Նախագահի նստավայրում կայացել են հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: 

Բանակցությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար՝ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք քիչ առաջ բանակցություններ անցկացրեցինք Մոլդովայի նախագահ Իգոր Նիկոլայի Դոդոնի հետ:

Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունն ու երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը: 

Հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել ենք, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը: Անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ:

Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին: 

Հուսով ենք, որ Միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ տնտեսական օրակարգի հարցերի ողջ համալիրը, կաջակցի դրա դիվերսիֆիկացմանը, նոր հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Ընդ որում, մենք պայմանավորվել ենք ոչ ավելի ուշ, քան հաջորդ տարի՝ գարնանը, անցկացնել Միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Անհրաժեշտ ուշադրություն է հատկացվել նաև համագործակցությանը մշակութային-հումանիտար ոլորտում:

Իհարկե, բանակցությունների ընթացքում ուշադրություն է հատկացվել նաև արտաքին քաղաքական թեմային: Համոզված եմ, որ փոխգործակցություն զարգացնելով մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության կապերի և փոխադարձ հարգանքի հունով, մենք կարող ենք հասնել ավելի արդյունավետ համագործակցության տարբեր բազմակողմ ձևաչափերում: Եվ մենք ողջունում ու աջակցում ենք Մոլդովայի Հանրապետության ձգտումը՝ ավելի սերտ համագործակցելու ինտեգրացիոն միավորումների հետ:
Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: 

Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը:

Եվ մինչ Իգոր Դոդոնին խոսքը փոխանցելը, կցանկանայի հատկապես ընդգծել հետևյալը:

Մենք իրապես շահագրգռված ենք, որ մեր քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանան նոր հնարավորություններ համատեղ գործարար, գիտական և մշակութային ծրագրերի կյանքի կոչման համար: Եվ հուսով ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեր երկրների միջև կապերն ավելի ակտիվ կզարգանան: Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան: Դրա համար առկա են բոլոր պայմանները, իսկ ամենակարևորը՝ բարեկամությունը, վստահությունը, համագործակցությունը և, իհարկե, ստեղծարար գործընկերությունը ամրապնդելու մեր երկրների ժողովուրդների ցանկությունը: 
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին այսօրվա հանդիպման կառուցողական, գործնական և վստահելի մթնոլորտի համար:

Հաճույքով խոսքը փոխանցում եմ Իգոր Դոդոնին: Խնդրեմ, պարո՛ն նախագահ: