ՄԻԵԴ-ի որոշումը կասկածելի է․ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ԵԽ-ում մեկ օր առաջ հանդիպել է ՄԻԵԴ-ի նախագահի հետ․ Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.07.2020 | 19:00Factor.am-ի հարցազրույցը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հետ
-ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքը։ Գիտենք, որ ըստ դրանց, Հրայր Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, մյուս երեքը՝ դատավորի պաշտոններից։ Սա նշանակո՞ւմ է, որ անդառնալիորեն չեն խախտվում նրանց իրավունքները։
-Այս որոշումը որևէ առնչություն չունի իրավունքների խախտման արձանագրման կամ հակառակը՝ իրավունքների խախտման բացակայության արձանագրման հետ։ Միջանկյալ միջոցը կարևոր ինստիտուտ է, որ կիրառվում է ՄԻԵԴ-ում։ Եթե քաղաքացիական ատյանի դատարանում անձը միջնորդում է, որ ասենք՝ իմ օգտին որոշում կայացնեք, այս կոնկրետ միջոցը կիրառեք, որպեսզի հնարավոր լինի վճիռ կատարել, դատարանը, եթե գտնում է, որ վճիռը կատարելու հետ որևէ խնդիր չի լինի, կարող է և հայցի ապահովման միջոցը չկիրառել։ Այսինքն՝ մեծ հաշվով միջանկյալ միջոցի կիրառման հարցը ուռճացված է իշխանական ներկայացուցիչների կողմից։
-Չի՞ հաստատվում իշխանությունների պնդումը, որ գործ ենք ունեցել օրինական պրոցեսի հետ։
-Բացարձակ չի հաստատում՝ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները նորից չվկայակոչենք։ Սա մի բան է նշանակում՝ Եվրոպան ուներ շանս իր դերն ունենալ, մասնաբաժինն ունենալ, շահառուն լինել Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործընթացին։ Ընդամենը այս պահին Եվրոպան այդ շանսը կորցրեց։
Եվրադատարանը նշել է, որ մերժում է խնդրանքը՝ կիրառել միջանկալ միջոց, այն հիմքով, որ այն դուրս է հայտնի 35-րդ կանոնի շրջանակից։ Եվ շատ կասկածելի է, որովհետև, եթե 35-րդ կանոնի շրջանակներից դուրս էր, բա ինչի՞ էր հարցեր ուղղվում կառավարությանը։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։
-Այսինքն՝ կասկածելի՞ եք համարում ՄԻԵԴ-ի այս որոշումը։
-Միանշանակ, ոչ միայն կասկածելի է, և ևս մեկ փաստարկ կբերեմ, չնայած նրա նշանակությունը մեծ չէ, իշխանությունները նրան մեծ նշանակություն տվեցին։ Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր։
-Այսինքն՝ դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունները միջամտե՞լ են։
-Ես ունեմ վստահություն։ Ես փաստարկներ եմ բերում, մտածող մարդիկ քիչ չեն, թող մտածեն։ Այսօր ԲԴԽ-ն կայացրեց որոշում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ կապված։ Պատկերացրեք՝ լուր լիներ, որ Ալեքսանդր Ազարյանի փաստաբանը հանդիպել է ԲԴԽ նախագահի հետ։ Դա կասկածելի չէ՞ր լինի։ Նույնն էլ այստեղ է։ Այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հրապարակման ձևը ուլտիմատիվ էլեմենտեր է պարունակում։ Ես կարծում եմ, որ եղել է քաղաքական ազդեցություն։
-ՄԻԵԴ-ը բարձր հեղինակություն ունեցող ատյան է, պարոն Մելիքյան, ինչպե՞ս է հնարավոր որևէ պետության իշխանություն հնարավորություն ունենա միջամտելու, ուղղորդելու կամ պարտադրելու ՄԻԵԴ-ին։
-Ես բերեցի փաստարկներ, հետևությունները թողնում եմ մեր ունկնդիրներին։ Մի բան էլ ասեմ։ Ես նշեցի՝ Եվրոպան ուներ շանս՝ դառնալու Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման մասնակիցը, և իրավաբանների համայքում Եվրոպայի՝ որպես արժեքաբանական ինստիտուտներ պարունակող երևույթի, նշանակությունը ընկնում է, որովհետև մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ Եվրոպան ոչ այնքան հասկանալի որոշումներ է կայացնում։
-Արթուր Վանեցյանը հրապարակայնորեն իր հիացմունքն էր արտահայտել Ձեր աշխատանքի վերաբերյալ, անվանելով մեր օրերի պայծառ գործիչներից մեկը։ Դուք գրել էիք՝ զգացված եմ։ Որպես իրավապաշտպան՝ քաղաքական գործչի այսպիսի գնահատականը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
-Չէի ասի, որ․․․ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, ցանկացած դրական խոսք շնորհակալության է արժանի, բայց անկեղծ լինենք։ Ես կարծում եմ, որ այդ գնահատականները ոչ միշտ են օգտակար լինում գործունեության հետ կապված։ Նորից կրկնեմ, եղել է, կարծում եմ, անկեղծ մոտեցում, և ես շնորհակալ եմ։ Արթուր Վանեցյանի հետ երբևէ չեմ հանդիպել, մենք անմիջական չենք շփվել և չունենք անձնական կապեր։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, թե ինչ առիթով էր ասվել։ Դա ասվել էր մի որոշ ժամանակ առաջ, երբ դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշումից հետո հսկայական ուղղորդված արշավ սկսվեց նրա դեմ, բերվում էր մի նկար, որտեղ ես էի իմ երեխայի հետ և Արսեն Նիկողոսյանը, որ իմ ուսանողական ընկերն է, 7 տարի առաջվա նկար է, տարածողներից էր նաև պաշտոնատար անձ։ Այդ առիթով էր ասվել։ Տպավորություն չլինի, որ սովորական ինչ-որ մի օր Արթուր Վանեցյանը այդպիսի խոսք ասեց։ Ի դեպ, այդ օրը ես շատ դրական խոսքեր լսեցի, շնորհակալ եմ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան