Մոսկվան անկայունություն է ստեղծում, որ հետո իրավիճակից օգտվի․ Փոլ Գոբլը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ
Քաղաքականություն
29.07.2021 | 17:40Factor.am-ի զրուցակիցն է ամերիկացի փորձագետ, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին խորհրդական Փոլ Գոբլը
–Պարո՛ն Գոբլ, Ադրբեջանը երեկ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմաններին՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հրադադարի շուրջ համաձայնությունը եղավ Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանը կրակ բացել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ, արդյո՞ք Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը երկար ժամանակ կպահպանվի։
-Պատերազմը դադարեցնելը միշտ ավելի դժվար է, քան այն սկսելը, և ցանկացած հակամարտության մեջ երկու կողմերից էլ բռնության դիմելը հաճախ շարունակվում է որոշ ժամանակով: Հուսով եմ, որ դա աստիճանաբար կավարտվի, բայց վախենում եմ, որ ապագայում երկար ժամանակ յուրաքանչյուր կողմը կարող է մտածել, որ բռնություն գործադրելը կնպաստի իրենց նպատակների իրագործմանը՝ ավելի շատ հողեր վերցնելուն կամ ինչ-որ կողմնակի անձանց ստիպելուն, որ գան, իրենց պաշտպանեն:
–Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը դեռևս իրագործված չէ։ Ձեր գնահատմամբ՝ ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։
-Նախ՝ պետք է հստակ արձանագրել, որ նոյեմբերին ստորագրվածը համաձայնագիր չէ, այլ հռչակագիր։ Չնայած այն Մոսկվայում մեծ «տոնակատարությամբ» է ընդունվել, սակայն չի լուծում բազմաթիվ խնդիրներ, այն հակամարտությունն արագ չի լուծում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում եղած դժվարությունները խորն են, բարդ և լուծման համար երկար ժամանակ պահանջող։ Երկու կողմերի միջև իրական համաձայնագիրը ոչ թե պետք է լիներ 2-3 էջանոց, այլ 100։ Ո՛չ նոյեմբերի, ո՛չ էլ հունվարի համաձայնագրերն այնպիսի համաձայնությունների շրջանակ չեն պարունակել, որ կողմերին ճիշտ ուղու վրա դնեն։ Ի՞նչ է եղել դրա փոխարեն․ հրադադարի նոր համաձայնագրի մասին է հայտարարվել, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են հայերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ (ձևակերպումը հեղինակինն է – խմբ․)։ Հստակ հայտարարված չեն նաև այստեղ տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի նպատակները։ Խաղաղապահ առաքելության մասին պայմանավորվածություն ձեռք բերելը միշտ դժվար է․ այդ պայմանավորվածությունները պետք է հստակեցնեն՝ ով ինչ է անում և երբ է անում։ Դա տեղի չունեցավ։ Դուք միայն ունեցաք հրադադարի մտադրության մասին հռչակագիր՝ առանց քայլերի, որոնք պետք է հետևեին հրադադարին։
Եվ այն, որ հռչակագրի ընդունումից անցել են ամիսներ և շատ քիչ առաջընթաց կա, ինձ ընդհանրապես չի զարմացնում։ Սխալը, որ արվել է, այն է, որ եռակողմ հռչակագիրը թույլ է տալիս դրա մասնակիցներին և՛ Երևանում, և՛ Բաքվում, և՛ այլ մայրաքաղաքներում, ընդունել, որ իրավիճակն այսպիսին է․ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Մոսկվան միայն գոհ է, որ կարող է կրեդիտ հավաքել իրավիճակից, իսկ Երևանում գործում են այնպես, կարծես այլևս չկան ֆունդամենտալ խնդիրներ։ Սակայն ստացվում է, որ իրականում դեռ դրանք կան և պահանջում են ինտենսիվ երկխոսություն, իսկ կողմերի միջև համագործակցությունը և նրանց կողմից փոխզիջումներ անելը գնալով բարդանում է, Մոսկվայից բացի՝ այլ միջազգային խաղացողների բացակայության պատճառով։ Այստեղ ես նկատի ունեմ Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին՝ Արևմուտքին, նաև՝ Թուրքիային ու Իրանին տարածաշրջանում։
–Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, կա՞ հնարավորություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ–ը ներգավվեն այս խնդիրների լուծման գործընթացում։ Հնարավո՞ր է, որ լինի հիմնախնդրի լուծման նոր, ավելի ընդգրկուն համաձայնագիր։
-Դա հնարավոր է։ Այլ հարց է, որ այն շուտ չի լինի։ Իմ կանխատեսումն այն է, որ միջազգային հանրությունը, ես նկատի ունեմ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները՝ Արևմուտքը, հիմա պատրաստ չեն իրենց դիվանագիտական լծակները նվիրել այս գործընթացին, որ դրական տեղաշարժ լինի։ Կա միտում ուղղակի ասելու՝ «դե լավ, ռուս խաղաղապահներն այնտեղ են, դա Ռուսաստանի խնդիրն է, մեզ համար շատ բան չկա անելու»։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա կայուն դիրքորոշում է։ Լավ կլինի, որ և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի, և՛ նաև Ռուսաստանի կողմից լինի ցանկություն՝ երկարաձգելու բանակցությունները և գործընթացում ներգավելու բոլոր հետաքրքրվող կողմերին։
–Ձեր տպավարությամբ՝ այդ երկրները հետաքրքրված չե՞ն հիմնախնդրով։
-Կարծում եմ՝ հետաքրքրված են։ Այլ բան է՝ արդյո՞ք այդ հետաքրքրվածությունը գործողության կարող է վերածվել։ Մի բան է ասելը, որ ցանկանում ես Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել, այլ բան է ասելը՝ ցանկանում ես կայունություն։ Նաև այլ բան է ասելը, որ ցանկանում ես, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրների տնտեսությունը հավասարապես զարգանա։ Այստեղ պետք է արդեն ներդնել տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական լծակները։
Օրինակ բերեմ․ երբ նոյեմբերի հռչակագրով հայտարարվեց, որ պետք է նախատեսվի հաղորդակցությունների ապաշրջափակում, միջանցքների ստեղծում, նկատի չէր առնված միայն Ադրբեջանը Նախիջևանին միացնող միջանցքը, խոսքը վերաբերում էր նաև Նախիջևանի վրայով Հայաստանի և Իրանի միջև միջանցքին։ Հարցն այն է, որ Ադրբեջանն ունի բավարար գումար իր համար միջանցք կառուցելու և շատ է ցանկանում դա։ Իսկ Հայաստանը կարող է Նախիջևանի վրայով միջանցք ունենալ, եթե ինչ-որ մեկը դա ֆինանսավորի։ Այստեղ շատ մեծ անհավասարություն է։ Եթե ինչ-որ մեկը, օրինակ՝ Ֆրանսիան կամ Իրանը, ցանկանան օգնել Հայաստանին Նախիջևանի միջով միջանցք կառուցելուն, ես շատ լավատես կլինեմ։
Բայց սա միակ խնդիրը չէ։ Դեռ պետք է որոշվեն սահմանները, որոնք երբեք չեն որոշվել ճշգրտորեն։ Սովետական դեմարկացիաներն ու դելիմիտացիաները շատ արհեստական են եղել, քարտեզներն իրար են հակասում։ Ի՞նչ պետք է դուք անեք։ Դուք չեք ցանկանում նորից պատերազմել սահմանների շուրջ։ Այստեղ հարց է նաև, թե կլինի՞ հատուկ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։ Ադրբեջանի նախագահն ասում է՝ «ո՛չ, չկա Լեռնային Ղարաբաղ, կա միայն Ղարաբաղ և դա մեր տարածքն է»։ Եթե այդպես է, ապա Ադրբեջանը բավականին կոշտ ճանապարհ է ընտրել՝ Հայաստանին պարտադրում է կորցնել ամեն ինչ։ Այստեղ պետք է մեկը, ով կասի Բաքվին, որ եթե ցանկանում է հիմնախնդրի կարգավորում, ցանկանում է միջանցք, Նախիջևան, ապա ինքն էլ պետք է գնա որոշ զիջումների։ Դա պահանջում է ակտիվ աշխատանք և ռեսուրսների օգտագործում։ Ես չեմ տեսնում, որ դա որևէ տեղից կգա։ Մյուս կողմից՝ կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին ուրախ է, որ հակամարտությունը չի լուծվել, և դա թույլ է տալիս նրան իր ուժերը պահել Ղարաբաղում։
–Մի քանի օր առաջ Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հայտը, եթե Հայաստանը դրա համար դիմի։ Ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարության վերաբերյալ։
-Ես, իհարկե, երջանիկ կլինեմ, որ Հարավային Կովկասում լինեն խաղաղապահ ուժեր այն երկրներից, որոնք հակամարտության մասնակիցներ չեն, ինչպես, օրինակ, Ֆրանսիան է։ Ռուսաստանը չպետք է այնտեղ լինի, որովհետև այն հակամարտության կողմ է։
Մեկ այլ հարց է, թե ինչ կլինի, եթե ռուս խաղաղապահ ուժերը լինեն Ղարաբաղում, իսկ Ֆրանսիայի խաղաղապահ առաքելությունը լինի Հայաստանում։ Հատկապես պետք է հաշվի առնել, որ ռուսական ռազմաբազա կա Հայաստանում՝ Գյումրիում, և կան խոսակցություններ, որ հնարավոր է՝ երկրորդ ռազմաբազան լինի հարավում՝ Սյունիքում։ Ես չեմ ցանկանում տեսնել, որ տարածաշրջանում ինչ-որ այլ երկրի ազդեցություն գերակշռում է, ես դա չեմ ուզում Ռուսաստանի դեպքում, չեմ ցանկանում տեսնել Իրանի, Թուրքիայի, Արևմուտքի դեպքում ևս։ Ես հասկանում եմ, որ այս երկրներն ունեն իրենց սեփական նպատակները՝ կապված տարածաշրջանի հետ, և ժամանակ առ ժամանակ իրենց օգնությունն են առաջարկում կողմերից յուրաքանչյուրին։ Ես պատկերացնում եմ՝ ինչ բարդ իրավիճակ է ստեղծվելու, երբ Ֆրանսիան իր ռազմական ներկայությունն ունենա Հայաստանում․ կստացվի, որ երկու հակադիր ուժեր են այստեղ։ Ես ենթադրում եմ, որ այդ դեպքում Երևանը նույնպես կոշտ դիրքերից հանդես կգա, թե ինքը չի պատաստվում որևէ զիջման գնալ, կասի՝ «Ֆրանսիան մեր կողքին է, մենք զիջումների չենք գնում», և խնդիրն այստեղ այն կլինի, որ երկու կողմերի կոշտ դիրքորոշումը թույլ չի տա, որ առաջընթաց լինի։
–Ի՞նչ անել այս դեպքում։ Դուք 1990-ականներին ունեիք իրավիճակի լուծման համար առաջարկներ։ Այսօրվա համար ի՞նչ առաջարկ ունեք։
-Ես կարծում եմ, որ այսօր պետք է հեռանալ ցանկացած կարգավորումից։ Մենք պատրաստ չենք դրան։ Բայց կան բաներ, որ պետք է արվեն։ Թույլ տվեք՝ երեք բան նշեմ, որոնցում Երևանն ու Բաքուն կարող են առաջընթաց ունենալ, եթե դրսից աջակցություն լինի։
Առաջին՝ ես չեմ կարծում, որ անհնար է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ Թուրքիան չկարողանան խոսել Նախիջևանի վրայով Հայաստանն Իրանին կապող ճանապարհի համար ֆինանսավորում գտնելու մասին։ Ես չեմ հասկանում, թե ինչու դա հնարավոր չի անել, չեմ հասկանում, թե ինչու հնարավոր չէ ունենալ համաձայնագիր, որով կամրագրվի, որ Ադրբեջանի՝ Զանգեզուրով անցնող միջանցքի շինարարությունն անպայմանորեն ընթանա Հայաստանի՝ Նախիջևանող անցնող միջանցքի շինարարության հետ։ Պետք է լինի հատուկ համաձայնագիր, որը կնախանշի, որ այս երկու միջանցքները պետք է կառուցվեն միևնույն ժամանակում։
Երկրորդ՝ ես չեմ տեսնում պատճառ, որ չլինի հայ-ադրբեջանական սահմանը բաժանող համաձայնագիր։ Հասկանում եմ, որ Լաչինի հատվածի և Ղարաբաղի մասով համաձայնությունը շուտ ձեռք չի բերվի, բայց եթե որոշվեն Գեղարքունիքի՝ Սևանի հատվածում կամ հարավում՝ Սյունիքի տարածքում սահմանները, հավատում եմ, որ առաջընթաց կլինի։
Երրորդ՝ հարցը վերաբերում է, այսպես ասած, վստահության մեխանիզմների ստեղծմանը։ Կարծում եմ՝ կարող է լինել երկխոսության մեկնարկ, ինչը մենք ասում ենք տարիներ շարունակ։ Կարծում եմ, երբ եռակողմ համաձայնագրով ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվի, ժամկետը երկարաձգելու կարիք չի լինի։ Դա չեն ցանկանա ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան։ Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու։ Փորձելո՞ւ եք ՄԱԿ-ին դիմել, թե՞ ԵՄ-ի առաքելությունն է այնտեղ լինելու։ Կարծում եմ՝ նման քննարկումներն արժեքավոր են երկու կողմերի համար, նաև Բաքվից և Երևանից մարդիկ, որոնք ունեն տարբերվող կարծիքներ, կարող են սկսել խոսել միմյանց հետ դրական ձևով։ Ես խոսում եմ փոքր քայլերի մասին, որոնք կներգրավեն միջազգային հանրությանը և կստեղծեն վստահության կառուցման միջոցներ Երևանի և Բաքվի միջև, և կփոխեն՝ «սա կամ ոչինչ» մոտեցումը, որը Բաքվի դեպքում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է» պնդումն է, իսկ Երևանի դեպքում՝ «Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, ռուս խաղաղապահներն այնտեղ են՝ պաշտպանելու նրանց»։ Այսպես է եղել 25 տարի շարունակ։ Սակայն հիմա հայերի համար իրավիճակն ավելի վատացել է, քանի որ այլևս չկա բուֆերային գոտին․ մյուս անգամ, եթե Ադրբեջանը ուժ կիրառի, ամբողջոթյամբ կվերցնի Ղարաբաղը։ Երբ Ադրբեջանի զինված ուժերը վերցրեցին Շուշին, նրանք հեշտությամբ կարող էին նաև շատ արագ մտնել Ստեփանակերտ։ Նրանք դա կարող են անել այսօր էլ, եթե ցանկանան։ Հարցն այն է, թե ինչպես դրանից այն կողմ անցնել։ Ես հավատում եմ, որ վստահության միջոցների կառուցումը այն ճանապարհով, որ ես նկարագրեցի, կարող է կանխել ռազմական գործողությունները, ինչով, կարծում եմ, ներկայումս ոչ մի կողմ հետաքրքրված չէ։ Սա է իմ ծրագիրը։
–Եկեք մի փոքր էլ խոսենք պատմության մեջ «Գոբլի պլան» անվանումով մնացած 1990-ականների Ձեր առաջարկի մասին, որի վերաբերյալ շատ են եղել քննարկումներ, քննադատություններ։ Դուք ասել եք, որ դրա նպատակն էր այնպես անել, որ պատերազմը չշարունակվի․ եթե Հայաստանը ցանկանում էր Ղարաբաղը, ապա պետք է Ադրբեջանին տար այն, ինչ նա ցանկանում էր, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Վերջին պատերազմից հետո Մեղրիի միջանցքի մասին խոսակցությունները թարմացան։
-Եկեք հիշենք, թե ինչ էր իրենից ներկայացնում «Գոբլի պլանը»։ Նախ՝ ես համոզված էի, որ երկրների սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ տարիների ընթացքում, փոփոխվել են հարյուրավոր անգամներ, դրանք հավերժական, Աստծո կողմից տրված չէին։
Երկրորդ՝ այն հիմնված էր դրույթի վրա, որ այդ իրականությունը ճանաչելը և ինչ-որ բան դրա հետ կապված անելը երբեք ավելի հեշտ չէր լինի, քան անմիջապես անկախությունը ճանաչելուց հետո։
Երրորդ՝ ես հավատում էի և 1991-ին, 1992-ին գրել եմ այդ մասին, որ Ղարաբաղի՝ Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի մաս դառնալու հիմնավոր պատճառն այն է, որ այնտեղ հայեր են ապրում։ Ես հասկանում էի, թե ինչ էի գրում։ Գիտակցում էի, որ միակ ճանապարհը, որ Ադրբեջանին կհամոզի Ղարաբաղը Հայաստանին տալ, նրա ցանկացածը տալն էր։ Այդ պահին նա ամենաշատը իր և Նախիջևանի միջև միջանցքն էր ցանկանում։ Իմ մտքում մի բան էլ կա, որը վերաբերում է այս հարցին․ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի քաղաքականությունը տարվել է Ղարաբաղից եկած մարդկանց կողմից, իսկ Ադրբեջանինը՝ Նախիջևանից եկած մարդկանց կողմից։ Մեր ունեցած օրինակները հաշվի առնելով՝ գալիս ենք եզրակացության, որ մարդիկ, որոնք դրսից են գալիս երկիր ղեկավարելու, ավելի ազգայնական են, քան ներսում եղածները։
