ԿԳՄՍ ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցությունը թևակոխում է գործնական փուլ
Հասարակություն
07.06.2021 | 17:13ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեսպանի հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն նախանշված մի շարք գործնական հարցեր: Վահրամ Դումանյանը մասնավորապես բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ լինելով կրթագիտական և հետազոտական հարթակ՝ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ուսումնական հաստատության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հայկական կողմի պատրաստակամությունը:
«Համալսարանի կողմից կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման պատրաստակամության դեպքում մենք համատեղ ուժերով կնպաստենք Հայաստանում գիտության զարգացմանը և կապահովենք կրթության ու գիտության երկխոսությունը: Այդ պատճառով պետք է անել հնարավորը՝ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն շղթան ամբողջացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում Ալիան Ֆրանսեզի հետ առաջիկայում կազմակերպելու է ֆրանկոֆոն ամառային դպրոց, որի նպատակն է Հայաստանի դպրոցականների շրջանում առավել խորացնել հետաքրքրությունը ֆրանսերենի ուսուցման նկատմամբ և նպաստել ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ամառային դպրոցը լավագույնս կազմակերպելու նպատակով նախարարությունն ակնկալում է սերտ համագործակցություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հետ:
Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի զարգացման շնորհիվ նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների թիվը կկրկնապատկվի: Նա ողջունել է բուհում գիտահետազոտական բաղադրիչի ընդլայնման՝ հայկական կողմի առաջարկությունը: Ըստ դեսպանի՝ հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն օրինակ են նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությունը և հանրակրթական որոշ դպրոցներում ֆրանսերենի խորացված ծրագրի ներդրումը: Ժոնաթան Լաքոտի հավաստիացմամբ՝ այդ բոլոր դպրոցները կստանան աջակցություն՝ կրթական ծրագրերի և դասագրքերի տեսքով. արդեն տրամադրվել է 5300 կտոր դասագիրք: Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի ծրագրին միացել է նաև մի քանի ավագ դպրոց, ինչը թույլ կտա 2-12-րդ դասարաններում ապահովել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի իրականացման շարունակականությունը:
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնման հնարավորությանը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև մասնագետների վերապատրաստում: Կողմերը կարևորել են վերոնշյալ գործընթացը, որով կհաստատագրվի հայկական պատմամշակութային հուշարձանները՝ որպես համամարդկային ժառանգության մաս լինելու փաստը: