«Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Քաղաքականություն
06.12.2021 | 17:47«Ականատես»դիտորդական առաքելությունը տեղեկանք է հրապարակել դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին։
2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որից՝ 36 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով համայնքի ավագանու և ղեկավարի ընտրություններ:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել 29 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.
Նախընտրական ժամանակահատվածի գործընթացները դիտարկելու նպատակով «Ականատես»-ը ներգրավել է 17 երկարաժամկետ դիտորդ, որոնք ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:
Քվեարկության օրն «Ականատես»-ն իրականացրել է շրջիկ դիտորդություն վերոնշյալ 29 համայնքի 565 տեղամասերում՝ 53 շրջիկ խմբերով։
Դիտարկման արդյունքներ
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները ներկայացվում են ստորև:
Նախընտրական ժամանակահատված
Ընտրական հանձնաժողովների աշխատանք
Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի:
Դիտարկված 29 համայնքները սպասարկող տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել է թվով 48 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։
Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման էական դեպքեր չեն եղել: Միայն Ծաղկաձոր խոշորացված համայնքը սպասարկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը դիտորդին հրաժարվել է տրամադրել տվյալ համայնքում ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ նշելով, որ դիտորդն իրավունք չունի իրենցից նման փաստաթղթեր պահանջել։
Դիտարկման ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրվել է 2 նույնաբովանդակ դիմում-բողոքի ներկայացում թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովին «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի կողմից։ Դիմում-բողոքները վերաբերել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից մասնավոր ընկերության միջոցով վերջերս ստեղծված փոքր վահանակների տեղադրմանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին (Զվարթնոց թաղամասից մինչև Էջմիածին քաղաքը)։ Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից դիմում-բողոքները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ տվյալ վահանակները տրամադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ վերջինս է միայն դիմել դրանք սպասարկող մասնավոր ընկերությանը։
Կոտայքի մարզի Աբովյան համայնքը սպասարկող թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ նրանք ստացել են նաև բանավոր դիմում-բողոքներ թեկնածուների կողմից քարոզչական նյութերը օրենքով չսահմանված/արգելված վայրերում փակցնելու մասին։ Ի պատասխան՝ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը դիմել է Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետին՝ օրենքով սահմանված կարգով ձեռնարկելու միջոցներ չսահմանված վայրերում փակցված քարոզչանյութերը հեռացնելու նպատակով։
2021 թ․ նոյեմբերի 16-ին Ապարան համայնքի Բաղրամյան փողոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները պատռելու կապակցությամբ տվյալ կուսակցությունը դիմում է ներկայացրել ոստիկանություն։ Միաժամանակ՝ ոստիկանությանը գրավոր դիմել է նաև թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովը, ինչի արդյունքում ոստիկանության կողմից սահմանվել է հսկողություն Բաղրամյան փողոցի տարածքում։
Քարոզչանյութերի տարածում
Չսահմանված/արգելված վայրերում քարոզչական նյութերի տարածումը շարունակել է կրել պարբերական բնույթ։ Նման խախտումներ թույլ են տրվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների մեծամասնության կողմից։ Մասնավորապես՝ պաստառները փակցված են եղել փողոցային սյուների, բազմաբնակարան շենքերի, առևտրի օբյեկտների, տաքսիների վրա։ Արձանագրվել է նաև դեպք, երբ պաստառի մակերեսը գերազանցել է 5 քառակուսի մետրը։
