ՌԴ-ն կոշտ կխոսի Ադրբեջանի հետ, եթե կարմիր գծերը խախտի, բայց ո՛չ ռազմագերիների հարցում․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.01.2021 | 21:32Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ
-Ռուսաստանն այսօր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ գերիների փոխանակման գործընթացում։ Անհասկանալի պահ կա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Հայաստանը ոչ միանգամից և ոչ ամբողջական է ներկայացրել ցուցակներ, Ավինյանի գրասենյակից հակադարձում են՝ ցուցակները փուլային են ներկայացվել, իսկ դեկտեմբերին՝ ամբողջականը։ Ինչո՞ւ է գերիների փոխանակման պրոցեսը կանգ առել, Հայաստանի իշխանությա՞ն մեղքով։
-Ես ենթադրում եմ՝ պրոցեսը կանգ առած չէ, և քանի դեռ Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ, կարող ենք ասել, որ կանգ չի առել։ Օգտագործում են բոլոր հնարավորությունները, թե՝ ոչ, ես դարձյալ չեմ կարող ասել, որովհետև այս գործընթացը, բնական է, ենթադրում է ոչ միայն հրապարակային աշխատանք, այլ նաև շատ ընդգրկուն մեխանիզմներ կան, որոնք կարող են ստվերային, ոչ պաշտոնական բնույթ ունենալ։ Կարծում եմ՝ կառավարությունն անում է այնքան, որքան կարողանում է, այլ հարց է՝ կարո՞ղ է ավելի արդյունավետ աշխատանք լինել։ Համենայնդեպս, դրա համար պետք է արվի ամեն ինչ և պետք է ներգրավվեն ամենատարբեր ռեսուրսներ՝ անկախ քաղաքական հայացքներից։
Լավրովի արտահայտությունը, ես կարծում եմ, միտված է արդարացնելու Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանն այստեղ փորձում է խուսանավել պատասխանատվությունից, պարզ է՝ նոյեմբերի 9-ի համատեղ համաձայնության պատասխանատուն, հովանին որոշակիորեն Ռուսաստանն է, և եթե հայտարարության մի կետը չի կատարվում, ապա բնական է՝ ՌԴ-ն պատասխանատու է այդ կետի իրականացման համար։ Եթե Մոսկվան փորձում է ներկայացնել, որ ինքը կարևոր ռեգիոնալ դերակատար է, կարողացավ պատերազմը դադարեցնել, ապա դա նշանակում է՝ նա է պատասխանատու այդ հայտարարության բոլոր կետերի իրականացման համար։ Լավրովի այս և Պուտինի այլ հայտարարություններով ՌԴ-ն փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, ցույց տալ, որ ինքն ամեն ինչ անում է, բայց կան իրենից չկախված բաներ։
-Իսկ ինչո՞ւ գերիների վերադարձի հարցը լուծում չի ստանում։
-Անկասկած է, որ այսպիսի հարցերը շատ դժվար են լուծվում, հատկապես, երբ մենք այսպիսի դաժան պատերազմի հետևանքի հետ գործ ունենք։ Բայց նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցը դիտարկում են որպես քաղաքական ազդեցության լծակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Ակնհայտ է, որ մեր ռազմագերիների հարցը փորձ են անում դարձնել խաղաքարտ, և դրանից չեն հրաժարվի այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանան, կտեսնեն, որ կարող են օգտագործել որպես ճնշման միջոց։ Ի վերջո, Ռուսաստանն իր հերթին այս ուղղությամբ, իհարկե, կուզեր օգնել Հայաստանին, բայց նաև կարծում եմ, որ այս հարցը չի դիտարկի այն աստիճան, որ գնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոշտ խոսակցության, որը կբերի Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի միջև լարվածության։
-Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանին ռուսները համարում են ռազմավարական գործընկեր։ Այս տարբերությունը հուշում է, որ գերիների վերաբերյալ առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի դաշնակցի՝ Հայաստանի նկատմամբ։ Եթե Վլադիմիր Պուտինն իր անձնական հեղինակությունն օգտագործեր և, օրինակ, Ալիևի առաջ ռազմագերիների վերադարձի հարցը դներ՝ որպես առաջ շարժվելու կարևոր պայման, անհնար է Ադրբեջանի նախագահը չընդառաջեր։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։
-Ես չեմ կարծում՝ Պուտինն անվերապահ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, հակառակը՝ ես կարծում եմ, որ Պուտինը և, ընդհանրապես, ռուսական քաղաքականությունն այսօր Ադրբեջանին սիրաշահելու, ջանք գործադրելու քաղաքականություն է։ Իհարկե, կան որոշակի կարմիր գծեր, որոնք եթե Ադրբեջանը խախտի կամ ռիսկի տակ դնի, ապա Ռուսաստանը, բնականաբար, կգործի կոշտ, և մենք նոյեմբերի 9-ին տեսանք այդպիսի մի իրավիճակ։ Բայց մեծ հաշվով, կարծում եմ ակնհայտ է, որ ռուսական քաղաքականությունը միտված է սիրաշահել Ադրբեջանին։ Պատճառը շատ պարզ է, որ Ադրբեջանն ունի Թուրքիայի պես հովանի, և Ադրբեջանի համար Թուրքիան նույնքան պատրաստ է պայքարել, մրցակցել, որքան Ռուսաստանը։ Հետևաբար, գնալ Ադրբեջանի հետ կոշտ խոսակցության, ՌԴ-ի համար նշանակում է՝ գնալ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի, լարվածության, ինչից Մոսկվան խուսափում է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան