Ադրբեջանը պահանջում է 5 շրջանների հանձնում, ապա նշում՝ երբ պետք է հանձնվեն մյուս 2 շրջանները՝ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց․ մենք հրաժարվել ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով։
Դրանում, մասնավորապես, ասել է.
«…Հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետևյալն է՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂ որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։
Մեր Կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ, ավելի ճիշտ, բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի է։ Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորում հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում։
Ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պետք է ընդհանրապես հայաթափվեր։ Միաժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը։
Վերջին 2․5 տարվա ընթացքում մենք բարեփոխումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։ 2020-ին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեց շատերի համար անսպասելի՝ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և, առաջին հերթին, Թուրքիայի համար։
Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ և տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։ Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Տեղի ունեցավ աննախադեպ մի բան. Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների, վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղի հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի զինված ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։
Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի։ Հետևաբար, տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։
Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք՝ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ ըստ էության, համարելով, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը։ Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության՝ եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ։
Հիմա հարցը հետևյալն է՝ արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում։ Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով, մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն է, թե որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։ Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն։ Ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման ու մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը մեծ թվով զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, Էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ ունենք այս պահին։
Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների և գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հարցը շուտափույթ ձևով կարգավորելու տրամաբանությամբ։ Ադրբեջանը, սակայն, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձևավորմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած քաղաքական գծին, և ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։
Այս պահի դրությամբ՝ կարող ենք արձանագրել մի բան, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորականների, աշխարհազորայինների, մեր պետական պետական կառավարման համակարգի, Արցախի ու Հայաստանի ղեկավարների, կառավարությունների, ԱԺ-ների, ՏԻՄ մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։
Այս պահին մեր զոհերի թիվը չափազանց մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի արելու իրավունքը, մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան։ Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, հարազատների, ծնողների և հատկապես մայրերի առաջ, նրանց կորուստ համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»:
Մանրամասները՝ տեսանյութում։