Ես նաև միշտ ասել եմ, որ դրսից, բացի ինձնից, ուրիշ ոչ ոք չի վերլուծել իրավիճակը և դրա հիման վրա արել առաջարկ, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Միայն ես եմ ասել, թե ինչպես դա կարող է լինել։ Պետք է ինչ-որ բան առաջարկվեր հակառակ կողմին, որ նա հրաժարվեր Ղարաբաղից։ Հիմա արդեն մենք մոտ ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը կարող է պարզապես գրավել Ղարաբաղը։
–Այսինքն՝ հիմա այդ ծրագիրը չի՞ աշխատի։
– Այո՛, ամեն դեպքում, ես հավատում եմ, որ եթե ինչ-որ մեկը Երևանում ասի, որ շատ կարևոր է, որ Ստեփանակերտը մնա որպես Հայաստանի մաս, դրա դիմաց պատրաստ է զիջումների գնալ և տրամադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող իրական միջանցք, քննարկումների որակը կփոխվի։ Հասկանում եմ, որ դա հեշտ չի լինի, շատ արյուն է հոսել, շատ ժամանակ է անցել, բազմաթիվ մարդիկ են պաշտոններ փոխել, բայց դա հիմարություն չէ, այն 1995 թվականի կարգավորման թարմացված տարբերակը չէ, ինչպես որոշ մարդիկ էին ասում։ Ես ասում եմ, որ երբեմն ինձ զվարճացնում է, բայց հիմնականում տխրեցնում, որ այն մարդիկ, որոնք ինձ դատապարտում են իմ առաջարկածի համար, չեն կարողանում հասկանալ, որ ես այսքան տարիների ընթացքում գրեթե մենակ էի այս հարցում և հավատարիմ էի մնում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Ես միշտ հավատացել եմ, որ ավելի լավ և հեշտ է տեղափոխել սահմանները, քան փորձել մարդկանց տեղափոխել: Ես միշտ հավատացել եմ, որ մարդկանց պետք է թույլ տրվի ապրել այն երկրում, որտեղ նրանք ցանկանում են ապրել, ոչ թե մի երկրում, որտեղ նրանք կընկալվեն որպես օկուպանտ, ես միշտ հավատացել եմ, որ խորհրդային սահմանները գծագրված էին խնդիրներ ստեղծելու համար: Նկատի ունեմ, որ դրանք Հարավային Կովկասի սահմաններն էին, որոնք գծագրվել են Ստալինի և նրա հպատակների կողմից, որ մշտական լարվածություն ապահովեն, որպեսզի Մոսկվան կարողանա արբիտր լինել և այնպես անել, որ մեկը մյուսի դեմ խաղա:
Ցավոք, Մոսկվայում մի կառավարություն է, որը շատ ու շատ առումներով վերադարձնում է Ստալինի կարգերը: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների տեղակայումն ուղղակի շարունակությունն է այն քաղաքականության, որը տարվել է 1921 և 1922 թվականներին՝ հատուկ սահմաններ գծելու համար: Դա նշանակում է, որ լարվածություն լինելու է։ Կարծում եմ, որ այն, ինչ ռուսներն արեցին նոյեմբերին և հունվարին, Հարավային Կովկասում խաղաղություն բերելուն ուղղված քայլ չէր, դրանից ո՛չ հայերի, ո՛չ էլ ադրբեջացիների կյանքը ավելի լավը չի լինի։ Մոսկվան անկայունություն է ստեղծում, որ հետո իրավիճակից օգտվի։
