Անվերջ ձգվող դատական նիստեր․ որտե՞ղ է ավարտվում ողջամիտ ժամկետի սահմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.10.2021 | 20:252015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բասեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, արդեն շուրջ 6 տարի գրեթե ամեն երկուշաբթի դատարան է ներկայանում՝ հուսալով, որ դա վերջին անգամը կլինի։
Նոյեմբերի 27-ին կլրանա 6 տարին, ինչ այս քրեական գործը վարույթ է ընդունվել։ Տարիներն անցնում են, սակայն դատաքննության ավարտն այդպես էլ չի նշմարվում։ Արկադի Բարսեղյանը միայն մեկ բան է ցանկանում՝ որդու սպանության մեղավորներին օր առաջ պատժված տեսնել։
Որքան կարող է տևել որևէ դատական գործի քննություն․ Հայաստանի օրենսդրությունը սահմանում է՝ այն պետք է ավարտվի ողջամիտ ժամկետում, սակայն մինչև վերջերս սահմանված չէր, թե որ ժամկետն է տեղավորվում ողջամտության տիրույթում։ Դատարանում գործի քննությունը կարող էր տարիներով ձգվել և անհետևանք մնալ դատարանի համար: Իրավիճակը փոխվեց օգոստոսի վերջին ՀՀ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով:
Օգոստոսի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց սահմանել գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության։ Այս որոշումով ԲԴԽ-ն նպատակ ունի ապահովել դատական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, դատավորների և դատարանների հաշվետվողականությունը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը։ Ուղենիշային ժամկետների պահպանման գործընթացը ենթակա է մշտադիտարկման, որի արդյունքներով պայմանավորված՝ դրանք կարող են վերանայվել։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի կարծիքով՝ թեև սահմանված ժամկետներն առայժմ ուղենիշային են, սակայն այս որոշման ընդունումն առաջնային նշանակություն ունի։
Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելիս հիմք է ընդունվել գործի բարդության չորս մակարդակ՝ պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության։ Այս մակարդակները որոշվելու են գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով։
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար 1 ամիս ժամկետ է սահմանվել, միջին մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 4-6 ամիս, բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 8-12 ամիս, առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 13-18 ամիս ժամկետ։
Գործերի քննության նույնքան ժամկետ է սահմանված սնանկության գործերը քննելու համար։
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ առանձնակի բարդ գործերի 98%-ի համար 18 ամիս է սահմանվել, քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ առավելագույնը 24 ամիս ժամկետ։ Իսկ Վճռաբեկ դատարանում դատաքննության ուղենիշային ժամկետ է սահմանվել 15 ամիսը։
ԲԴԽ անդամի խոսքով՝ առաջիկայում ուսումնասիրվելու են որոշման արդյունքները՝ հասկանալու, թե որքանով են գործերի քննության ժամկետները համապատասխան ընդունված սահմանումներին։ Իսկ հետագայում արդեն Խորհուրդը կորոշի հստակ քայլեր և մեխանիզմներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ոչ միայն այս ժամկետները սահմանելուն, այլև դրանց պահպանմանն ուղղված որոշակի միջոցառումներ իրականացնելուն։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ քաղաքացիներից ահազանգեր է ստացել՝ տարիներով ձգվող գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտման վերաբերյալ։ Պաշտպանի աշխատակազմում դրանք քննության առարկա չեն դարձել, քանի որ ՄԻՊ-ը դատական վարույթներին միջամտելու իրավունք չունի։ Փոխարենը 2019 թվականին դիմել է Սահմանադրական դատարան․ Բարձր դատարանը ողջամիտ ժամկետ սահմանելու որոշումն ընդունել է միայն երկու տարի անց՝ 2021 թվականի ապրիլին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան