Նոյեմբերի 9-ին նվիրված ՌԴ ԱԳՆ կայքի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին բառ չկա․ Զախարովայի խոսքով՝ հակասություններ պետք չէ փնտրել
Նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 5-ին, հայկական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հրապարակած հայտարարությունը, որը վերագրվում էր Ռուսաստանի արտգործնախարարությանը։ Այն, ըստ լրատվամիջոցի, արտգործնախարարությունը տարածել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադբեջանի առաջնորդների միջև նախորդ տարի ստորագրած հայտարարության տարելիցի կապակցությամբ։
Հայաստանյան լսարանի ուշադրությունը հատկապես գրավեցին հայտարարության մեջ եղած «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ» պնդումները, ՀՀ իշխանություններն էլ, շտապեցին այն որպես «հաղթաթուղթ» ներկայացնել։
Factor.am-ը պարզել է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության կայքում նույն առիթով մեկ այլ հայտարարություն է հրապարակվել, որն ամբողջովին տարբերվում է լրատվամիջոցներով տարածվածից։ Այս տեքստի հրապարակման ամսաթիվը նոյեմբերի 9-ն է։
Factor.am-ը նաև առանձնացրել է երկու հայտարարություններում եղած պնդումների տարբերությունները, որոնք էական են և կարելի է ասել՝ նաև իրավիճակ փոխող։
Արտգործնախարարության պաշտոնական կայքում մասնավորապես ներկայացված է, որ եռակողմ հայտարարության ստորագրումը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։
«Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ մնան դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու խստիվ պահպանմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։
Իսկ լրատվամիջոցներով տարածված հայտարարության մեջ՝ համաձայնագրի իրականացմանը վերաբերող հատվածում նշված է․ «Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Փոխարենը արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը և արդյունավետ իրականացվում է գործնականում»։
Արտգործնախարարության կայքի հայտարարությունում անդրադարձ կա նաև ռուսական խաղաղապահներին։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի և հայ ընկերները դա գնահատում են։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և կալանավոր։ Դրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, իր հերթին 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին»,- ներկայացված է հայտարարությունում, հետո թվարկվել առաքելության այլ մարդասիրական դրսևորումները։
Նոյեմբերի 5-ին տարածված տեքստում խաղաղապահների մասին անդրադարձը այլ կերպ է ներկայացված։ Այնտեղ նշված է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց «կարելի է համարձակորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, ըստ որոնց՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն։ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- ասված է արդեն այս տեքտում։
Պաշտոնական հայտարարության մեջ մի քանի պարբերություն է նվիրված Ռուսաստանի՝ կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին։
Պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում կա հատված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում աշխատանքների վերաբերյալ, որը տարբերվում է նախորդիվ տարածված հայտարարության նույն խնդրին վերաբերողից․ շեշտադրումները փոքր–ինչ այլն են։
«Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը»։
ՏԱՍՍ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Մոսկվան վճռական է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց: Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։
Երկու հայտարարությունների ամենաուշագրավ տարբերությունը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրին։ Հիշում ենք, թե ինչպես հայկական կողմը նոյեմբերի 5–ի հայտարարության տարածումից հետո սկսեց ակտիվորեն շրջանառել այս խնդրին վերաբերող «Զանգեզուր միջանցքի» սուվերենության մասին պնդումները, իբրև Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում։ Այնտեղ նշված էր․
«Պակաս կարևոր չէ, հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»։
«Պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման» մասին խոսք անգամ չկա ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեքսում։
«Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Մենք բարձր ենք գնահատում գործունեությունը: Եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի, ԱՀ և Հայաստանի Հանրապետության վարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը»,- ասված է հայտարարությունում։
Factor.am-ը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից հարցրել է, թե ՌԴ արտաքին գերատեսչությունը որքանով է լրատվամիջոցներով տարածված պնդումները (հատկապես Զանգեզուրի միջանցքի մասին – Factor.am) կիսում։
Զախարովայի խոսքով՝ եղել են տեղակատու նյութեր լրատվամիջոցների համար և հայտարարություն։ «Երկու տարբեր հոդվածներ են»,- ասաց նա։Հետո մեր դիտարկմանն ի պատասխան, թե ԶԼՄ-ներով տարածված տեքստի մեջ պնդումներ կային «Զանգեզուրի միջանցքի մասին», իսկ ՌԴ ԱԳՆ-ի կայքում տարածված հայտարարության մեջ՝ խոսք անգամ դրա մասին չկար, Մարիա Զախարովան զանգահարեց և ասաց․ «Նորից եմ կրկնում՝ եղել են տեղեկատու նյութեր լրատվամիջոցների համար և հայտարարություն։ Հակասություններ փնտրել պետք չէ»։ Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ռուսաստանի դիրքորոշումը լրատվամիջոցների համար պարզաբանվել է։
Հռիփսիմե Հովհաննիսյան