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Պահանջվող տվյալները բացակայել են Արարատի մարզի Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր», «Օրենք և արդարություն», «Հայրենիք» կուսակցությունների, իսկ Վեդի համայնքում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության քարոզչական պաստառների, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ Եղվարդ համայնքում «Հայ յեղափոխական դաշնակցութուն» կուսակցության բուկլետների վրա։
Խնդրահարույց է շարունակում մնալ նաև 5 քառակուսի մետր մակերեսից փոքր քարոզչական տպագիր նյութերի հարցը։ Ընտրական օրենսգիրքը չի պարունակում հստակ կարգավորումներ նման վահանակների հավասար և թափանցիկ բաշխման վերաբերյալ (ի տարբերություն 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների), որով պայմանավորված առաջանում է չարաշահման զգալի ռիսկ։ Մասնավորապես՝ գովազդային վահանակների հատկացման համար պատասխանատու համայնքային իշխանությունները, մյուս քաղաքական ուժերի համար գովազդային վահանակների տեղակայման վայրերի և դրանց շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկության ոչ լիարժեք հասանելիության պայմաններում, կարող են առավելություն ձեռք բերել գովազդային ծայառություններից օգտվելու հարցում։
Նման իրավիճակ է արձանագրվել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին, Մեծամոր և Արմավիր համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ տեղադրվել են դեպի Երևան տանող մայրուղու վրա, որտեղ նախկինում գովազդային վահանակներ չեն եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նման նորահայտ վահանակների դեպք է արձանագրվել նաև Արարատի մարզի Վեդի համայնքում։
Միջոցառումներ
Թեկնածուների նախընտրական միջոցառումները (հանրահավաքներ, երթերը և բակային հանդիպումներն ընտրողների հետ) ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում։ Բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր չեն արձանագրվել։ Ընդհանուր առմամբ առաքելության կողմից դիտարկվել է թվով 82 միջոցառում, որոնց ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ քաղաքական ուժերի ծրագրերը:
Վարչական ռեսուրսի չարաշահում
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտարկվել են վարչական ռեսուրսի չարաշահման, վարչական լծակների միջոցով ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելու մի շարք դրսևորումներ՝ հիմնականում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Չարաշահումների տեսանկյունից առավել հաճախ արձանագրվել է հանրային ծառայողների մասնակցություն նախընտրական քարոզչությունը, ներառյալ թե՛ ֆիզիկական ներկայությունը միջոցառումներին, և թե՛ քարոզչություն իրականացնելը, սակայն նաև եղել են այլ դեպքեր։ Այսպես՝
- Նոյեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքի միջոցառմանը բերվել են Արթիկի մշակույթի տան բարձրախոսները և միկրոֆոնն՝ իր ձողով։
- Նոյեմբերի 20-21-ին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրեր: Նրանց ուղեկցել են նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդ, համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Փարվանյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները։ Չնայած, որ հանդիպումները կազմակերպվել են շաբաթ-կիրակի օրերին, մարզպետի և նրա ենթակայությամբ աշխատող հանրային ծառայողների ակտիվ ներգրավվումը նախընտրական քարոզարշավին՝ իրենց ազդեցության ներքո գտնվող տարածքում ակնհայտ առավելություն է ստեղծում տվյալ քաղաքական ուժի համար, ուստի գնահատում ենք այն խնդրահարույց։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ մարզպետը ՀՀ վարչապետի որոշմամբ 2021 թ․ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գտնվել է չվճարվող արձակուրդում։
- Նոյեմբերի 22-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել է նախընտրական հանդիպում Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի դպրոցի դահլիճում ժամը 15։00-ին։
- Նոյեմբերի 26-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական միջոցառմանը աշխատանքային ժամին մասնակցել են դպրոցի ուսուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ։
- Նոյեմբերի 27-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում տեղի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական միջոցառմանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոսյանը, որը, ելույթ ունենալով, կոչ է արել ընտրել կուսակցության ընտրական ցուցակով համայնքապետի թեկնածու հանդիսացող Սայեն Հայրապետյանին։ Միջոցառմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ։ Ինչպես նշվեց մարզպետի ակտիվ ներգրավվումը նախընտրական քարոզարշավին՝ իր ազդեցության ներքո գտնվող տարածքում առավելություն է ստեղծում տվյալ քաղաքական ուժի համար և խնդրահարույց է։
- Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ելույթ ունենալիս, խոսել է ընտրությունների և իրենց ուժի մասին, ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանին և նշել․ «Ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ որպես Շիրակի մարզպետ ես լինելու եմ ձեր կողքին, լինելու եմ պարոն Ղարիբյանի կողքին»: Չնայած, որ հանրահավաքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ այնուամենայնիվ մարզպետի կարգավիճակով թեկնածուի օգտին քարոզչությունն անելը ակնհայտորեն վարչական ռեսուրսի չարաշահում է։
- Դեկտեմբերի 3-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել կուսակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանը և արձակուրդում գտնվող մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինությունը 5-6-րդ դասաժամերը դպրոցում չեղարկել է՝ հանդիպմանը միանալու նպատակով։
- Դեկտեմբերի 3-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
- Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորել է Վահագն Արսենյանը, որը խոշոր գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի որդին է և տվյալ պահին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Համայնքապետարանի կայքէջում գովազդվել են «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից նախաձեռնված կապիտալ ներդրումային ծրագրերը՝ հղում կատարելով Վահագն Արսենյանի անձնական էջին:
- Բացի քարոզարշավի իրականացման նպատակով կիրառվող վերոնշյալ դեպքերից՝ վարչական ռեսուրսը հնարավոր է, որ օգտագործված լինի նաև ընտրողի կարծիքը ճնշելու և պատժելու նպատակով։ Այսպես՝ ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնակատարը 2021 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 764-Ա որոշմամբ Սյուզաննա Բալայանին ազատել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, որին վերջինս նշանակվել էր նույն թվականի մայիսի 17-ին։ Ըստ Ս․ Բալայանի՝ Լոռու մարզպետարանում իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը կայացվել է զուտ քաղաքական դրդապատճառներով։ Մարզպետի պաշտոնակատարն ու առողջապահության վարչության պետը նրան կանչել են ու բացատրություն պահանջել, թե ինչու է իրենց ենթական ֆեյսբուքում հավանություն տվել մի գրառման, որն, ըստ նրանց, վարկաբեկում է արձակուրդի մեջ գտնվող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, որից հետո, առանց բացատրության, աշխատանքից ազատել են Ս․ Բալայանին։ Ի դեպ, որոշման մեջ աշխատանքի ազատման հիմքերում հղում է տրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասին և 88-րդ հոդվածի 5-րդ մասին, որոնք վերաբերում են որոշում ընդունելու ընթացակարգին, այլ ոչ աշխատանքից ազատման հիմքերին։
Քվեարկության օր
