Զգուշացի՛ր սմարթֆոնից․ հուլիսի 1-ից երթևեկության կանոնների խախտումները կարձանագրեն նաև քաղաքացիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
30.06.2021 | 18:32Հուլիսի 1-ից հնարավոր կլինի հեռախոսի միջոցով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները։ Ցանկացած անձ, որն ունի սմարթֆոն, կարող է հավելվածի միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել խախտումները:
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։ Եթե խաչմերուկներում տեղադրված են տեսախցիկներ, ապա հարակից տարածքում համակարգը թույլ չի տա արձանագրել խախտումը, իսկ տեսանկարահանելիս հավելվածն ավտոմատ է արձանագրում ժամանակն ու տեղանքը։
Եթե արձանագրել եք խախտում և տեսանյութը ներմուծել հավելված, սակայն կադրերում չի երևում կամ ընթեռնելի չէ ավտոմեքենայի համարանիշը, ապա վարչական տույժ նշանակելու մասին որոշում չի կայացվի։ Եթե մեկ ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ներկայացված տվյալներով երկու անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվի, ապա դուք երկու ամսով հնարավորություն չեք ունենա օգտվել հավելվածից։ Իսկ, եթե մեկ ամսվա ընթացքում հինգ և ավելի անգամ է ձեր ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում կամ հնարավոր չի լինում նույնականացնել խախտումը կատարած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը, ապա այս դեպքում ևս երկու ամսով չեք կարողանա օգտվել համակարգից։
Հավելվածը մշակած ընկերության ներկայացուցիչ Արամ Մխիթարյանը նշում է՝ մեկ տեսագրությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը չպետք է գերազանցի 61 վայրկյանը։ Նկարահանումն ավարտելուց հետո օգտատերը հավելվածի ցանկից պետք է ընտրի խախտման տեսակը։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը հիշում է, որ նախքան կառավարության այս որոշման ուժի մեջ մտնելը, նման նախաձեռնություն նախկինում էլ կար, սակայն մեխանիզմն այնքան էլ արդյունավետ չի եղել։ Քեյանի կարծիքով՝ այս դեպքում ևս խախտումների արձանագրման ծավալի հարցում մեծ փոփոխություն չի լինի։
Տեսանկարահանումից բացի քաղաքացիները հնարավորություն կունենան նկատած խախտումը նաև լուսանկարելու, սակայն ոչ ավելի, քան 5 լուսանկար։ Սա հատկապես վերաբերում է կայանման և կանգառի հետ կապված խախտումներին։
Հավելվածի օգտատերերին հասանելի կլինի իրենց արձանագրած խախտումների պատմությունը և դրանց հետագա ընթացքը։ Կա նաև հետադարձ կապի հնարավորություն։
Մեզ հանդիպած քաղաքացիներից փորձել ենք պարզել՝ արդյոք պատրաստ են խախտումները նկատելուն պես արձանագրել դրանք և ուղարկել ճանապարհային ոստիկանություն։
Հիշեցնենք, որ այս որոշումն ընդունվել էր Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի նիստում: Իսկ թե որքանով արդյունավետ կլինի այն՝ պարզ կդառնա ուժի մեջ մտնելուց հետո՝ հուլիսի արդեն առաջին տասնօրյակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան