Արցախի ՀԷԿ-երի կորուստն ու ծանր ֆինանսական հարվածը Հայաստանի համար

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքը բաղկացած էր 3 գյուղից: Մինչև 2016 թվականը համայնքի Եզնագոմեր և Սպիտակաջուր գյուղերը, որոնք վերաբնակեցվել էին 15 տարի առաջ, կարելի է ասել, չունեին էլեկտրաէներգիա։ Իսկ Շիրվական գյուղը էլեկտրաէներգիա ուներ միայն օրվա մեջ մի քանի ժամ։

 

Վերջին տարիներին Արցախում մեծ տեմպերով  հիդրոէլեկտրակայանների կառուցումը էլեկտրաէներգիայով ապահովեց նաև երբևէ չէլեկտրաֆիկացված այս բնակավայրերը։

 

Նշված գյուղերին էլեկտրաէներգիա էր ապահովում «Ակունք» ՀԷԿ-ը, որը կառուցվել էր 2016-ին։ Անցած տարի  պատերազմի հետևանքով այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանին անցան նաև Լեռնահովիտ համայնքին պատկանող գյուղերը։

 

Արցախում գործող մեծ և փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայով էին ապահովում ոչ միայն Արցախի բնակչությանը, այլև դրանց արտադրած էլեկտրաէներգիան արտահանվում էր նաև Հայաստան։ Դա Հայաստանի համար փոքր ծավալի, բայց համեմատաբար էժան էլեկտրաէներգիա  էր, իսկ Արցախի համար՝ տնտեսության ակտիվությունն ապահովելու լրացուցիչ հնարավորություն։

 

Արցախի ՀԷԿ-երի կորուստը, չնայած վերջիններիս սեփականատերերի վերաբերյալ խնդրահարույց պատմություններին, դարձան Հայաստանի և Արցախի էներգետիկ մարտահրավերների բաղկացուցիչ մասը։

 

Մեծամորի Ատոմակայանի դադարը՝ պայմանավորված վերանորոգման աշխատանքներով, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքի ժամանակավոր դադարը, Հայաստանի հարավում և Արցախում գործող ՀԷԿ-երի առջև ծառացած անվտանգային խնդիրները և պատերազմի հետևանքով մի շարք ՀԷԿ-երի կորուստը էներգետիկ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել Հայաստանը՝ միաժամանակ լուրջ ազդեցություն ունենալով երկրի տնտեսության վրա։

 

Հայաստանի և Արցախի էլեկտրաէներգիան

 

Հայաստանում տարեկան արտադրվում է միջինում 7․6-ից 7․8 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից էլեկտրական ցանցերին առաքվում է միջինը 6․2 մլրդ կվտ/ժամ։ Հայաստանից էլեկտրական էներգիան մեծամասամբ արտահանվում է Իրան, մի փոքր մասն էլ՝ Վրաստան և Արցախ։

 

Հայաստանը, բացի արտահանելուց, նաև ներմուծում է էլեկտրաէներգիա, և ի տարբերություն Իրանի և Վրաստանի՝ Արցախից ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալը վերջին տարիներին շարունակաբար ավելանում էր, զուգահեռաբար, նվազում էր Վրաստանից Հայաստան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալը։

 

Հինգ տարվա ընթացքում՝ 2016-2020 թվականներին, Արցախից Հայաստան առաքված էլեկտրաէներգիայի ծավալն աճել էր ավելի քան 4․5 անգամ՝ 48․1 մլն Կվտ/ժամից դառնալով 223 մլն կՎտ/ժամ։

 

Դեպի Հայաստան արտահանվող էլեկտրաէներգիայի աճը պայմանավորված էր Արցախում տարեցտարի կառուցվող նոր ՀԷԿ-երով, որոնց ստեղծած էլեկտրաէներգիան ավելի էժան էր։ Արցախի բնակչության կողմից  սպառման ծավալները տարեցտարի գրեթե անփոփոխ  էր մնում  և   էլեկտրաէներգիայի ավելցուկը աճում էր։

 

Համեմատության համար նշենք, որ եթե 2016 թվականին Արցախում գործում էր «Սարսանգ» ՀԷԿ-ը և 13 փոքր ՀԷԿ-եր, ապա արդեն 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ Արցախում գործող ՀԷԿ-երի ընդհանուր թիվը հասել էր 37-ի, կառուցման փուլում էին մի շարք փոքր ՀԷԿ-եր։

 

 

Արցախից Հայաստան փոխանցվող էլեկտրական էներգիայի ծավալները սկսեցին նվազել նախորդ տարվա վերջից՝ նոյեմբերին կազմելով 10․8 մլն ԿվտԺ, իսկ դեկտեմբերին Արցախից դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի ներհոսքը դադարեց։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ այն կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան։ Ավելին՝ Հայաստանը արդեն իսկ մեծացրել է Արցախ առաքվող էլեկտրական էներգիայի ծավալները։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ավելի շատ էլեկտրաէներգիա է առաքվել Արցախ, քան նախորդ՝ 2020 թվականին ամբողջությամբ։ 

 

Ներքին ռեսուրսների հաշվին Հայաստանի ներքին պահանջարկի բավարարումը նվազեցնելու է նաև դեպի Իրան և Վրաստան փոխանցվող էլեկտրական էներգիայի առաքման ծավալները, ինչը Հայաստանին զրկում է լրացուցիչ ֆինանսական հոսքերից։

 

Արցախում գործող ՀէԿ-երը

 

Արցախի Հադրութի շրջանում գործող միակ հիդրոէլեկտրակայանը՝ «Տումը», կառուցվել էր Իշխանագետի վրա՝ Մեծ Թաղեր համայնքում։ ՀԷԿ-ը շահագործման լիցենզիա ստացել էր 2017 թվականին, 2020-ի սկզբին երկարացրել այն՝ գործելու թույլտվություն ստանալով մինչև 2034 թվականը։

 

2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի հետևանքով, սակայն, համայնքը և ՀԷԿ-ը դարձան սահմանամերձ՝ շրջապատված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերով։

 

Դեկտեմբերյան բախումներից հետո Մեծ Թաղեր և Խծաբերդ համայնքները ևս անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում մնացին նաև Արցախի 37 հիդրոէլեկտրակայաններից 29-ը։ Դրանց լիցենզիաները համարվեցին ուժը կորցրած։

Սրա արդյունքում էականորեն նվազեց Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը,։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ պատերազմի ավարտից մինչ օրս Արցախից դեպի Հայաստան էլեկտրաէներգիա չի արտահանվել։

 

Մինչև պատերազմը Արցախում գործող ամենախոշոր ՀԷԿ-ը «Սարսանգն» էր, մյուսները փոքր հիդրոէլեկտրակայաններ էին՝ կառուցված տարբեր ժամանակահատվածներում, իսկ մի շարք հիդրոէլեկտրակայաններ դեռևս գտնվում էին կառուցման փուլում։

 

Այդ բոլոր հիդրոկայանների դրվածքային ընդհանուր հզորությունը 187․5 ՄՎտ էր։ Արդեն պատերազմից հետո գործող ՀԷԿ-երի հզորությունը շուրջ 2․5 անգամ կամ 60 տոկոսով քիչ է՝ 75 ՄՎտ։

 

Հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ամենամեծ բաժինը մինչև պատերազմը Սարսանգի ջրամբարի վրա գտնվող «Սարսանգ» ՀԷԿ-ինն էր։ Պատերազմի հետևանքով ջրամբարի հարակից հատվածը, ներառյալ ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-երից մեկը՝ «Մատաղիսը» , անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Արցախի ամենահզոր «Սարսանգ» ՀԷԿ-ի արտադրության ծավալը նվազել է 60 տոկոսով՝ 25․5 մլն կվտ/ժամից հասնելով 10 մլն կվտ/ժամի։

 

 

Արցախյան պատերազմի հետևանքները Հայաստանի էներգետիկ համակարգի վրա

 

Ինչպես նշեցինք, 2021 թվականի համար նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստան, սակայն պատերազմից հետո էլեկտրաէներգիայի ներհոսքն ամբողջովին դադարել է։ Դրան գումարվել է նաև  Մեծամորի ատոմակայանի 141-օրյա կանգը, ինչի հետևանքով նախորդ տարվա համեմատ ՀԱԷԿ-ն այս տարի կարտադրի 560 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա պակաս։

 

Անորոշ ժամանակով չի շահագործվում նաև Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։

 

Այս գործոնների պատճառով Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լրջագույն խնդիրների առջև, որոնց լուծումը, ինչպես արդեն նշեցինք, այլ աղբյուրների միջոցով կարիքների բավարարումն է, ինչն էլ, իր հերթին, լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։

 

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ երկրի էներգետիկ համակարգի վրա միայն Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարն ու Արցախի ՀԷԿ-երի մեծ մասի կորստի բացասական ազդեցությունը կազմում է շուրջ 165 մլրդ դրամ, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է միավոր էլեկտրաէներգիայի 341 դրամով թանկացման։

 

Այս գործոններից զատ, էներգետիկ համակարգի վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը, քանի որ ի տարբերություն 2020 թվականի, երբ պետական բյուջեով 1 դոլարը նախատեսվել էր 476 դրամ փոխարժեքով, 2021 թվականին հաշվարկների համար հիմք է ընդունվել 1 դոլարի դիմաց 493 դրամ փոխարժեքը։ Սրա բացասական ազդեցությունը գնահատվում է շուրջ 4․6 մլրդ դրամ կամ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի շուրջ 0․95 դրամ/կվտ ժամով թանկացում։

 

Ընդհանուր առմամբ՝ էներգետիկ համակարգի վրա ազդող բացասական գործոններից են նաև ՋԷԿ-երին վաճառվող բնական գազի սակագնի աճը, վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոփոխությունը, ՀԷՑ-ի հաշվարկային և փաստացի սակագնային մարժաների տարբերությունը և այլն։

Սակայն կան նաև դրական  գործոններ, որոնք են էլեկտրական էներգիայի կորուստների կրճատումը և շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը։

 

Այս ամենի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի վրա այս տարվա բացասական ազդեցությունը կկազմի մոտ 259 մլրդ դրամ, ինչը հավասար է էլեկտրաէներգիայի թանկացման՝ 534 դրամ/կվտ ժամով։

Սակայն կառավարության կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման վարկի  մասնակի վերաֆինանսավորման, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի վարկի մասով կուտակված դրամական միջոցները թույլ են տալիս էլեկտրաէներգետիկական համակարգի 25․9 մլրդ դրամ ճեղքվածքը նվազեցնել մինչև 11 մլրդ դրամի, ինչը սակագինը կավելացնի 227 դրամ/կվտ ժամով։