Քվեարկության օրվա դիտարկումը շրջիկ դիտորդները սկսել են ընտրական տեղամասերի բացման պահից՝ առավոտյան 08։00-ից։ Ընդհանուր առմամբ, քվեարկության օրվա ընթացքին հետևել է 53 շրջիկ խմբում ընդգրկված 106 դիտորդ։ Ձևավորված 984 տեղամասերից դիտորդներն այցելել են 565 տեղամասեր։ Բացի այդ, դիտորդները նաև հետևել են կուսակցությունների և դաշինքների շտաբների ու գրասենյակների, տեղամասերին հարող տարածքների ընդհանուր միջավայրին և իրադարձություններին։
Քվեարկության մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թումանյան խոշորացված համայնքում՝ 70%, ամենացածրը՝ Արմավիր խոշորացված համայնքում՝ 21%: Միջինում մասնակցության ցուցանիշը քվեարկության օրվա ավարտին՝ 20։00-ի դրությամբ կազմել է ՝ 42%: Երկու բնակավայրերում՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա, գրանցվել է ընտրողների զրոյական մասնակցություն։ Ոչ մի ընտրող չի մասնակցել քվեարկությանը՝ ի նշան խոշորացման գործընթացի դեմ բողոքի։
Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն անցել է հանդարտ մթնոլորտում։ Որոշ բնակավայրերում գրանցվել են խախտումներ և միջադեպեր, որոնք թեև չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն արժանի են ուշադրության։
Առավել տարածված են եղել մարդկանց և մեքենաների կուտակումները։ Դրանք արձանագրվել են համայնքապետարանների տարածքում (3 դեպք), տարածքային ընտրական հանձնաժողովներին (12 դեպք) և տեղամասային կենտրոններին (35 դեպք) հարող տարածքներում։ Նշվածներից 4 դեպքում ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել կուտակումները վերացնելու համար։ Մարդկանց կուտակումներ են արձանագրվել նաև ընտրական տեղամասերի ներսում (20 դեպք):
Արձանագրվել են նաև քարոզչության կամ հակաքարոզչության իրականացման 7 դեպք, որից 6-ը՝ ընտրատեղամասերին հարող տարածքներում: Տարբեր կուսակցությունների և դաշինքների օգտին քարոզչությունը հիմնականում տեղի է ունեցել տեղամասի մուտքի մոտ կայանված տրանսպորտային միջոցների վրա փակցված քարոզչական պաստառների տեսքով։
Տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում լավ են կազմակերպել քվեարկության գործընթացը։ Վերջիններիս կողմից սահմանված ընթացակարգերի խախտման միայն 7 դեպք է գրանցվել։ Սակայն հարկ է նշել, որ լուրջ թերացում է արձանագրվել հակահամաճարակային կանոնների պահպանման տեսանկյունից, որոնք չենք պահպանվել դիտարկված տեղամասերից 70-ում (մոտ 12 %-ում)։
Տեղամասերի կահավորումը հիմնականում կատարվել է պատշաճ կերպով, բացառությամբ 10 տեղամասերի, որտեղ խախտվել են օրենքով սահմանված պահանջները: Դիտորդների զգուշացումից հետո դասավորության հետ կապված թերությունները շտկվել են։
11 տեղամասերում նկատվել է ընտանեկան քվեարկության դեպք (ընտանիքի մեկից ավելի անդամների ներկայություն քվեախցիկում)։ Այս երևույթը թեև քվեարկության գաղտնիության խախտում է, սակայն միտումնավոր բնույթ չի կրել։
Քվեարկության սենյակում մեկ կուսակցությունից երկու վստահված անձի միաժամանակյա ներկայություն է գրանցվել 5 տեղամասերում։
Կողմնակի, առանց վկայականի անհայտ անձինք են ներկա գտնվել տեղամասերից 5-ում, ովքեր հեռացվել են տեղամասերից դիտորդների զգուշացումից հետո։
Բաց քվեարկության 2 դեպք է արձանագրվել։ 2 դեպքում էլ հանձնաժողովների նախագահների պահանջով ընտրողները հանձնել են քվեաթերթիկները և կատարել ևս մեկ՝ գաղտնի քվեարկություն։
Հաշվարկի և ամփոփման փուլում արձանագրվել է 7 դեպք, երբ հանձնաժողովը մերժել է տրամադրել արձանագրության քաղվածքը կամ մասնակցության տեղեկանքը հաշվարկի մասնակիցներին։
Առավել էական խախտումներ գրանցվել են հետևյալ տեղամասերում՝
- 11/13 տեղամասում (գ․ Այնթափ, Մասիս) ժամանակավորապես խոչընդոտվել է դիտորդի մուտքը տեղամաս «Դավիթ Համբարձումյան» դաշինքի վստահված անձի կողմից։ Հանձնաժողովի նախագահը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Ոստիկանությունը տեղեկացվել է միջադեպի վերաբերյալ։
- 15/29 (գ․ Բամբակաշատ գյուղ, Մեծամոր) և 16/21 (գ․ Լենուղի, Արմավիր) տեղամասերում միաժամանակ ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկից ավել վստահված անձիք։
