ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորամասեր
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում:
Այցի նպատակն էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների և զինծառայողների իրազեկվածության բարձրացումը:
Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին և որակին, լսել պարտադիր ժամկետային զինծառայողների դիտողություններն ու առաջարկները: ՄԻԲԿ պետը զրուցել է նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Հանդիպումների ընթացքում նշվել է, որ ծառայության ընթացքում իրավունքների խախտման կամ այլ տեղեկատվություն ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին:
Գնդապետ Մարտիրոսյանը հանդիպել է նաև զորամասերի հրամկազմի հետ, արձանագրել նրանց ներկայացրած խնդիրներն ու առաջարկությունները: