական քննադատական վերաբերմունք կա մամուլում և պաշտոնական ու տարբեր մակարդակներում՝ ռուս խաղաղապահների՝ ոչ օբյեկտիվ լինելու հետ կապված։ Ադրբեջանում կարծում են, որ ռուս խաղաղապահները միայն հայերի անվտանգությունն են ապահովում և հայամետ կեցվածք ունեն։ Հետևաբար՝ այդ հանրային ճնշումը կարող է մի օր բերել Ալիևին որոշման, որ մեզ այլևս խաղաղապահներ պետք չեն։ Չնայած, պաշտոնական հռետորաբանության մեջ Ալիևը մի քիչ երկարաժամկետ է դիտարկում հարցը, ասում է՝ երբ վերադառնան ադրբեջանցի փախստականներ, մեզ պետք է, որ այնտեղ խաղաղապահներ լինեն, որպեսզի մեր խաղաղ բնակչությունն էլ պաշտպանված լինի։
-Բայց նաև հնչում են ձևակերպումներ, որ ռուս խաղաղապահները, այսպես ասած, «ադրբեջանական հողում են»։
-Այո՛, այո՛։ Կա շատ հետաքրքիր նոր քարոզչական նարատիվ, որը ներմուծվեց պատերազմից հետո Ադրբեջանի կողմից․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենք անվանում են «ժամանակավորապես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ»։ Այսինքն՝ անկախ կարգավիճակի հարց իրենց համար այլևս չի դիտարկվում բանակցային գործընթացում։ Բայց, այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում իրենք համաձայնեցին շարունակել բանակցությունները։
Այստեղ շատ կարևոր է մեր պաշտոնական դիրքորոշումը՝ ինքնորոշման իրավունքը մեզ համար առաջնահերթություն է, թե՝ ոչ, եթե առաջնահերթություն է, ապա ի՞նչ փաթեթով ենք մենք ներկայանում բանակցություններին Մինսկի խմբի շրջանակում։ Սեպտեմբերին փաստացի Մինսկի խումբը հայտնեց, որ կարգավիճակի հարցը շարունակում է մեր օրակարգում մնալ։ Եվ մենք փաստացի չգիտենք, թե հայկական կողմն ինչ թեզերով է գնում բանակցությունների։ Այսինքն՝ Արցախի բնակչությունն ինքնորոշման իրավունքն արդեն իրացրել է, և դա անբեկանելի՞ է, թե՞ կլինի նոր հանրաքվե, եթե այն լինի՝ ի՞նչ տարածքային պրոցես է լինելու, ի՞նչ բնակչությամբ։ Այսինքն՝ այստեղ շատ կարևոր հանգամանքներ կան, որոնց մասին մեզ հայտնի չէ՝ ո՛չ փորձագիտական շրջանակներին, ո՛չ լայն հանրությանը․ ինչո՞վ է Հայաստանը, որպես պաշտոնական դիրքորոշում, ներկայանում և, առհասարակ, կարգավիճակի հարց քննարկո՞ւմ է բանակցություններին, թե՞ ինչպես Ադրբեջանն է պահանջել, որ Մինսկի խումբը զբաղվի միայն հումանիտար, տեխնիկական, ինչ-որ մանր հարցերով, միայն դրանց շուրջ ենք բանակցում։
Սա շատ կարևոր է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների առումով Հայաստանն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարում է, Ադրբեջանը՝ ոչ և անընդհատ խախտում է իր պարտավորությունները, բայց, դրա հետ մեկտեղ, Հայաստանն արդեն անցնում է առաջ՝ հաջորդ կետի իրականացմանը, այն է՝ կոմունիկացիաների բացման քննարկմանը, դեմարկացիա-դելիմիտացիա, խաղաղ պայմանագրի շուրջ ինչ-որ քննարկումներ, որոնք մեզ համար պետք է որ անընդունելի լինեն, մինչև մեր պահանջները չկատարվեն։ Որովհետև դա խաղաքարտ է մեր ձեռքում, որը պետք է Ադրբեջանի դեմ օգտագործենք, բայց փոխարենը մենք շարունակում ենք զիջողական դիրքից բանակցել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Թամարա Հակոբյան