Ես նաև կարևորում եմ ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ մի երկրից եմ, որը ստեղծվեց ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։ Ինքս ինձ հետ անկեղծ չեմ լինի, եթե չընդունեմ այն դիրքորոշումը, որ այդտեղ հայեր են ապրում և պետք է հարգվեն նրանց իրավունքները, իսկ արդյո՞ք դա նշանակելու է, որ պետք է սահմանները նորից գծվեն, չեմ կարող ասել։ Դա արդեն միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը պետք է որոշի։ Իսկ ՄԱԿ-ը սիրում է խոսել ինքնորոշման իրավունքի մասին, երբ սահմանները փոխելու վտանգ չկա։ Շատ լավ։ Դրանից հետո պետք է պնդել, որ միջագային հանրությունը որոշակիացնի, թե ինչ կարգավիճակով է ցանկանում, որ Ղարաբաղի հայերը ինքնորոշվեն այն դեպքում, երբ ադրբեջանցիները պնդում են, որ չկա Լեռնային Ղաաբաղ, կա Ղարաբաղ։ Հայերը, որպես համայնք, ունեն իրենց իրավունքները։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է պաշտպանվեն հայերի իրավունքները, ո՞վ պետք է պաշտպանի, արդյո՞ք հնարավոր է այդ պայմաններում դա։ Մեկը կարող է ասել, որ դա հնարավոր է՝ առանց սահմանները փոխելու, ուրիշ մեկը կասի, թե դա հնարավոր է՝ առանց դրսի ռազմական ներկայության։ Հեշտ չէ այս խնդիրը լուծելը, բայց դա անելիս պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքերը, ոչ թե խնդրին մի կողմից նայել։
–Հիմա շատ քննարկվում է նոյեմբերին ընդունված փաստաթղթում առկա կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Եթե դա իրականություն դառնա, ի՞նչ փոփոխություններ կլինեն տարածաշրջանում։
-Իհարկե՝ դա հրաշալի բան է։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ, ինչպես ավելի վաղ ասացի, պետք է հասկանալի լինի, թե ով պատրաստ կլինի վճարել դրա համար։
–Եղած քննարկումները հաշվի առնելով՝ այդ մասին ի՞նչ կարող ենք ասել։
-Ինչպես ասացի ավելի վաղ՝ Ադրբեջանը կարող է սկսել Նախիջևանին կապող միջանցքի շինարարությունը։ Հայաստանն է, որ այդ հնարավորությունը չունի։ Պետք է գտնել դրսից ֆինանսավորում։ Պետք է լինի առանձին հատուկ համաձայնագիր, որը կորոշի այդ միջանցքների կառուցման ժամանակացույցը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ ավարտեն դրանց կառուցումը։ Նոր համայձանագրով պետք է որոշվեն միջանցքներին վերաբերող բոլոր մանրամասները։ Այս ամենի արդյունքում կլինեն Հայաստանը Նախիջևանի վրայով Իրանին կապող միջանցքի շինարարությունը ֆինանսավորողներ ևս։ Կարծում եմ, որ շատ բան կախված է Արևմուտքից։ Ինչ-որ մեկը պետք է վճարի դրա համար։
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն, որ նրանք ավելի լավ վիճակում կլինեն, եթե լինի իրական համաձայնագիր, այլապես ռազմական հակամարտությունը չի լուծվի։ Իսկ եթե նրանցից յուրաքանչյուրը դիմացինին նայի ոչ որպես թշնամու, այլ որպես գործընկերոջ, որպես տարանցիկ ճանապարհ, իրական համաձայնության գալը հեշտ կլինի։ Իհարկե՝ դա հեշտ գործընթաց չէ, պատմական խնդիրներ կան՝ 1915-ը, 1921-ը, 1994 թվականի իրադարձությունները։ Բայց դա անհնար չէ։ Եթե Ադրբեջանը կարողանա ապրանք տեղափոխել Հայաստանով, իսկ Հայաստանը կարողանա ապրանք արտահանել Թուրքիայի միջով, որոնք այս կարգավորման տարրերից են, երկու երկրներն էլ ավելի լավ իրավիճակում կհայտնվեն։
Իրավիճակը Հարավային Կովկասում պահանջում է նրբանկատություն, որ բոլոր երկրները զգան, որ ինչ-որ բան են շահում, այլ ոչ թե ենթադրեն, որ նրանք ներգրավված են զրոյական գումար ունեցող խաղի մեջ, որտեղ մի կողմի շահույթն անպայմանորեն նշանակում է մյուսի կորուստ: Դա պահանջում է որոշ կրեատիվ մտածողություն և կրեատիվ դիվանագիտություն: Բայց դա անհնարին չէ, և ես դեռ հույս ունեմ ապրել այնքան երկար, որ տեսնեմ, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ խաղաղ ապրում։
Հռիփսիմե Հովհաննիսյան