- 17/20 տեղամասում (գ․ Բյուրական, Աշտարակ) միաժամանակ ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի անունից գրանցամատյանում գրանցված մեկից ավել վստահված անձիք, մինչդեռ «Հայաստան» դաշինքը 2021 թ․ դեկտեմբերի 5-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին որևէ ընտրատարածքում առաջադրված չի եղել։
- 21/57 տեղամասում (ք․ Վարդենիս) հանձնաժողովի նախագահը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) քվեաթերթիկներ և ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամի հետ ընտրողներին հատկացրել է քվեաթերթիկներ և ծրարներ, միևնույն ժամանակ՝ մատնացույց անելով քվեաթերթիկի համապատասխան վանդակը:
- 21/77 տեղամասին (գ․ Գեղամասար, Վարդենիս) հարող տարածքում «Միասնական Վարդենիս» դաշինքի վստահված անձ Գևորգ Բաղրամյանը և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վստահված անձ Արայիկ Մաթոյանը ուղղորդել են ընտրողներին։
- 22/12 տեղամասին (գ․ Շենավան, Սպիտակ) հատկացվել է ընտրողների թվից մոտ 20-ով պակաս քվեաթերթիկ։
- 26/1 տեղամասում (ք․ Ծաղկաձոր) հանձնաժողովի նախագահը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) խոչընդոտել է դիտորդի ազատ տեղաշարժը և դիտարկումը տեղամասում։ Ավելին, վերջինս թույլ չի տվել դիտորդին այս խախտման մասին գրառում կատարել գրանցամատյանում՝ խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջները։
- 27/4 տեղամասում (ք․ Եղվարդ, Նաիրի) հանձնաժողովի նախագահը («Պատիվ ունեմ» դաշինք) դրսևորել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք դիտորդի նկատմամբ և հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
- 29/36 տեղամասում (գ․ Գետարգել, Աբովյան) միաժամանակ ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երկուական վստահված անձիք։ Դիտորդների զգուշացումից հետո հանձնաժողովի նախագահը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և նշված վստահված անձինք վիճաբանել են դիտորդների հետ, փորձել են արգելել տեսանկարահանումը, ինչի արդյունքում ժամանակավորապես խոչընդոտվել է դիտորդի տեսանկարահանում և դիտարկում իրականացնելու իրավունքը, ինչպես նաև չի թույլատրվել այդ մասին նշում կատարել գրանցամատյանում։
- 30/10 տեղամասում (գ․ Աշոցք) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հյուրասիրություն է կազմակերպել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար։
- 33/12 տեղամասում (գ․ Ջրառատ, Արթիկ) կասկածելի մեծ թվով ընտրողներ են քվեարկել օգնողի միջամտությամբ (50-ից ավելի օգնության դեպք 2,5 ժամվա ընթացքում)։ Դեպքի առիթով «Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգ է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։
- 33/22 տեղամասում (գ․ Մեղրաշեն, Արթիկ) հանձնաժողովի քարտուղարը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) նույն կուսակցության՝ առանց վկայականի վստահված անձին թաքուն կերպով փոխանցել է անհայտ թուղթ։
- 29/5 տեղամասում (ք․ Աբովյան) hաշվարկի փուլում նույնանման ծալվածքով քվեաթերթիկներ են հայտնաբերվել, որից 5-ը քվեարկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, և 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը կարող է վկայել վերահսկվող քվեարկության մասին։
- 18/29 տեղամասում (գ. Սուսեր, Թալին) հանձնաժողովի նախագահը («Պատիվ ունեմ») խախտել է դիտորդի իրավունքը՝ հրաժարվելով վերջինիս տրամադրել քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքը։ Հանձնաժողովի անդամները անհարգալից վերաբերմունք են դրսևորել դիտորդի հանդեպ։
Արձանագրված խնդիրների հիման վրա ներկայացվել է երկու ահազանգ Ոստիկանություն և մեկ ահազանգ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիտորդների իրավունքների խախտումները բողոքարկվելու են համապատասխան ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան։